Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 29-04-2017
Այսօր Պարի միջազգային օրն է
Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր (International Dance Day)` ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:

Վերջինս պատմության մեջ հայտնի է «ժամանակակից բալետի հայր» անվամբ: 

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որեւէ ականավոր ներկայացուցիչ:

Ստորեւ ներկայացնում ենք տարբեր ազգերի մի շարք պարեր:

Բալետ

Բալետը ֆրանսերեն բառ է, որը ծագել է իտալերեն  «balletto» արմատից, «ballo»-ի (պար) նվազագույն միավորը, որը գալիս է լատիներեն «ballo, ballare»-ից եւ նշանակում է պարել, որն իր հերթին գալիս է հունական լեզվից  (ballizo), «պարել, ցատկել»։ Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը եւ  պարը։ Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը եւ բովանդակային պարը։ Բալետում փոքր չէ նաեւ  մնջախաղի դերը, որի միջոցով դերասանն արտահայտում է հերոսի զգացմունքները:



Լեզգինկա

Աղվանք պետության 26 ցեղերից մեկի՝ ներկայումս հայտնի լեզգիների ազգային պար: Հետագա դարերում այն լայն տարածում է գտել կովկասյան այլ բնիկ եւ եկվոր ցեղերի՝ վրացիների, ավարների, թաթերի, օսերի, աբխազների, չեչենների շրջանում եւ այլն։ Լեզգինկան եղել է ռազմիկների պար: Այն ունի միջազգային հեղինակություն, սիրված է տարբեր երկրներում: Պարը տարածված է հատկապես այն երկրներում, որտեղ բնակվում են կովկասցիներ։ 



Սիրտակի

Սիրտակին հայտնի հունական պար է, որը հատուկ ստեղծվել է 1964 թվականին նկարահանվող «Հույն Զորբան» ֆիլմի համար։ Սիրտակին ժողովրդական պար չէ. այն մսագործների հին՝ հասապիկո պարի կամաց եւ արագ տարբերակների խառնուրդն է։ Սիրտակի պարը, ինչպես նաեւ Միքիս Թեոդորակիսի կողմից դրա համար գրված երաժշտությունը, երբեմն «Զորբայի պար» են անվանում։ Ֆիլմի նկարահանումից հետո սիրտակին աշխարհում դարձավ ամենահայտնի հունական պարը եւ Հունաստանի խորհրդանիշներից մեկը։



Բաչատա 

Բաչատան պարային ոճ է, որն առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում։ Բաչատա պարում են ամբողջ աշխարհով մեկ, սակայն՝ տարբեր ձեւերով, որոնք ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբեր շարժումները: Օրինակ՝ կա դոմինիկյան բաչատա, ավանդական բաչատա (առաջին ֆյուժն ոճ), ժամանակակից բաչատա (ավելի ուշ ստեղծված ֆյուժն ոճ), բաչատանգո կամ բաչատա-տանգո, պարահանդեսային բաչատա եւ այլն: 



Վալս

Վալսը սահուն պտույտներով առաջընթաց զուգապար է, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Վալսի նշանավոր եւ դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը: Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձեւությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն եւ ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը:



Տանգո 

Տանգոն հասարակական, ինչպես նաեւ պարահանդեսային  պար է, որը ծնվել է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի  Բուենոս Այրես  եւ  Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, այնուհետեւ տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաեւ հայտնի է դարձել որպես տանգո երաժշտություն։ Կան տանգոյի բազմաթիվ տեսակներ, որոնք մշտապես նաեւ վեճի առարկա են դառնում: 



Բերդ

Տարբեր ազգերի պարերի մասին անհնար է չնշել հայկականը: Բերդը  հայկական պար է, որի արմատները հին հայկական  Վասպուրականից են։ Պարը հին ազգային  «Գմբեթախաղ»  խաղից է։ Պարի ժամանակ պարողները հագնում են միայն հայկական ազգային հագուստ (տարազ)։ Պարի ամենակարեւոր իմաստն ընթացքում բերդ կառուցելն է, որը «երկու հարկանի» պատ է, որի համար պարողները կանգնում են մեկը մյուսի ուսերին։ Բերդն աշխարհում միակ պարն է, որն ունի այդպիսի հատկություն։