Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-04-2017
Այսօր Մայր Երկրի օրն է
Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը (International Mother Earth Day): Տոնը նշելու ավանդույթը դեռեւս 1970-ական թվականներին ձեւավորվել է ԱՄՆ-ի Վիսկոնսի նահանգի սենատոր Գայլորդ Նելսոնի կողմից:

2009 թվականին Բոլիվիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի 63-րդ նստաշրջանը բանաձեւ ընդունեց ապրիլի 22-ը Երկրի օր հռչակելու վերաբերյալ: Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտոն հայտարարեց, որ բանաձեւում միջազգային այդ օրվա հռչակումն այն բանի ճանաչումն է, որ Երկիրը եւ իր էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք, ինչպես նաեւ այն պարտավորությունների հավաստումն է, որոնք 1992 թվականին ընդունվել են Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ զարգացման խորհրդաժողովում: Բանաձեւի համահեղինակ դարձավ ավելի քան 50 երկիր: 

Հավելենք, որ դեռեւս 1990 թվականին ապրիլի 22-ը դարձել էր միջազգային ակցիայի օր, որին մասնակից էր դարձել 141 երկիր: Պաշտոնապես Երկրի օրը սկսել են նշել 2010 թվականից: Հատկանշական է, սակայն, մեկ փաստ. երկրագնդի Հյուսիսային կիսագնդում տոնը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը։

Օրվան համահունչ՝ կիրառվում է նաեւ, այսպես ասած, Երկրի դրոշը, որը Երկիր մոլորակի պատկերն է՝ տիեզերքից նկարված: 



Այս օրը տարբեր երկրներում հնչում են Երկրի զանգերը, որոնք մոլորակի մարդկությանը կոչ են անում համախմբվել եւ պահպանել այն, ինչն անհրաժեշտ է մարդկության պահպանման համար: 



Երկիր մոլորակն ունի նաեւ խորհրդանիշ, որը ներկայացնում ենք ստորեւ.



Ամեն տարի այս օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանների շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ, ինչպես նաեւ տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, տարածքների մաքրում, ծառատունկ եւ այլն: Այս համաշխարհային տոնի նպատակը հասարակության եւ յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկրի եւ շրջակա միջավայրի խնդիրների վրա սեւեռելն է։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հիշի, որ մեր երկիրը՝ Հայաստանը, մեր մոլորակի մի մասնիկն է: