Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-04-2017
8 փաստ Արաբական Միացյալ Էմիրությունների մասին
Արաբական Միացյալ Էմիրություններն աշխարհի հարուստ երկրներից մեկն է:

Վերջինիս զարգացման համար շրջադարձային է եղել 20-րդ դարի սկզբին նավթի չափազանց հարուստ պաշարների հայտնությունը Պարսից ծոցում: Նավթի արդյունաբերությունը ոտքի է կանգնեցրել երկիրը, եւ այն սկսել է արագ տեմպերով զարգանալ։ 

1. Այս երկրի քաղաքական կառուցվածքը հանրապետության եւ թագավորության յուրահատուկ համադրություն է։ ԱՄԷ-ն համարվում է ֆեդերատիվ հանրապետություն, որը կազմված է բացարձակ ինքնիշխան 7 էմիրություններից։ Պետությունը գլխավորում է Աբու Դաբիի էմիրությունը, իսկ ղեկավարությունը՝ Դուբայի էմիրությունը։ Մայրաքաղաքն Աբու Դաբին է, սակայն ակտիվության եւ մշտական եռուզեռի պատճառով շատերը կարծում են, որ մայրաքաղաքը 1,5 մլն բնակչություն ունեցող Դուբայն է:

2. Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է մոտ 9.5 միլիոն մարդ, որոնց միայն ¼-ն են արաբներ: Օտարերկրացիները, նույնիսկ արաբները, քաղաքացիություն չեն ստանում, այլ կեցության արտոնագիր. քաղաքացիություն ստանում են միայն տեղացիները: Ի դեպ, քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցողներն ունեն հավասար իրավունքներ:

3. Արաբական Միացյալ Էմիրությունները մուսուլմանական երկիր է։ Այդտեղ ընդունված չէ փողոցում ոչ սթափ վիճակում գտնվելը (հակառակ պարագայում կարելի է հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը։ Սակայն վերջին տարիներին զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները մոտենում են եվրոպական նորմերին։ Այնուամենայնիվ, մետրոյում կանայք եւ տղամարդիկ նստում են առանձին բաժիններում: Շարժայում նույնիսկ հյուրանոցներում արգելված է ալկոհոլը, Դուբայում ու Աբու Դաբիում բոլոր հյուրանոցներում այն հասանելի է, սակայն սուպերմարկետներում՝ ոչ. վաճառքը թույլատրվում է միայն հատուկ խանութներում:

4. Հին մշակույթն ավելի լավ պահպանված է Շարժայում, որտեղ կարելի է ավելի լավ պատկերացում կազմել երկրի պատմության մասին: Դուբայը մաքուր քաղաք է. աղբը գետնին գցելու համար սահմանված է 200 դոլար տուգանք: Վերջերս երկրում հայտնվել է նոր տեխնոլոգիա. ոստիկանների մեքենայի վրա տեղադրված տեսախցիկը, որը նկարում է դիմացի մեքենայի վարորդի աչքը, խախտման դեպքում անմիջապես ֆիքսում է:



5. Արաբական այդ երկրում ծաղկում է ապրում նաեւ լրատվական դաշտը: Օրաթերթերի ծավալը հասնում է մի քանի տասնյակ էջերի, ընդ որում՝ հիմնականում գունավոր: Գլխավոր լեզուներն անգլերենն ու արաբերենն են: Մեծ տպաքանակ, կայքի բազմաթիվ այցելուներ ունեցող թերթերում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը: Նշենք, որ հատուկ տեղ են զբաղեցնում գովազդները: Թերթերն ու ամսագրերը ֆինանսավորում է պետությունը: Մամուլն ազատ է, արդար, սակայն արգելված է բացասաբար արտահայտվել պետության նկատմամբ: Սակայն այլ երկրների իշխանությունների հասցեին արված քննադատությունները Էմիրությունների լրատվամիջոցներում տեղ գտնում են: Իսլամի սահմանափակումները չեն տարածվում թերթերի ու ամսագրերի ոճի վրա:

6. Արաբական մի շարք երկրների համեմատ՝ ԱՄԷ-ում տարածված չեն բռնությունն ու ահաբեկչությունը. իշխանությունները ցանկանում են ամեն կերպ նպաստել երկրի մշակութային ու տնտեսական բարգավաճմանը:  Տեղի բնակչության շրջանում վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը: Դրա շնորհիվ Էմիրություններում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարհի տեխնիկապես առաջատար կազմակերպությունների գիտատեխնիկական կենտրոններ։

7. Քանի որ երկրում ապրում են տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչներ, ղեկավար Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը մեծ աշխատանք է տանում հանդուրժողականությունն արմատավորելու համար, անգամ մրցանակներ է սահմանել, իսկ վերջերս սկսել է գործել նաեւ Հանդուրժողականության հիմնարկը, ունեն հանդուրժողականության նախարար: Երջանկության նախարարության հիմնական խնդիրն էլ պետության բոլոր ծրագրերի ու քաղաքականության համախմբումն է, հանրությանն ավելի երջանիկ դարձնելը: Հատկանշական է, որ շեյխն ունի թվիթերյան էջ եւ բավականին ակտիվ օգտատեր է, պատասխանում է մարդկանց հուզող հարցերին:

8. Արաբական այդ երկրում գործում են հայկական մի շարք կազմակերպություններ, վարժարան, մանկապարտեզ ու եկեղեցիներ, սակայն գմբեթներին խաչեր չկան: