Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 21-04-2017
Հայոց մեծ եղեռն ու կանայք. քննարկում
«Հոդված 3» ակումբում այսօր տեղի ունեցավ քննարկում՝ «Հայոց մեծ եղեռն ու կանայք. կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ եւ ողբերգության հանրայնացնողներ» խորագրով։

Քննարկման բանախոսներն էին Անի Քալաջյանը («Meaningfulworld»-ի նախագահ եւ հիմնադիր, Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի հոգեբանության պրոֆեսոր), Աննա Ալեքսանյանը (Քլարկ համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ), Անուշ Հովհաննիսյանը (Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտ, թուրքագետ), Գոհար Խանումյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)):

Պրոֆեսոր Անի Քալաջյանի խոսքով՝ մենք մշտապես ցանկանում ենք բարձրաձայնել, լսելի դարձնել եւ ցույց տալ, որ մենք մինչեւ հիմա տառապում ենք, մենք ունենք ցավ, որը չի մոռացվի երբեք: «Պետք է փաստեմ, որ ամբողջ աշխարհի կանայք ճնշված են: Այդ ցավը, ճնշվածությունն ու կսկիծը երբեմն հանգեցնում են հոգեբանական լուրջ խնդիրների, այդ թվում՝ հիվանդությունների: Մենք հաճախ ենք անգիտակցաբար վնասում իրար»,- նշեց Անի Քալաջյանը: 

Նա ճիշտ է համարում մշտապես տարբեր հարթակներում ցեղասպանության մասին խոսելն ու այդ հարցն արծարծելը, սակայն արդեն պետք է անցնել գործնական քայլերի, քանի որ մենք 102 տարի միայն խոսում ենք: 

Թուրքագետ Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ Ցեղասպանություն ապրածները խորը հոգեբանական տրավմայի են ենթարկվել, որը նրանց ուղեկցել է կյանքի ամբողջ ընթացքում: Նա օրինակ բերեց մի ընտանիքի, որը կարողացել էր փրկվել, սակայն ընտանիքի աղջիկը մինչեւ կյանքի վերջ հոգեբանական ծանր ապրումների մեջ է եղել: «Ընտանիքի այդ աղջիկը շատ գեղեցիկ է եղել, եւ որպեսզի նա չենթարկվի բռնության ու խոշտանգումների, նրան տղայի շորեր են հագցրել, դեմքը՝ մրոտել: Այդպիսով փորձել են կոծկել նրա գեղեցկությունը: Փրկվելուց հետո տարիներ են անցել, սակայն նա շարունակել է տղամարդու հագուստով շրջել, քանի որ մշտապես վախի մեջ է եղել»,- պատմում է թուրքագետը: 

Գոհար Խանումյանը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում է աշխատում, մի շարք լուսանկարների մասին պատմեց: Դրանք փաստում են, որ եղել են դեպքեր, երբ հայ կանայք զենք են վերցրել եւ կռիվ տվել թուրք ու քուրդ հրոսակների դեմ: Գոհար Խանումյանը նաեւ արծարծեց մի շարք կարեւոր հարց. այն է՝ հայապահպանության համար տարվող հայահավաքի գործընթացը, որը կրել է «Փրկության գործողություն» անունը, եւ որին աջակցել է եկեղեցին եւ պատրիարքարանը: «Անշուշտ, այդ գործընթացը հսկայական դեր է կատարել ազգապահպանության հարցում: Սակայն մենք շատ ենք մատնանշում այդ գործընթացում օտարերկրյա կազմակերպությունների դերը, բայց իրականում հայահավաքման գործընթացում մեծ դեր է կատարել հենց եկեղեցին»,- նշեց նա եւ հավելեց, որ հայ ազգի կարեւոր հատկությունը վերածնվելն է, եւ մենք վերածնվել ենք՝ ցույց տալով, որ մեզ որքան էլ փորձեն կործանել, միեւնույնն է, մենք վերածնվել ենք: Ըստ բանախոսի՝ մեր վերածնունդը շատ ազգերի համար այսօր չափանիշ է:

Դոկտորանտ Աննա Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ շատ է խոսվում այն մասին, որ հայ կանայք տանջանքների ու բռնությունների են ենթարկվել, սակայն հայ ազգի պահպանման հարցում հայ կինը մեծ դեր է կատարել, ուստի մենք պարտական ենք հենց հայ կանանց: «Մենք երբեմն ցեղասպանություն ասելով հասկանում ենք ֆիզիկական բնաջնջում, բայց իրականում այն առավել լայն իմաստ ունի, քանի որ այստեղ ինքնության վերացման հարցն է նաեւ»,- փաստեց Աննա Ալեքսանյանը:

Նշենք, որ քննարկման ժամանակ բանախոսներին ներկաները հղեցին նաեւ իրենց հարցերը, ինչպես նաեւ հայտնեցին կարծիքներ ու տեսակետներ Հայոց ցեղասպանության հարցի՝ միջազգային հարթակներում արծարծման հետ կապված: