Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-04-2017
«Հիշողության կղզիներ». Ավրահամ Էիլաթ
«Կարոյան» ցուցասրահը «Աշխատանք եւ հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո ներկայացրել է Ավրահամ Էիլաթի չորս տարբեր ցուցադրություն-ցուցահանդես/ վիդեոինստալյացիա/պերֆորմանս:

Ավրահամ Էիլաթը բազմադիսցիպլինար արվեստագետ է, ով եղել է Իսրայելի Լուսանկարչական բիենալեի հիմնադիրը (Էյն Հարոդ), «Պիրամիդա» ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիրն ու ղեկավարը (Հայֆա), Իսրայելի Լուսանկարչության թանգարանի տնօրենն ու գլխավոր համադրողը (Թել Հայի), ինչպես նաեւ Ազգային Մարիթիմ թանգարանի կերպարվեստի համադրողը (Հայֆա)։ 



Նրա աշխատանքները ներառում են գծանկարչություն, գեղանկարչություն, հաստոցային գրաֆիկա, կոլլաժ, լուսանկարչություն (գունավոր ու սեւ ու սպիտակ), ռենտգեն ժապավեններ ու ֆոտոգրամներ, քանդակ, պերֆորմանս եւ ինստալյացիա։ Նման բազմազանությունը, ինչ խոսք, տարիների ընթացքում է գոյացել՝ նրա ստեղծագործության տիրույթում ներառելով ժամանակակից արվեստի բոլոր տեսակները:



Վերը նշված ցուցադրություններից մեկը բացվել է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Այն կրում է «Հիշողության կղզիներ» խորագիրը: 24 մետր երկարությամբ այս գծանկարը գալարաձեւ ստվարաթղթի վրա իրականացնելիս նկարիչն առաջ է շարժվել մի կողմից գլանը բացելու ու նկարելու, մյուս կողմից արդեն նկարված մասը փաթաթելու գծային եղանակով: Թղթի երկարությամբ երբեմն-երբեմն հայտնվող լուսանկարչական կոլլաժով նկարիչը կարծես ձգտում է մտապահել գլանի փաթաթված մասում նկարածը: 



Հիմնական ֆիգուրը, որը հանդիպում է նկարում, գանգի գծանկար է, որը նկարիչը ստեղծել է իր ուղեղի ռենտգեն պատկերի հիման վրա: Մյուս ֆիգուրը, որը հայտնվում է ստվարաթղթի երկայնքով, պալեոլիթային Վեներաների արձանիկների դաջվածքներն են: Նշված երկու ֆիգուրների համատեղումն առաջ է քաշում այն հարցը, թե ինչու է հիշողությունը նույնացվում կնոջ հետ, եւ թե արդյոք ֆորմալ ասոցիացիայից բացի` տարբեր մշակույթները ստիպել են հիշողությունը կապակցել կնոջ հետ: Ըստ մշակութային մարդաբանների եւ մասնավորապես Ալեն Տեստարի` դա կապված է աշխատանքի սեռային բաժանման հետ. այն է՝ կնոջ համար գործունեության վայրը, այսպես ասած, ներսն է, այսինքն` այդպիսով կնոջն արգելվում է որոշակի աշխատանքների կատարումը: 



 Նկարիչը կնոջ մարմինը պատկերող արձանի դաջվածքը համադրել է գանգի ուղեղի պատկերների հետ:  Ստեղծագործության առանցքում մարդկային գոյության խնդիրն է։ Այդ գոյության նյութական ու հոգեւոր ցուցիչները՝ աշխատանքն ու հիշողությունը, նրա համար հարացուցային են։



Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 29-ը: