Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքից
Տեղադրվել է 20-03-2017
Գործող չեմպիոնը վերականգնում է սասանված հեղինակությունը
«Ալաշկերտը», վերջին երկու տուրերում վստահ հաղթանակներ տոնելով, գլխավորեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

Անցած հանգստյան օրերին կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրը: Հետնապահ «Արարատը» ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ, «Շիրակն» ու «Գանձասարը» խաղ անցկացրին ձնածածկ մարզադաշտում, իսկ «Բանանցն» ու «Փյունիկը» մրցեցին մայրաքաղաքում: 

Նախորդ՝ 19-րդ տուրում «Ալաշկերտին» խոշոր՝ 0-3 հաշվով պարտված Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ: Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին միմյանց դարպասը գրավելու փոքրիշատե վտանգավոր մի քանի պահեր:

Երկրորդ խաղակեսն ավելի հետաքրքիր ստացվեց եւ անցավ ձնապատ խոստածածկի վրա: 71-րդ րոպեին Վարդան Բակալյանի խփած գնդակի շնորհիվ «Գանձասարն» առաջ անցավ: Հաշված րոպեներ անց գյումրեցիները մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Վահան Բիչախչյանը, որը երկու րոպեում երկու դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար:

Ծանր իրավիճակում հայտնված «Շիրակը» 2-րդ գնդակը բաց թողեց 85-րդ րոպեին: Աչքի ընկավ Հայկ Իշխանյանը: Խաղի վերջում էլ գյումրեցիները կարողացան հեղինակության գնդակ խփել. 90-րդ րոպեին հանդուգն հյուրերի դարպասը գրավեց Մուսա Փոլ Բակայոկոն: Մինչեւ այս խաղը «Շիրակը» գրեթե միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն այս անգամ էլ պարտվելով՝ կորցրեց առաջատարի դիրքը:

Տուրի մյուս խաղում մրցեցին «Բանանցը» եւ «Փյունիկը»: 24-րդ րոպեին Վահագն Հայրապետյանն առաջ մղեց «Փյունիկին»: Հանդերձարան գնալուց առաջ «Բանանցի» պաշտպանի եւ դարպասապահի հետ պայքարում Ռազմիկ Հակոբյանն ընկավ: Գլխավոր մրցավարը ցույց տվեց 11 մ նշակետը: Վարդան Պողոսյանը չվրիպեց:

Երկրորդ կեսում «Փյունիկը» խփեց նաեւ 3-րդ գնդակը: 78-րդ րոպեին աչքի ընկավ Արմեն Նահապետյանը:

Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար դարձավ գործող չեմպիոն «Ալաշկերտը»: Հետնապահ «Արարատի» նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանակը գործող չեմպիոնին թույլ տվեց երկու միավորով առաջ անցնել մոտակա հետապնդողից՝ Գյումրիի «Շիրակից»: