Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-03-2017
Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը երեւանյան համերգի ընթացքում Արամ Խաչատրյան կատարեց
Ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող Ռիչարդ Կլայդերմանը մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկավ համերգով:

«Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարի» հետ երեւանյան համերգին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտները (նվագախմբի տնօրեն՝ Նորայր Նազարյան, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան): «Շատ ուրախ եմ Երեւանում գտնվելու համար: Ես հույս ունեմ, որ մենք հրաշալի ժամանակ կանցկացնենք»,- համերգի ընթացքում նշեց Ռիչարդ Կլայդերմանը: 

Ճանաչված դաշնակահարն անմոռանալի ակնթարթներ պարգեւեց հայ երկրպագուներին: Երեւանյան համերգին հնչեցին դաշնակահարի հանրահայտ կատարումներից «Show time Murmurs», «L for Love», «Chariots of fire», «Ballade pour Adeline», «Corazon de Nino», «Love at first sight» եւ այլ կախարդական մեղեդիներ, որոնք սիրված են ամբողջ աշխարհում: 

Համերգի ընթացքում Կլայդերմանը կատարեց նաեւ ստեղծագործություններ հայտնի ֆիլմերից, այդ թվում՝ «Աստղային պատերազմներ», «Առաքելությունն անիրագործելի է», «Կազինո Ռոյալ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Լեոն», «Ինդիանա Ջոնս» եւ այլ կինոնկարներից:  

Ի դեպ, ինչպես եւ երկու տարի առաջ, այս անգամ եւս հատուկ հայ ունկնդրի համար Կլայդերմանը կատարեց հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից: Բացի լավ դաշնակահար լինելուց՝ արտիստը նաեւ դերասանական յուրահատուկ տաղանդ ունի: Նրա յուրաքանչյուր համերգ նման է յուրատեսակ շոուի. Կլայդերմանը միշտ կատակում է, շփվում հանդիսատեսի հետ, նոտաներ բաժանում: Այս անգամ էլ նա իր բոլոր ստեղծագործությունների նոտաները բաժանեց հայ հանդիսատեսին: Իսկ երբ այնպես ստացվեց, որ երկրպագուներից ոմանց բախտ չվիճակվեց վերցնել այդ նոտաներից, Կլայդերմանը որպես նվեր նրանց առաջարկեց իր աթոռը: 

Համերգի վերջում ճանաչված երաժիշտը հրաժեշտ տվեց հայ ունկնդրին` վերադառնալու ակնկալիքով: Հայ հանդիսատեսը Կլայդերմանին բաց չթողեց առանց «բիս»-ի. երեկոյի վերջում նա կատարեց «Can’t Stop the Feeling!» ստեղծագործությունը, որը կատարում է Ջասթին Թիմբերլեյքը: 

Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը` Ֆիլիպ Պաժե) վաղ տարիքում դաշնամուր նվագել սովորել է իր հոր հետ, ով երաժշտության ուսուցիչ էր։ 12 տարեկանում նա ընդունվել է կոնսերվատորիա ։ Իր ուսման վարձը վճարելու, ինչպես նաեւ ինքնակատարելագործվելու համար նա սկսում է նվագել դաշնամուր։ Աշխատել է Միշել Սարդի, Թիերի Լելյուրոնի եւ Ջոնի Հալիդեյի մոտ։ 1976 թվականին ձայնագրություններ թողարկող ընկերության կողմից 20 այլ դաշնակահարների հետ հրավիրվել է լսումների` բալլադ ձայնագրելու համար։ Արդյունքում ընտրվել է Ռիչարդ Կլայդերմանը, եւ այդ ժամանակից նա էլ ավելի մեծ ճանաչման է արժանացել։ 

Պատկերասրահ՝ Ռիչարդ Կլայդերմանի մենահամերգը Երեւանում