Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-03-2017
Գրքի շուրջ Հրանտ Մաթեւոսյանի հետ
ՀՀ մշակույթի նախարարությունը «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի եւ «Գրքամոլ»-ի հետ շարունակում է ներկայացնել «Գրքի Շուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքը:



Այսօր՝ մարտի 18-ին, «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» ժողովածուի քննարկումը: Բանախոսներն էին գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Վահրամ Դանիելյանը, Վաչագան Գրիգորյանը եւ Համո Մաթեւոսյանը (Հրանտ Մաթեւոսյանի եղբայրը): Ներկա էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը:


Պարզապես հարկավոր է ամեն ինչ բարձրացնել տնքոցով, իջեցնել՝ տնքոցով, քո բանը չէ, ձեռք չես տալիս՝ նորի՛ց տնքալ, չեղած տեղն էլ տնքա՛լ:




Գրքի քննարկման հենց սկզբում արծարծվեց այն հարցը, թե ինչու գիրքը չի տպագրվել գրողի կենդանության օրոք: Բանախոսները նշեցին, որ բացառված էր, որ այդ գործը տպագրվեր 60-ականներին, քանի որ բարձրաձայնված էին հարցեր, որոնց տարածումն անհրաժեշտ չէր, որովհետեւ Մաթեւոսյանը նշում էր. առկա տնտեսական քաղաքականությունը կտանի կործանման, ինչպես նաեւ, ըստ նրա, անհրաժեշտ էին համակարգային փոփոխություններ իրականացնել, հակառակ դեպքում՝ չի լինի զարգացման ուղի: Չպետք էր որեւէ մեկին առավելություն տալ: Մաթեւոսյանին ասում էին՝ մի՛ խոսիր, բայց նա խոսում էր, չէր լռում:


Դժբախտությունն այն է, որ աշխարհը լուրջ է, մտածում է, մտածելու ջիղը զարգացրել է ըմբիշի պես, իսկ ծիծաղի ջիղը դարձել է ճգնավորի թեւ:




«Այն պատճառները, որոնք առաջ էին քաշվել, անհիմն էին: Պարզապես արգելեցին ստեղծագործել հակասովետական գրողին: Սակայն դաշնակցական կազմակերպությունները աղմուկ բարձրացրեցին, ինչից հետո «Սովետական Հայաստան» ամսագրում տպագրվեց մի քանի գործ, քանի որ այդպիսով արտասահմանում ապրող հայությանն ուզեցին հասկացնել, որ գրողը կա»,-պատճառների մասին խոսելիս նշեց նրա կինը:


Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս: Եվ բջիջներս տեղի են տալիս: Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որեւէ ուժեղի մի բանում խանգարել եմ եւ սիրտս թաքուն սպասում է ծեծին:




Ներկաներից գրեթե բոլորը կարդացել էին ստեղծագործությունը, առանձնացրել իրենց համար նախընտրելի տողերը, հատվածները, վերլուծել դրանք ու փորձել հասկանալ, թե ինչ է իր ստեղծագործությամբ փորձել ասել գրողը: Ընթերցողներն այդպիսով փորձել էին բացահայտել Հրանտ Մաթեւոսյանին ոչ միայն որպես գրող, այլեւ մարդ: Շատերի պնդմամբ՝ Մաթեւոսյանը նաեւ փիլիսոփա է ու հոգեբան եւ երբեմն այնքան իրական են թվում ստեղծագործությունները, որ փորձում ես իրական կյանքում գտնել կերպարներին եւ իսկապես գտնում ես:


Գուցե էությունս լցվում է որեւէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես: Չգիտեմ: Եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես դարանած քաղցկեղ է, պատժի սպասում է, քիթը մտած փոշեհատիկ է, որ սպասում է մի ճառագայթ արեւի-հա՜պչ…




«Մենք Հրանտ Մաթեւոսյանից պետք է սեր ու ափսոսանք ժառանգենք, որպեսզի հասկանանք նրան»,- նշեց ընթերցողներից մեկը:



Նշենք, որ «Նանա իշխանուհու կամուրջը» ժողովածուն ընդգրկում է երեք պատմվածք՝ «Ծաղրածուների մեր տոհմը», «Վերադարձ», «Թռուցիկ համբույրներս…», եւ համանուն վիպակը, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել գրողի կենդանության օրոք հրատարակված գրքերից։