Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 15-03-2017
Լ. Հարությունյան. «Այն, ինչ երազել եմ, թողել եմ անցյալում»
Երկար ժամանակ է, ինչ սիրված դերասան Լեւոն Հարությունյանը վայելում է հանրության սերը: Eritasard.am-ի զրուցակիցն է Լեւոն Հարությունյանը:

- «Երբեմն գնում եմ տուն՝ ինքս ինձ քննադատելով»,- ասել եք Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ: Ինչո՞ւ եք մեղադրում ինքներդ Ձեզ:

- Ես ինձ միշտ եմ մեղադրում: Ես չգիտեմ` ինչի եմ ինձ միշտ մեղադրում: Երեւի կան մեղքեր, որոնք ուզում եմ իմ վրայից գցել այդ կերպ, եւ մեղադրելը որոշակիորեն սփոփանք է:

- Գիտեմ, որ պատահականությունները Ձեր կյանքում շատ են եղել, որոնք փոխել են Ձեր կյանքը: Ո՞րն է ամենաճակատագրական պատահականությունը:

- Իմ դերասան դառնալը: Դա մի պատահականություն էր, որը  Աստծո օրհնությամբ դարձավ իրականություն: Ես իմ կյանքում հանդիպել եմ մարդկանց, ովքեր այս ոլորտն ինձ համար դարձրել են ավելի կարեւոր: Կարծում եմ` արդեն պարզ է, թե ինչու եմ ես հավատում պատահականություններին:



- Կան դերասաններ, ովքեր կա՛մ թատրոնում են, կա՛մ սերիալում, կա՛մ ֆիլմերում, կա՛մ եթերում: Դուք այն բացառիկ դերասաններից եք, ով հավասարաչափ աշխատում է թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իմը թատրոնն է եւ կինոն: Անգամ սերիալներում ինձ չեք տեսնի, եւ արդեն չորրորդ տարին է, քանի որ դրանք շատ վատն են, եւ կհրաժարվեմ այնքան ժամանակ, քանի չի եկել այն սցենարը, որը նոր սերնդի համար կբերի ճիշտ հերոս, եւ այն ժամանակ, երբ սերիալը կունենա ռեժիսոր եւ ոչ թե օպերատոր-ռեժիսոր: Այդ պարագայում ես չեմ նկարվի: Որքան  հնարավորությունս ներում է, լինում եմ կինոյում եւ թատրոնում, իսկ ահա հեռուստահաղորդումները մշտապես մերժում եմ, քանի որ մի քանի անգամ փորձ անելով՝ հասկացա, որ դա իմ աշխատանքը չէ, ուստի ես ինձ իրավունք չվերապահեցի մեկ ուրիշի տեղում լինել:

- Հումորային ժանրը չեք համարում Ձերը, բայց, ինչ խոսք, այդ  ժանրի լավագույն դերասաններից եք: Այնուամենայնիվ, ի՞նչ ժանրում է իրեն պատկերացնում Լեւոն Հարությունյանը:

- Իմ սիրելի ժանրը տրագիկոմեդիան է, եւ երազում եմ խաղալ  յուրաքանչյուր կերպար, որն իմն է. հիմա ինձ մոտ կա նման գաղափար: Հուսամ՝ այս տարի դա իրականություն կդառնա:



- Մտածում եք, որ երազանքն աշխարհի ամենալավ բանն է: Հետաքրքիր է` ինչի՞ մասին եք երազում Դուք:

- Հիմա այլեւս այդպես չեմ մտածում: Վերջին շրջանում ինձ համար պարզել եմ, որ չեմ ցանկանում երազել, քանի որ երազանքն օդում մնացած ցանկություն է, որը չի իրականանում, ուստի եթե ունեք ցանկություն, ապա այն իրականացրե՛ք, որպեսզի այն չվերածվի երազանքի: Այն, ինչ երազել եմ, թողել եմ անցյալում:

- Անդրադառնանք «Յո-Յո» մանկական հաղորդաշարին, որտեղ Դուք վայելեցիք փոքրիկների անկեղծ սերը…

- Այդ առումով աշխատում էր բնության օրենքը. ես երեխաներից ստանում էի մի մաքուր բան, որը կարողանում էի վերադարձնել, քանի որ նրանցից ստացվածն անպատասխան թողնելը հանցագործություն եմ համարում: Ես կարողանում էի մանկանալ եւ երեւի հենց դա էլ հաղորդումը դարձրեց սիրելի:



- Գիտեմ, որ դեմ եք տարատեսակ վաստակավոր եւ ժողովրդական կոչումներին: Ի վերջո, ո՞րն է Ձեզ համար աշխատանքի բարձր գնահատականը:

- Գիտեք, ինձ համար իսկական գնահատականն այն կլինի, որ ես զբաղվեմ միայն իմ աշխատանքով, եւ այդ աշխատանքից վաստակածն ինձ բավարարի, որ ես այլեւս չզբաղվեմ այլ աշխատանքներով:

- Ի՞նչ անելիքներ ունեք այս տարի:

- Արդեն բեմում է «Mea culpa 2» ներկայացումը: Կարծում եմ, որ կլինեն այլ առաջարկներ եւս: 

- Ո՞րն եք համարում Ձեր կեսդարյա կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Առաջինը որդիս է, հիսուն տարիների ընթացքում հասկացել եմ, որ պետք է գնահատել ժամանակը: Կարծում եմ, որ նոր ձեռքբերումներ կրկին կունենամ: