Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի եւ համացանցից
Տեղադրվել է 11-03-2017
Հերման Հեսսե. փիլիսոփայական վեպերի առաջամարտիկը
Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեն վայելում է համաշխարհային ճանաչում:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, լույս տեսել միլիոնավոր տպաքանակներով: Նրա գեղարվեստական իրողություններին էլ անդրադարձել ենք «Գրական իրարանցում» խորագիր-նախագծի շրջանակում:

Ապրելով 85 տարի՝ Հեսսեն ստեղծեց այնպիսի գրականություն, որ բոլոր ժամանակներում եղել եւ մնում է քննարկման կիզակետում: Հեսսեն դրան հասավ շնորհիվ իր գրական ինքնատիպ ձեռագրի, որը տարբերվում է իր առանցքայնությամբ, հուզականությամբ ու կյանքի նկատմամբ բացասական երեւույթների արծարծմամբ: Եվ իսկապես, նրա վեպերը կյանքի ու մարդկային երեւույթների մասին են, որոնցում մաս են կազմում անիրականն ու իրականը՝ իրենց գունապնակով ու ապագան ավելի լուսավոր տեսնելու մղումներով:



Նա այն գրողներից էր, ով արժանացավ գրական ոլորտի ամենաբարձր՝ Նոբելյան մրցանակին: Ինչ-որ առումով «Հուլունքախաղը» վեպը կարող ենք Հեսսեի հաջողության գրավականը համարել. չէ՞ որ 1946 թ.-ին, երբ նրա ստեղծագործությունը Նոբելյան կոմիտեն համարեց լավագույնը, նրան բերեց համաշխարհային հռչակ: Հեսսեն դրան հասավ իր գեղարվեստական մտածողության եւ գրական իրողությունների բարձրաձայնման շնորհիվ: Այո՛, նրա ստեղծագործությունների անքակտելի բաղադրիչը իրավիճակն է եւ իրավիճակի լրջությունը, ինչպես նաեւ իրավիճակից դուրս գալու քայլերի հաջորդականությունը:

Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են: Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է գերմանական այնպիսի դասականների ուժեղ ազդեցությունը, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը, Նովալիսը: 1927 թ.-ին Հյուգո Բալլը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։ Գրականության այդ ուղղության թեմաներն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված իր միջավայրին, փախուստ հասարակությունից, «ես»-ի փնտրտուքներ:

Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես վարպետ Տոմասը՝ Տոմաս Մանն, Յակոբ հայրը՝ Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմնականում իր բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման-Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարեւոր դրվագներն արտացոլել է իր գրվածքներում։

Հեսսեի արվեստում նկատվում է նաեւ անհատի հակադրություն, ինչպես Գալերայի եւ Աբրակսասի կերպարներում, որոնք իրենց արտացոլում են բարին ու չարը։ Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ: Հանդիպում ենք նաեւ այնպիսի հակադրությունների, ինչպիսին են Արեւելքն ու Արեւմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝ մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը ներառում է հնդկական արվեստի մի մասը։



Տարիներ առաջ «Անտարես» հրատարակչությունը վերահրատարակեց 20-րդ դարի գերմանալեզու լավագույն արձակագրի «Տափաստանի գայլը» վեպը: Հեսսեն այդ վեպը գրել է 7 տարի: Այդ ստեղծագործությունը կարող է թվալ հակաամերիկյան մի ասք, սակայն իրականում դա անձի երկատվածության մասին է: Վեպի հերոսին հակադրվել է Ջեք Կերուակը՝ բիթնիկների լավագույն գրողներից մեկը: Վեպի հերոսը Հարրի Հալերն է, ով իրեն անվանում է տափաստանի գայլ: Մի մարդ, ով ունի կենդանի բնազդներ, լավ կրթություն եւ հասկանում է, թե ինչ է կատարվում աշխարհում, մասնավորապես՝ Արեւմուտքում եւ Ամերիկայում...

«Այս գիրքը բովանդակում է մեզ մոտ մնացած գրառումները մի մարդու, որին մենք, օգտվելով արտահայտությունից, որ անձամբ գործածում էր նա, շատ անգամ անվանում ենք «Տափաստանի գայլ»։ Նրա ձեռագիրն ունի արդյո՞ք նախաբանի կարիք. դժվար է ասել: Ամեն դեպքում ես անհրաժեշտություն եմ տեսնում «Տափաստանի գայլ»-ի էջերին ավելացնելու մի քանիսը, որոնցում կփորձեմ ներկայացնել նրա մասին իմ հիշողությունները։ Ես քիչ բան գիտեմ նրա մասին, մանավանդ նրա ամբողջ անցյալը եւ ծագումը ինձ համար մնում են անհայտ։ Բայց նրա անհատականությունից մնացել է ուժեղ եւ ինչը, հակառակ ամեն բանի, ստիպված եմ ասել հաճելի տպավորություն»,- գրքի առաջաբանում գրել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, թարգմանիչ Արա Առաքելյանը։

Ըստ նրա՝ ինչպես 20-րդ դարի գերմանական գրականությունը, այնպես էլ Հեսսեի ստեղծագործությունների մեծ մասը համարվում են ամենաբարդ ստեղծագործությունները, որոնք տարբերվում են ծանր տեքստով եւ որոշ բարդություններով. «Փիլիսոփայությունը խառնվում է գրականությանը: Ստացվում է վեպ-ուսումնասիրություն կամ վեպ-աշխատություն: Օրինակ՝ «Հուլունքախաղ»-ում հետաքրքիր մի բան է ստեղծվել՝ վեպ-խնդիր, վեպ-ուտոպիա, որոնք միաձուլված են սոցիալական, հոգեբանական եւ այլ նրբություններով»:

Պարոն Առաքելյանի համար կարեւոր է եղել Հերման Հեսսե գրողի լեզվի խնդիրը: Թարգմանչի կարծիքով՝ գրողի լեզուն ամենածանրագույն խնդիրն է, որում կարեւորվում են լեզվական համակարգերը: Դրանց շնորհիվ գրողները կարողանում են տարբերվել մյուսներից. «Հեսսեն իր լեզվով է մարդու համար աշխարհը կառուցում: Նա ոչ թե փակուղի է պատրաստում, այլ հեռանկարներ բացում, որպեսզի մարդն իրեն վերագտնի եւ փրկի իրեն այս կամ այն իրավիճակից: Հեսսեի լեզվից բարություն եւ լույս են ճառագում: Նա մշտապես ցանկանում է մարդու կողքին լինել: Հենց դրանից էլ գալիս է լեզվի բարությունը: Թարգմանության ընթացքում աշխատել եմ, որպեսզի այդ բարության սաղմերը երեւան»:



Պարոն Առաքելյանը լեզվի տեսանկյունից «Հուլունքախաղը» համարում է գրողի ամենաբարդ ստեղծագործությունը: Ըստ թարգմանչի՝ վեպում առկա է լեզվի չորս տիպ՝ գիտականի, պատումի, բանաստեղծությունների, ինչպես նաեւ արեւելյան՝ հնդկական եւ չինական փիլիսոփայությունների լեզվական քամու առկայություն: Այս պարագայում թարգմանչի համար շատ ավելի երկար է տեւել ստեղծագործության ընկալումը (որը տեղի է ունեցել տարիների ընթացքում), քան թարգմանելը:

Մեր խորին համոզմամբ՝ ինչպես գրական մեծարժեք ստեղծագործությունները, Հեսսեի վեպերը եւս ունեն կարեւոր մի հատկանիշ: Նրանք միտված են անցյալին, ներկային եւ ապագային: Բնականաբար լինելով 20-րդ դարի իրողությունների արտահայտություն՝ իրենց ներքին եւ արտաքին գծերով գլխավորապես կապված են արդիականության հետ, բայց առանց ապագայի եւ անցյալի միտվածության հաշվառման նրանց գեղագիտական եւ աշխարհայացքային ամբողջականությունն անկասկած խախտվում է:

«Քանի որ Հեսսեի ստեղծագործությունները բավական շատ են թարգմանված հայերեն, ապա մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ նախ՝ ավելի բարձր պոլիգրաֆիական որակով հրատարակենք նրա արդեն իսկ հայերեն լույս տեսած գործերը, ինչպես «Տափաստանի գայլի» դեպքում է: Եվ ապա՝ հրատարակենք գործեր, որոնք դեռ չկան հայերեն, ինչպես «Հուլունքախաղի» պարագայում: Չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց «Անտարեսում» լուրջ ծրագիր ունենք՝ Հեսսեի  ստեղծագործությունների հրատարակման հետ կապված, եւ շուտով այդ մասին կիմանաք: Միայն ասեմ, որ «Տափաստանի գայլի» եւ «Հուլունքախաղի» թարգմանիչ Արա Առաքելյանից բացի՝ մենք այժմ համագործակցում ենք նաեւ Հեսսեի մյուս հայտնի թարգմանչի՝ Աշոտ Ալեքսանյանի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Հրատարակչության գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ «Տափաստանի գայլը» նախքան իրենց հրատարակելը, օրինակ, երկու հրատարակություն է ունեցել, բայց այսօր էլ շարունակում է մնալ ընթերցողների ուշադրության կենտրոնում. «2016 թվականին «Տափաստանի գայլը» մեր ամենավաճառված գրքերի ցանկում է: «Հուլունքախաղն» էլ, ճիշտ է, երկար ժամանակ չէ, ինչ լույս է տեսել, բայց արդեն բավական բարձր վաճառքի ցուցանիշներ ունի»:



Բանասեր, լրագրող Հռիփսիմե Գալստյանը, վերջերս կրկին վերընթերցելով «Տափաստանի գայլը» վեպը, զգացել է, որ դա այն գրքերից է, որը պետք չէ կարդալ քննության համար եւ այլեւս չանդրադառնալ դրան. «Այս գիրքն օգնում է խորանալ սեփական էության խորքերում, հավանաբար այս դարում էլ բոլորիս հոգու ամենախոր անկյունում ապրում է մի Հարրի Հալլեր, ուստի այս գիրքն ինքնաճանաչման ու ինքնավերլուծության լավագույն ուղեցույցներից մեկն է»։ 

Բանասերի կարծիքով՝ մեթոդը հետաքրքիր է` վեպ վեպի մեջ. «Այս գրքի հիմնական առանձնահատկություններից մեկը, իմ կարծիքով, թերեւս այն է, որ ի տարբերություն էքզիստենցիալիզմի գրականության շատ ստեղծագործությունների` Հեսսեն իր «Տափաստանի գայլ»-ում ոչ միայն վեր է հանում այդ դարի մարդու պրոբլեմը, այլեւ տալիս է որոշ լուծումներ: Ու քանի որ մարդկային հոգու ճգնաժամը շարունակվում է նաեւ 21-րդ դարում, այդ գիրքն իր արդիականությունը չի կորցնում»։

«Երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակահատվածում մարդը ճգնաժամ էր ապրում։ Ու գրական ուղղություններից էքզիստենցիալիզմը եկավ օգնելու հենց այդ ճգնաժամը նկարագրելուն: Ուզում եմ համարձակվել ասել, որ Հեսսեի գրականությունը բոլորի համար չէ. ոչ թե տարիքային առումով, այլ շատ ավելի լայն ընդգրկմամբ... Դա գրականություն է ընտրյալների համար»,- նշեց Հռիփսիմե Գալստյանը:

Տեղեկացնենք, որ շուտով լույս կտեսնեն նաեւ Հերման Հեսսեի «Ճամփորդություն դեպի Արեւելք» եւ «Նարցիսն ու Գոլդմունդը» վեպերը, որոնք նույնպես համարվում են գերմանական փիլիսոփայական գրականության գլուխգործոցներ: Սրանք ստեղծագործություններ են արվեստի, փիլիսոփայության եւ կրոնի մասին, որոնք գրված են հետաքրքիր հակադրություններով: