Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 06-03-2017
2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եւ քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները:

Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) քաղաքապետարանի կողմից ներկայացվում է քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավելի հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք: 

Մրցույթի նպատակներն են՝ 
ա) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը. 
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում. 
գ) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել. 
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը: 

Մրցույթն իրականացվում է հետեւյալ փուլերով՝ 

ա) դիմումների ընդունում, 
բ) քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms), 
գ) hայտերի փորձագիտական գնահատումներ` փորձագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում: 

Հայտերը կազմվում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121-Ա/1 հրամանի № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, եւ ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե): Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաեւ աջակցության նամակներ: 

Մրցութային փաթեթը ներառում է՝ 

1) լրացված դիմում-հայտը (№ 3 հավելված), 
2) քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին՝ ներառելով № 4 հավելվածում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը եւ տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ եւ/կամ տեսանյութեր։ 

Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300.000 ՀՀ դրամ), մարզային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500.000 ՀՀ դրամ) (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) եւ համապետական (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700.000 ՀՀ դրամ) նշանակության` համաձայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121 Ա/1 հրամանի № 4 հավելվածում առաջարկվող ցանկի: 

Հաստատված ձեւի խախտումներով եւ Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում: 

Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակը փորձագիտական գնահատման եւ կարճ հաղորդագրության (sms) քվեարկության արդյունքների համադրմամբ: 

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: 

2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը քվեարկությամբ որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից: 

Հայտերն ընդունվում են 2017 թվականի մարտի 6-ից հունիսի 2-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին եւ թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):