Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 29-12-2016
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկությամբ ամեն տարի որոշվող լավագույն մարզիկների տասնյակի շուրջ վերջին օրերի քննադատություններին եւ հանդես եկել առաջարկով:

«Հետեւելով վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված 2016 թվականին մարզական բարձր ցուցանիշների հասած ՀՀ մարզիկների պարգեւատրման արարողության շուրջ ծավալված բուռն քննարկումներին,  որոնցում շատ դեպքերում այն հանիրավի նույնացվում է  հասարակական կազմակերպության կողմից անցկացվող 10 լավագույն մարզիկների մրցույթի հետ եւ մտահոգված լինելով տարաբնույթ արձագանքներով՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ցանկանալով ընդառաջ գնալ մարզասեր ողջ հանրությանը, հայտարարում է, որ սկսելու է քննարկումներ խնդրո առարկայի շուրջ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, մասնագետների հետ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ եւս  շարունակելու է խրախուսել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին՝  համաձայն ՀՀ կառավարության 5 նոյեմբերի 2015 թվականի N 1282-Ն որոշման: Հասկանալով, սակայն, համայն հայության մարզական ներուժի գնահատման եւ այդ գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու (ձայնը, կարծիքը լսելի դարձնելու) հնարավորության ստեղծման հրամայականը՝ նախարարությունը կարծում է, որ այլեւս անհրաժեշտություն է Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի հաղթողին (տիտղոսակրին)՝ միարժեքորեն որպես չափանիշ դիտարկելով հայ ժողովրդի այն արժանի զավակներին, որոնք հայ ինքնության արժանապատիվ կրողը լինելով՝ նպաստում են (ծառայում են) այդ ինքնության ճանաչմանը, մեր հայրենիքի ըստ արժանվույն ներկայացմանը աշխարհին:

Սա է այն տեսլականը, որի շուրջ ուզում ենք քննարկումներ ծավալել հանրության տարբեր շերտերի, ոլորտի մասնագետների, փորձագետների լայն շրջանակների հետ՝ նպատակ ունենալով 2017 թվականին արդեն ստեղծելու հայ ինքնության եւ Հայաստանի ճանաչելիության տարածման, մեր արժեքների հանրահռչակման մարզական դեսպանի ընտրության տարակարծություններից, թյուրըմբռնումներից հնարավորինս զերծ համակարգ:

Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար մեր կողմից որպես նախնական  ձեւաչափ առաջարկվող  տարբերակի շուրջ համախմբել համայն մարզասեր հայությանը,  ի մի բերել բոլոր կարծիքները: 

Հաշվի առնելով խնդրի հանրային մեծ հնչեղությունը՝ ակնկալում ենք բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը»: