Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Գոռ Մարգարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 22-12-2016
Գոռ Մարգարյան. «Պլանավորում եմ` ապրել, ստեղծագործել եւ սիրել»
«Մեղրի համը» ներկայացումը տեսել են շատեը, սակայն քչերը գիտեն, որ ներկայացման ռեժիսորն է Գոռ Մարգարյանը, ով այդ ներկայացմամբ «Արտավազդ» մրցանակաբաշխությունում նվաճեց վեց մրցանակ՝ հաղթելով «Տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում: Վերջերս ռեժիսորը հանրությանը հանձնեց «Մնաց յոթ օր» ներկայացումը:

Երիտասարդ ռեժիսորի հետ eritasard.am-ը զրուցել է  ներկայացումների, մասնագիտական հաջողությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:

- Գո՛ռ, գիտեմ, որ պիեսների հանդեպ շատ խստապահանջ եք: Հետաքրքիր է` ինչպիսի ՞ն պետք է լինի պիեսը, որպեսզի այն հետաքրքրի Գոռ Մարգարյանին: 

- Այո՛, իրականում պիեսների ընտրության առումով շատ բծախնդիր եմ: Չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի կետեր պետք է ունենա պիեսը, որ ինձ հետաքրքրի, սակայն կարող եմ ասել, որ պիես ընտրելու գործընթացը նման է սիրահարվելուն: Կարդում ես պիեսը, հասկանում ես, որ այն քոնն է, հասկանում ես, որ այն ընտրելով՝ դու նույնպես ասելիք ես ունենում: Ընտրելով պիեսը՝ պետք է ապրել տվյալ հեղինակի առաջադրված հանգամանքներով եւ տվյալ ժամանակաշրջանում:

- Մի փոքր խոսե՛ք «Մնաց յոթ օր» ներկայացման մասին, որի թեման գրեթե միշտ արդիական է: 

- «Մնաց յոթ օր» ներկայացումն իմ հետաքրքիր աշխատանքներից մեկն է, որն աչքի ընկավ թե՛ աշխատանքային պրոցեսով, թե՛ արդյունքով: Չեմ կարող չնշել, թե ամիսներ շարունակ ինչպիսի հաճույքով ենք աշխատել ներկայացման ստեղծագործական անձնակազմով: Տվյալ պարագայում աշխատել եմ ժամանակակից դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ. այդ աշխատանքը ե՛ւ թեթեւ էր, ե՛ւ պարտավորեցնող, ե՛ւ հաճելի:

- Գիտեմ, որ չեք ցանկացել անդրադառնալ այդ թեմային… (Ներկայացումը վաղաժամ ամուսնության  եւ կանանց թերի կրթության մասին է, ինչը համարվում է կանանց իրավունքների խախտում):

- Ի սկզբանե ես կարծում էի, որ չարժե անդրադառնալ տվյալ թեմային, քանի որ թվում էր, թե մեզ մոտ գրեթե առկա չէ այդ խնդիրը, սակայն մի քանի ցուցադրություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանի մի քանի մարզերում, պարզ դարձավ, որ ներկայացման ընթացքում վեր հանված խնդիրը ոչ միայն արդիական է, այլեւ օրհասական: Օգտվելով առիթից` ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով այդ ներկայացման մեջ շատ լումա է ունեցել, իսկ ահա Մարիաննա Եղիազարյանին, Ժաննա Հովակիմյանին եւ Լեւոն Հարությունյանին ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն  հայտնել. նրանք դերասաններ են, ովքեր ինձ միշտ հիացրել են եւ շարունակում են հիացնել:

- Արդյո՞ք Ձեր բեմադրած բոլոր ներկայացումներն են վեր հանում խնդիրներ:

- Իրականում խնդիրները ստեղծագործողներին շատ են անհանգստացնում, երբեմն այդ անհանգստության պատճառով ռեժիսորը կարող է կորցնել քունը: Իմ բեմադրած յուրաքանչյուր ներկայացմամբ փորձում եմ վեր հանել այդ խնդիրները, պատասխան տալ այդ խնդիրներին:



- Գո՛ռ, ներկայացումները կարող են վեր հանել խնդիրներ, սակայն ի՞նչ եք կարծում՝ դրանք կարո՞ղ են խնդրի լուծման հիմք հանդիսանալ:

- Այո՛, իհարկե, ներկայացումները վեր են հանում խնդիրներ եւ փորձում տալ խնդիրների պատասխաններ ու լուծումներ: Իմ ներկայացումներում ես փորձում եմ առաջարկել այդ լուծումները, իսկ թե որքանով է դա ինձ հաջողվում, կարող  է պատասխանել միայն ու միայն հանդիսատեսը:

- Ձեր բեմադրած «Մեղրի համը» հաղթանակ բերեց մի քանի անվանակարգերում՝ դառնալով տարվա լավագույն ներկայացում: Մի փոքր կպատմե՞ք այդ ներկայացման մասին: Վստահ եմ` այն արտերկրում նույնպես հաջողություն ունեցավ: 

- «Մեղրի համը» առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ստեղծագործական կյանքում: Հիմա համարձակ կարող եմ ասել, որ ներկայացումը հաջողված էր: Այն «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց վեց անվանակարգերում: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ նաեւ Հայաստանից դուրս: Մոսկվայում ունեցանք երկու ցուցադրություն, որոնք անցան լեփ-լեցուն դահլիճում: Այն ռուս հանդիսատեսի կողմից արժանացավ ջերմ ընդունելության: Նախորդ տարի Մինսկում մասնակցեցինք ԱՊՀ եւ Մերձբալթյան  երկրների, Վրաստանի երիտասարդ ռեժիսորների  ֆորումին, որտեղ ներկայացումը նույնպես արժանացավ ջերմ ընդունելության, իսկ Մարիամ Ղազանչյանը արժանացավ ֆորումի լավագույն կին դերակատար մրցանակին:

- Ո՞րն է Ձեր ներկայացման հաջողության գրավականը:

- Հաջողության գրավականի գաղտնի պահած բաղադրատոմս չունեմ, միայն կարող եմ ասել, որ ես խենթի նման սիրում եմ իմ աշխատանքը, թատրոնը, իմ դերասաններին, իրենք էլ՝ երեւի ինձ: 

- Գո՛ռ, ծնվել եք տարվա վերջին օրը... Մոտենում է Ձեր ծննդյան տարեդարձը. այս տարի ի՞նչ եք ցանկացել Ձմեռ պապիկից:

- Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք: Դեռ չեմ որոշել, թե Ձմեռ պապիկից ինչ եմ ցանկանում այս տարի, բայց հույս ունեմ, որ շատ նվերներ կստանամ: Իրականում նվեր ստանալ եւ նվիրել շատ եմ սիրում, սակայն, ինչ խոսք, ստանալ ավելի շատ եմ սիրում:

- Գալիք տարում ի՞նչ պլաններ ունեք:

- Պլանավորում եմ` ապրել, ստեղծագործել եւ սիրել: