Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-12-2016
Ավետ Բարսեղյան. «Ինձ դուր է գալիս այն, ինչ որ ես կամ՝ սկսած իմ սխալներից»
Երեւանի պետական համալսարանում անցկացվող «Հաջողության նախագծի» «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթացների շարքի երրորդ հանդիպումը վարեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Դահլիճը մարդաշատ էր, հանդիպումը սկսելուց մոտ մեկ ժամ առաջ արդեն բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել դռների մոտ:



Յուրաքանչյուրը ցանկանում էր րոպե առաջ լսել հայտնի հաղորդավարի հաջողության բանաձեւը: 



Սուտ է յուրաքանչյուր տեսակի բանաձեւ…

Չկան օրենքներ, ցանկացած մասնագիտության տեր մարդ պետք է գտնի իր ձեռագիրը: Լսե՛ք յուրաքանչյուրին, փորձե՛ք ոգեւորվել եւ տհաճություն ապրել ինչ-որ բաներից, բայց գտե՛ք ձերը, գտե՛ք ձեր ես-ը: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Գտե՛ք անհատական կոդը: Հաջողության բանաձեւ՝ որպես այդպիսին, չկա, այսինքն՝ այսպես պետք է շնչես, գրես, մտածես ու կհասնես հաջողության: Հաջողությունը շատ սուբյեկտիվ, շատ անհատական բան է, որն ավելի շատ պատասխանատվության հետ է կապված, քան էյֆորիկ մի վիճակի: Մարդ պետք է այն կրելու պատրաստակամություն ունենա, հատկապես՝ այն հասարակարգերում, որտեղ մարդիկ ունեն խոսքի իրավունք: 

Մենք, ցավոք, ապրում ենք like-ի եւ dislike-ի դարում, երբ հաջողակ լինելը եւ հասարակության ափի մեջ ապրելը շատ դժվար են ու անցանկալի: Երիտասարդ տարիքում դու ուզում ես դրան հասնել, բայց հետո գալիս է մի պահ, երբ ասում ես, որ ավելի լավ է լինել հասարակ մարդ, ով հանրաճանաչ չէ և շատ ավելի խաղաղ է ապրում: Հայտնիությունը մեծ հաջողություն չեմ համարում. այն իրականում պրոբլեմատիկ լարվածություն է: 



Ե՞րբ է այցելում հաջողությունը…

Ինքնանպատակ երբեւէ չպետք է լինի հաջողությունը, ինքնանպատակ պետք է լինի կարեւորել քո ես-ն այս մեծ աշխարհում: Անպայման չէ, որ շատ մարդիկ ձեզ հետ նկարվեն, ձեզ ճանաչեն ու իմանան ձեր անուն-ազգանունը, բայց երբ հոգին, ես-ն ինչ-որ կերպ կարողանում են իրեն ռեալիզացնել այս կյանքում, այդ ժամանակ գալիս է հաջողությունը:



Հաջողակ մարդը պետք է լինի ներդաշնակ…

Միտքը մեր գիտակցական գործողությունն է, սիրտը խիղճն է, փոքրիկ Հիսուսը՝ մեր օրգանիզմում, թե որն է ճիշտն ու սխալը, բարոյականն ու աստվածահաճոն, որոշում է մեր սիրտը, իսկ հոգին կապն է, որը միացնում է մարդուն տիեզերքին: Պետք է նայել այս երեք կառուցվածքով: Ներդաշնակ մարդը չի կարող լինել նախանձ ու չարամիտ:

Ճիշտն ու սխալը, ինչպես դժոխքն ու դրախտը, գտնվում են մարդու ներսում: Եթե ինչ-որ բան ձեր 3 սուբստանցիաներով՝ մտքով, հոգով ու սրտով, ճիշտ եք համարում, ուրեմն ձեր ճիշտը դա է, կգտնեք այդ հաջողությունը: Պետք չէ մտածել, որ եթե ուրիշի սրտում սա ճիշտ է, ես էլ այդպես անեմ, ես էլ հաջողության կհասնեմ:



Խոսքը շատ ազդեցիկ բան է…

Խոսքը հաղորդակցության միջոց է: Չկան խոսքի հաջողության օրենքներ: Եղե՛ք ներդաշնակ խոսքում, որովհետեւ խոսքի ուժով պետություններ կարելի է ղեկավարել, հեղափոխություններ ունենալ, խոսքի ուժն է մարդկանց հոգին բարձրացնելու եւ գիտակցությունը լայնացնելու հնարավորություն տալիս:

Իմ հաջողության բանաձեւն այն է եղել, որ ես երբեք չեմ լարվել խոսելիս. այդ պահին ռուսերեն է եկել այդ բառը մտքիս, ռուսերեն եմ ասել, ա-ով է եկել, ա-ով եմ ասել՝ իմանալով ճիշտը: 



Ապրո՞ւմ ենք հակա, թե՞ հանուն…

Շատ կարեւոր է՝ մարդն ապրում է հակա, թե հանուն: Կարելի է ապրել հակաիշխանության, բայց կարելի է ապրել հանուն լավ ապագայի, ընտանիքի: Հակա-ն ամենաթույլերինն է: Կարելի է շատ հեշտ ապրել հակա, հանունը դժվար գործընթաց է ու շատ ավելի ներուժ պահանջող:



Յուրաքանչյուրը կարող է իր միկրոաշխարհը ստեղծել…

Եթե դու զգում ես, որ քո շրջապատում x մարդն ապրում է այլ արժեքներով, քո մտածելակերպի մարդ հաստատ կա, ստեղծի՛ր քո միկրոաշխարհն այդ մարդկանցով: Ստեղծե՛ք տիեզերք ձեր արբանյակներով ու մոլորակներով, որտեղ Արեգակը կլինի ձեր սերը, հարգանքը, ծնողը, սիրած էակը, ստեղծե՛ք այլ իրականություն, որը ձեզ չի խանգարի ու չի դարձնի ձեզ ցնորված: Դու չես կարող մտնել ուրիշի տիեզերքի մեջ ու հետո բողոքել, ստեղծե՛ք ձեր աշխարհը:



Բարի եւ չար նախանձ…

Կա նախանձ, որը քեզ ստիպում է առաջ գնալ եւ հրաժարվել այդ զգացողությունից, որովհետեւ որտեղ կա ինքնաբավություն, այնտեղ նախանձը տեղ չունի: Արարչագործական նախանձը խթանում է առաջ գնալ ու ստեղծել: Կա նաեւ նախանձ, որն իր էներգիայով քեզ տապալում է ու սպանում:



Պետք չէ վախենալ սխալներից…

Սխալվե՛ք, ինչքան կարող եք, ու դարձրե՛ք դա ուղիղ ու ճիշտ գնալու ճանապարհի մեջ կարեւոր բան: Ամեն սխալից հետո չպետք է նստել, լաց լինել ու ասել, որ կյանքը վերջացած է: Սխալվե՛ք ու այդ սխալից հետո վերլուծե՛ք ձեր արարքները. հակառակ պարագայում շատ դժվար է ապրել:



Իմ կյանքում ոչինչ չէի փոխի…

Ինձ դուր է գալիս այն, ինչ որ ես կամ՝ սկսած իմ սխալներից: Գուցե դետալներ փոխեի իմ կյանքում: Ինչով ինձ հոգեբանական տրավմայի եմ ենթարկել, կհագեցնեի ուշադրությամբ ու հարազատ մարդկանց կյանքում շատ լինելիությամբ: