Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Առաքել Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 11-12-2016
Առաքել Հայրապետյան. «Դարբնությունն արհեստների արհեստն է»
Երիտասարդ դարբին Առաքել Հայրապետյանի արհեստանոցում եմ ու համակ ուշադրությամբ հետեւում եմ, թե ինչպես է անշունչ երկաթի կտորը նախ շիկանում, ապա ձեւ ու կերպար ստանում զնդանի վրա՝ մուրճի մի քանի հարվածներից հետո: Քիչ անց աչքիս առաջ երկաթե ձողը վերածվում է փոքրիկ մոմակալի:

Դարբնոցում մթնոլորտը ջերմ է… Փայտի վառարանում կրակն ուրախ ճարճատում է ու տրամադրում զրույցի:

…Արհեստների ու հատկապես դարբնության հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում այսօր դժվար է հանդիպել երիտասարդ դարբինների. նրանց մեծամասնությունն ավագ սերնդի ներկայացուցիչներ են: 

Զրուցակիցս 33 տարեկան է, ժողովրդական վարպետ, արվեստների եւ փառատոների միջազգային կազմակերպության անդամ, մասնագիտությամբ՝ մանկավարժ-իրավագետ: Արդեն 7 տարի է՝ զբաղվում է դարբնությամբ, երկաթի գեղարվեստական մշակմամբ՝ շունչ հաղորդելով մետաղին: Առաքել Հայրապետյանն իր հեղինակային աշխատանքները ներկայացրել է տարբեր ցուցահանդեսների ժամանակ, արժանացել պատվոգրերի, շնորհակալագրերի: 



Ձգտումներս տարան այլ ճանապարհով

Ծնվել եմ Կոտայքի մարզի Զովունի համայնքում, արմատներով մշեցի եմ: Նախնիներս Մուշից են գաղթել: Մանկուց տարբեր նախասիրություններ եմ ունեցել: Հաճախել եմ Զովունիի արվեստի դպրոց, ավարտել քանդակի եւ նկարչության բաժինը: Հիշում եմ՝ առաջին գործս բնանկար էր, հետագայում եւս իմ աշխատանքներում բնանկարները գերակշռում էին, քանի որ բնության հանդեպ սերս անչափելի է մինչ այսօր. ես բնության զավակն եմ: Նկարչությունն ինձ ավելի ու ավելի էր գրավում, հետագայում սկսեցի մասնավոր պարապմունքների հաճախել: Միեւնույն ժամանակ դպրոցում եւս բարձր առաջադիմություն ունեի, երազում էի բժիշկ դառնալու մասին: Դպրոցն ավարտեցի գերազանցությամբ եւ ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված՝ սովորեցի մեկ կիսամյակ: Միաժամանակ հաճախում էի Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա՝ որպես ազատ ունկնդիր: Զինվորական ծառայությունից հետո ընդունվեցի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ: Ձգտումներս, սակայն, ինձ միանգամայն այլ ճանապարհով էին տանում. շարունակում էի հաճախելԵրեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա: 

Ընտանիքում արվեստագետներ չունենք, մայրական կողմս գիտության մարդիկ են, սակայն իմ շրջապատում մեծ արվեստագետներ են եղել, ովքեր, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունեցել ինձ վրա: Իմ կարծիքով՝ անհատի կայացման գործում մեծ է ուսուցիչների դերը… Ես դպրոցում (ի դեպ, մայրս եւս ինձ դասավանդել է) եւ կյանքում լավ ուսուցիչներ եմ ունեցել, ովքեր ինձ սովորեցրել են գտնել, նկատել այն գեղեցիկը, որ հաճախ ստվերում է մնում: 



Առաջին ստեղծագործությունս սիրո մասին էր

Մեծերից մեկն ասել է, թե 18-25 տարեկանում բոլորը բանաստեղծ են: Դա մարդու կյանքում ամենագեղեցիկ, ամենազգացմունքային ժամանակահատվածն է, եւ շատ հաճախ բանաստեղծությունն է դառնում ինքնաարտահայտման եղանակ: Ունեմ չափածո գործեր, սակայն ես չէի գրում, որպեսզի ինչ-որ մեկը կարդար: Գրում էի ինձ համար. չէ՞ որ ստեղծագործությունը մարդու ձեռքբերումն է: Դա մի ժամանակահատված էր, որ ապրել եմ յուրովի: Առաջին գործը, բնականաբար, սիրո մասին էր… 

Դարբնություն. արհեստների արհեստը

Դարբնությունը, առանց չափազանցության, կարելի է համարել արհեստների արհեստը: Հնագույն արհեստներից է, որը հարուստ ավանդույթներ է ունեցել Հայաստանում: Հին ավանդազրույցներում մենք տեսնում ենք, թե ինչպիսի դերակատարում են ունեցել դարբինները, ինչ հատկանիշներ է նրանց վերագրել ժողովուրդը: Հայտնի վիպերգում, երբ հոր անեծքով Մասիսի քարանձավներից մեկում շղթայակապ բանտարկված Արտավազդի հավատարիմ շները կրծում են շղթաները, եւ ուր որ է նա պետք է ազատվի, կործանի աշխարհը, դարբինները երեք անգամ կռանները զարկում են սալին, Արտավազդի շղթաներն ամրացնում: Դարբինների պայքարը չար ուժերի դեմ էր, եւ ըստ հավատալիքների՝ վիշապի գլուխը զնդանի տակ է: Հենց դարբիններն էին ստեղծում կենսական նշանակության իրեր՝ զենքեր, աշխատանքային գործիքներ, որոնցով հայրենիք էին պաշտպանում, աշխատում, արարում… Ինձ ի սկզբանե հետաքրքրել ու հրապուրել է դարբնության պատմությունը: Գործին էլ տիրապետել եմ ինքնուրույն: 

Նախ միայն էսքիզներ էի պատրաստում: Հետո սկսեցի աշխատել մետաղի հետ: Սկզբնական շրջանում տեսանյութեր էի դիտում, ծանոթանում աշխատանքի տեխնիկային, գործիքներին: Հետագայում եղա մի քանի արհեստանոցներում, սկզբնական շրջանում սկսեցի նաեւ համագործակցել տարբեր դարբինների հետ: Սկիզբը, իհարկե, շատ դժվար էր, ինչպես ցանկացած սկիզբ: Սակայն ժամանակի ընթացքում աշխատանքներն ընթացան բնականոն հունով, եւ սկսեցի քաղել դրա պտուղները:  



Ցուցահանդեսները

Ստեղծագործող մարդն անընդհատ պրպտումների մեջ է, ցանկանում է նոր մտքեր կյանքի կոչել: Դա նոր ծնունդ է, նոր ուրախություն: Արդեն բավականաչափ աշխատանքներ ունեի, սակայն չէի շտապում դրանք ներկայացնել, առավել եւս՝ մասնակցել որեւէ մրցույթի: Մրցույթների նկատմամբ միշտ զգուշավոր վերաբերմունք եմ ունեցել, քանի որ վստահ եմ՝ հարձակվողը պետք է մի քանի անգամ հզոր լինի պաշտպանվողից: Առաջին ցուցահանդեսին իմ մասնակցությունը, կարելի է ասել, չկշռադատված, ընկերների խորհրդով կայացրած որոշում էր: 2013 թ.-ին մասնակցեցի «Համահայկական էքսպո» ցուցահանդեսին (որն իրականանում էր ՀՀ վարչապետի հովանու ներքո)` ներկայացնելով մի քանի աշխատանքներ: Անկեղծ կլինեմ. հաջողության հասնելու իմ հնարավորությունները չափազանց համեստ էի գնահատում, քանի որ ոլորտում կայացած մարդիկ էին մասնակցում: Սակայն հաղթեցի միանգամից երկու անվանակարգերում, իմ աշխատանքները ճանաչվեցին լավագույնը: 

Երկրորդ ցուցահանդեսը 2014 թ.-ին էր Գյումրիում, մասնակցում էին ԱՊՀ երկրների ներկայացուցիչները: Ցուցահանդեսը երկրի նախագահի բարձր հովանու ներքո էր, եւ ինքն անձամբ ներկա էր: Այն, իհարկե, մրցութային չէր, սակայն առանձնացվում էին լավագույն աշխատանքները, որոնց թվում նաեւ իմ գործերն էին: 

Արհեստի ու արվեստի սահմանագիծը. երկաթի գեղարվեստական մշակում

Գաղտնիք չէ, որ այսօր շատերի կողմից մրցակցության արդյունքում դարբնության ավանդույթները, նախկին տեխնոլոգիաները փոխարինվում են առավել հեշտ, նոր մեթոդներով: Այսինքն՝ կարողանում են ստանալ նույն զարդանախշերը, սակայն՝ առավել դյուրին, քիչ ծախսատար մեթոդներով: 

Իսկ գեղարվեստական մշակման պարագայում վարպետը գործ է ունենում մետաղի էլաստիկ թեքումների, դեֆորմացիայի կանոնների հետ: Այս դեպքում դեֆորմացիաները պետք է հնարավորինս բնական լինեն: Թթենին բնության մեջ աճում է որոշակի կանոններով, իսկ երբ փորձում ես երկաթը «աճեցնել» թթենու կանոններով՝ բնական օրինաչափություններ հաղորդելով մետաղին, այդ դեպքում գործ ունես գեղարվեստական մշակման հետ: Գեղարվեստական արժեք կարելի է ստանալ արվեստի օրինաչափություններով. գոյություն ունեն համաչափություններ, շարժ. եթե մենք տեսնում ենք ճախրանքի պատրաստ արծվին, պետք է պատկերացնենք, թե նա ինչպես կարող է թեւերը փակել: 

Օրինակ՝ դուռը, որքան էլ զարդարենք, արվեստի նմուշ չի դառնա, այն ստեղծված է՝ բացվելու-փակվելու համար, բայց ես կարող եմ ցույց տալ արեւածաղկի քնքշությունը… մետաղով: 



Պահանջարկ

Առավել հաճախ պատվիրում են դռներ, դարպասներ, աստիճանների, լուսամուտների ճաղավանդակներ, ջահեր… Երբեմն լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են այս կամ այն իրի կրկնօրինակը ստեղծել, կամ բերում են լուսանկար, որը հիմք է ծառայում ստեղծագործելու համար: Այդպիսի աշխատանքները, անշուշտ, բավականություն են պատճառում, սակայն, ցավոք, նման պատվերներն ավելի քիչ են: 

Հոգեվիճակ…

Երբ գործ ունես հերթական ճաղավանդակի հետ, դժվար է խոսել որեւէ հոգեվիճակի մասին: Պատվերը երբեմն հարկադրված բեռ է, ոչ թե ստեղծագործություն: Իսկ երբ ստեղծագործում ես, անշունչ իրի մեջ հոգի ես դնում, այն մինչեւ վերջ մնում է քոնը: Երբ սկսում ես ստեղծագործական աշխատանքը, ամեն մի րոպեն այնքան անուշ է անցնում: 

Իմ գործերից կառանձնացնեի գեղարդի կրկնօրինակումը, որով Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը խոցել է նրա կողը, Արցախի զինանշանը, որը եւս բավականին ծավալուն աշխատանք էր: Այն պետք է ավարտուն տեսք ունենար 2 ամսվա ընթացքում, սակայն հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ ես առանց դադարի աշխատեցի, որպեսզի հնարավորինս շուտ ավարտեի աշխատանքը: Իմ սիրելի աշխատանքներից է նաեւ արծիվը… Գիտեք, հնարավոր է՝ փորձես արծիվ ստեղծել, սակայն վերջում նկատես, որ այն հնդկահավ է, արծվի դիմապատկեր չունի: Կարծում եմ՝ ստացված գործ է: