Նյութը՝ ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայության
Տեղադրվել է 05-12-2016
Նոր անվանակարգերով դրամաշնորհ ՀԿ-ների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետեւյալ անվանակարգերով.

•    Հանրային վերահսկողության եւ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում,
•    Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների եւ ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում,
•    Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգերի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի դեկտեմբերի 15-ը եւ ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաեւ հայտի, ծրագրի եւ ֆինանսական նախահաշվի ձեւերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից: