Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-12-2016
Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն Ամանորի ներկայացում կնվիրի փոքրիկներին
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի:

Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջին ամիսներին ցուցադրվում են «Իմ կնոջ անունն է Մորիս», «Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Սե լա վի» եւ «Կոմա Նոստրա» սիրված ներկայացումները: 

Դեկտեմբերի 25-ից էլ թատրոնի խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը: Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմում է կառույցի եւ մանուկների համար նախատեսված ներկայացման մասին:

- Մոտ երկու ամիս է, ինչ Բաղրամյան 3 հասցեում գործունեություն ենք ծավալում: Հետաքրքրությունը բավականին մեծ է, հանդիսատեսը սովորել է թատրոնի տեղը, հարմարվել: Մարդիկ հաճախում են, դիտում ներկայացումներ: Հնարավոր բոլոր պայմանները փորձել ենք ստեղծել, որ հանդիսատեսն իրեն տաք, հարմար եւ հանգիստ զգա: 

- Ամանորին ընդառաջ ի՞նչ ներկայացում է պատրաստում թատրոնը: 

- Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես եւ խոստացել էր, բեմադրություն է պատրաստել: Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տեւողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի եւ երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաեւ Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա եւ կկախարդի հեքիաթի հերոսներին եւ… 

- Ե՞րբ է այն ներկայացվելու: 

- Դեկտեմբերի 25-30-ը օրական մի քանի անգամ կսկսենք ներկայացնել այն: Այնուհետեւ՝ տոներից հետո՝ հունվարի 4-ից կշարունակենք: 

- Ովքե՞ր են ներգրավված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացման մեջ: 

- Ներգրավված են երիտասարդներ: Նրանք արդեն զբաղված են մեր թատրոնի ներկայացումներում: Այդպիսով մենք նաեւ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում հանդես գալու թատրոնում, ինչը շատ լավ սկիզբ է նրանց համար: Շատ լավ երիտասարդներ են, ոչ միայն դերասանությամբ են զբաղվում, այլեւ գրում են, ջնջում են, աշխատում, հսկում, վերանորոգում են եւ այլն: Ունիվերսալ վարպետ-դերասաններ ենք պատրաստել: Չէ՞ որ թատրոնը միայն դերասանություն անելը չէ: 

- Բացի այդ ներկայացումից՝ 2017-ին նախատեսվա՞ծ են նոր բեմադրություններ: 

- Նոր ներկայացումներ անպայման կլինեն: 2017-ին անակնկալներ կլինեն, մի քանի պրեմիերաներ կունենանք: Շարունակելու ենք նաեւ խաղացանկային ներկայացումներ ցուցադրել, ինչպես նաեւ հյուրախաղեր կունենանք տարբեր երկրներում: