Նյութը՝ Արևիկ Բադալյանի
Տեղադրվել է 01-12-2016
Անվճար, առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար
Եթե Դուք աշխատում եք մշակույթի ոլորտում կամ պարզապես հետաքրքրված եք ռազմավարության մշակմամբ, շահերի պաշտպանությամբ, ստեղծարարությամբ եւ ծրագրի կազմամբ, ապա Եվրոպական միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մշակված առցանց դասընթացները Ձեզ համար են:

Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է մի քանի կարճ հոլովակներից, որոնց հաջորդում են գործնական խորհուրդները եւ օրինակները։ Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստանալ վկայական։ Դասընթացները հասանելի են ութ լեզվով (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն եւ ադրբեջաներեն) եւ ներկայացնում են մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության ոլորտում եվրոպական լավագույն փորձը։ 

Դասընթացին մասնակցելու եւ վկայական ստանալու համար պետք է ընտրեք Ձեր նախընտրած թեման ծրագրի կայքէջում,  դիտեք դասընթացի նյութերը եւ պատասխանեք թեստի հարցերին։ Դասընթացներից չորսը՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն, Ստեղծարար Եվրոպա եւ Ծրագրի առաջարկի շարադրում, արդեն տեղադրված են կայքում։

Ռազմավարության մշակում դասընթացը Ձեզ կսովորեցնի ձեւակերպել կազմակերպության տեսլականը, իրականացնել ներքին եւ արտաքին վերլուծություններ, որոշակիացնել մրցակցային առավելությունները եւ իրագործել հաջող մարքեթինգային նախագիծ (դասընթացը մշակվել է ստեղծարար բիզնեսի մասին հայտնի գրքի հեղինակ Դեյվիդ Փերիշի կողմից)։ 

Շահերի պաշտպանության դասընթացի հոլովակները Ձեզ կսովորեցնեն մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն։ Դուք նաեւ գործնական խորհուրդներ կստանաք հիմնական գործիքների եւ արդյունավետ քարոզարշավի մեթոդների մասին (դասընթացը մշակվել է հաղորդակցության փորձագետ Անուշ Բեղլոյանի կողմից)։

Ստեղծարար Եվրոպա հեռահար ուսուցման դասընթացը բաղկացած է հինգ հոլովակից, քայլ առ քայլ հրահանգներով՝ ինչպես դիմել «Ստեղծարար Եվրոպային»՝ մշակույթի ոլորտում Եվրոպայի ամենամեծ դրամաշնորհային ծրագրին (դասընթացը մշակել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի Լիտվայի գրասենյակի ղեկավար Էգլե Դելտուվայտեն եւ Էստոնիայի գրասենյակի ղեկավար Իվլին Կարու-Վեսկիոյան)։ Այս դասընթացի շնորհիվ Ստեղծարար Եվրոպա ծրագրին դիմելիս Դուք կիմանաք ընտրության չափանիշների, գրանցման ընթացքի, գործընկերների փնտրման եւ հաջողության գրավականների մասին։

Ծրագրի առաջարկի շարադրման դասընթացը կօգնի մշակույթի կառավարիչներին մշակել ծրագրի առաջարկներ եւ այսպիսով ձեռք բերել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ: Դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք սահմանել նախագծի նպատակները, խնդիրները եւ ակնկալվող արդյունքները, գտնել գործընկերներ եւ մշակել պատշաճ հայտադիմումներ: Դասընթացը վարում է Մագդալենա Կռասովսկա-Իգրասը՝ ծրագրի առաջարկի եւ բյուջեի շարադրման դասընթացավարը, ով ունի ավելի քան տասներկու տարվա փորձ:

Եվրոպական միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային եւ ստեղծարար արդյունաբերությանը եւ մեծացնել դրանց ներդրումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։

Դասընթացների մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.culturepartnership.eu  կայքէջ կամ գրե՛ք info@culturepartnership.eu հասցեին։