Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 29-11-2016
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կամփոփվի նոյեմբերի 30-ին
2016 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14.00-18.30-ը, Երեւանի կամերային պետական թատրոնում տեղի կունենա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ ժամը 19.00-20.30-ը՝ արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի անցկացման հիմնական նպատակներն են երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը եւ զարգացումը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը եւ հնարավոր ներդրումը, սոցիալական եւ հասարակական կարեւոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների եւ կառավարման պետական մարմինների միջեւ համագործակցության կատարելագործումը:

Ստացվել է մոտ երեք տասնյակ հայտ հետեւյալ անվանակարգերում՝

•   Գյուղատնտեսական գիտություններ 
•   Տեղեկատվական տեխնոլոգիաներ 
•   Բժշկական եւ դեղագործական գիտություններ 
•   Տեխնիկական գիտություններ 

Մրցույթի փորձագիտական հանձնաժողովն իրականացրել է մրցութային հայտերի փորձագիտական նախնական գնահատում, որի արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ են անցել տասներեք լավագույնները: Դրանցից էլ եզրափակիչ փուլում կընտրվեն մրցույթի հաղթող 4 նորարարական նախագծերը եւ գիտատեխնիկական մշակումները:

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: 

«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցութի հաղթած նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: