Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Մամիկոն Պապիկյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 29-11-2016
Մամիկոն Պապիկյան. «Ես ազատություն եմ սիրում»
Հայկական հնադարյան կրկեսի ամենաերկարակյաց ժանրը համարվող լարախաղացությունը, որը երկար դարերի ընթացքում (նաեւ` ոչ վաղ անցյալում) մեծ ժողովրդականություն էր վայելում, ներկայում, ցավոք, ի թիվս ազգային այլ արժեքների` գրեթե մոռացության եզրին է:

Անցյալում անհնար էր պատկերացնել որեւէ հարսանիք, ուխտագնացություն, ազգային տոնախմբություն առանց լարախաղացների` ժողովրդական լեզվով ասած` փահլեւանների ներկայության, ովքեր առանձնահատուկ ուրախություն ու ջերմություն էին սփռում իրենց շուրջը: Այսօր նրանց կարելի է հանդիպել հազվադեպ` մշակութային միջոցառումների ժամանակ: 

Մեր հերոսը` Մամիկոն Պապիկյանը, ընդամենը 26 տարեկան է: 5 տարեկան էր, երբ առաջին անգամ բարձրացավ լարի վրա, եւ այդ պահից լարախաղացությունը դարձավ կենսակերպ: 



- Մամիկո ՛ն, մանկության տարիներին դիտելով լարախաղացների ելույթները` ես պատկերացնում էի, թե նրանք գերմարդկային հատկանիշներով օժտված, առեղծվածային հերոսներ են, ովքեր կարողանում են քայլել ու աներեւակայելի հնարքներ կատարել սովորական մահկանացուներից «վերեւ»` մի քանի մետր բարձրության վրա գտնվող ու ճոճվող լարի վրա: Ինչպե՞ս ստացվեց, որ 5 տարեկան երեխան սկսեց յուրացնել լարախաղացության հմտությունները: Ո՞վ է Ձեզ ցույց տվել այդ ճանապարհը: 

- Իմ ընտանիքում կամ հարազատների շրջանում լարախաղացներ երբեք չեն եղել: Հորեղբայրս լարախաղացների խմբում երաժիշտ էր եւ անընդհատ դիտելով նրանց ելույթները՝ մեծ ցանկություն ուներ, որպեսզի նաեւ ես, իր դուստրը եւ ընկերոջ որդին լարախաղացներ դառնանք: Հիշում եմ` երբ հորեղբայրս ընկերոջ հետ փորձում էր սովորեցնել մեզ, ներկա 24-25 երեխաներից միայն չորս հոգուս հաջողվեց բարձրանալ լարի վրա: Ավագ եղբայրս ընկավ եւ այլեւս չցանկացավ սովորել: Շարունակեցինք ես, հորեղբորս դուստրը եւ նրա ընկերոջ որդին: Փոքր էի, բայց այդ ամենը ինձ շատ էր հետաքրքրում: Մեծ հաճույքով էի սովորում: 



- Հիշո՞ւմ եք Ձեր առառջին ելույթը:

- 6 տարեկան էի, երբ ելույթ ունեցա Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում: Մեկ տարի սովորելուց հետո դա իմ առաջին ելույթն էր, որին սպասել էի երեխայի անհամբերությամբ: Նշեմ նաեւ, որ սովորել էի 1-1.5 մետր բարձրություն ունեցող լարի վրա, իսկ այդ օրն առաջին անգամ բարձրացա 4 մետր բարձրություն ունեցող լարի վրա եւ հաջողությամբ մի քանի հնարքներ կատարեցի: 

Դրանից հետո բավականին հաճախ էի մասնակցում տարբեր միջոցառումների: 2 տարի անց առաջին անգամ ընկա լարի վրայից: Հորեղբայրս, սակայն, հասցրեց ինձ օդում բռնել: 8 տարեկանից սկսեցի ելույթներ ունենալ նաեւ ՌԴ քաղաքներում: 



- Փաստորեն, ընկնելու վտանգը բացառված չէ... Ո՞րն է մինչ օրս լարի վրա կատարած Ձեր ամենաբարդ հնարքը: 

- Առանց ընկնելու լարախաղաց երբեք չես դառնա (ժպտում է): Մենք անվտանգության որեւէ երաշխիք չունենք: Օրինակ` կրկեսում եւս կարող են լինել այնպիսի ներկայացումներ, երբ արտիստը քայլում է լարի վրայով կամ տարբեր հնարքներ է կատարում, սակայն նրանք պարտադիր պաշտպանված են: Եթե ես գիտակցեմ, որ ինձնից պարան է կապված, թեկուզ եւ անվտանգության նկատառումներով, չեմ կարող անել այն, ինչ անում եմ եւ կընկնեմ լարից: Ես անգամ Մոսկվայի կրկեսում ելույթ ունենալու հրավեր եմ ստացել, սակայն չեմ կարող ինձ լիարժեք զգալ փակ տարածքում: Ես ազատություն եմ սիրում:  

Դժվար հնարքներ գոյություն չունեն: Դրանք լինում են հեշտ եւ ավելի հեշտ: Իմ համարները մշակում եմ ես` լսելով եւ պատկերացնելով, շատ դեպքերում նախապես չեմ փորձում, եւ, փառք Աստծո, ստացվում է: 



- Ես մնում եմ իմ համոզմանը, որ միայն սովորելով հնարավոր չէ տիրապետել բարակ, ճոճվող լարի վրայով քայլելու արվեստին: Այնուամենայնիվ, լարախաղացներն ընտրյալներ են: Ո՞ր հատկանիշներն են կարեւոր հաջողության հասնելու համար: 

- Գուցե այդպես է: Գուցե այդ կարողություններն ի վերուստ են տրված, բայց մենք չգիտենք: Ես պատմեցի, որ 25 երեխայից միայն մի քանիսս կարողացանք կանգնել լարի վրա. դա բոլորին հասու չէր: 

Առաջին հերթին ներքին ուժ է անհրաժեշտ, համարձակություն, զգուշավորություն, կենտրոնանալու կարողություն: Ժամանակի ընթացքում ամեն բան սովորական է դառնում, եւ ձգտում ես նորանոր հաջողությունների: 



- Ժողովրդական հավատալիքներում լարախաղացը համարվել է հրաշագործ: Օրինակ` հավատացել են, որ եթե համր երեխան, լարախաղացի մեջքին կապված, «անցնի» լարի վրայով, անպայման կսկսի խոսել...

- Այո՛, փահլեւանը համարվել է Աստծո տված մարդ: Գուցե զարմանալի թվա, բայց հիմա էլ ես եմ նման երեւույթների ականատեսը լինում: Խնդրում են, որ երեխային շալակեմ եւ անցնեմ լարի վրայով: Երբեմն լարի տակով յոթ անգամ անցնում են` հավատալով, որ որոշ հիվանդություններ կբուժվեն: Բաժակով ջրին, որ փահլեւանն անց է կացնում լարի վրայով, հրաշագործ հատկանիշներ են վերագրվել, եւ այսօր էլ մարդիկ այդ ջուրը խմում են: 

...Ինչպես հայտնի է, լարախաղացները եղել են Մշո Սուրբ Կարապետ վանքի ուխտավորները: Այսօր էլ յուրաքանչյուր ելույթից առաջ` լարի վրա բարձրանալիս, բոլոր փահլեւաններն աղոթքի նման շշնջում են. «Մշո Սուլթան Ս. Կարապետ, մեզ հետ եղի՛ր…»:

Փահլեւանի տարազը, ավանդույթի համաձայն, այսօր էլ կարմիր կամ ծիրանագույն է, մեջքին պարտադիր խաչ է պատկերված. մենք պաշտպանված ենք, Աստված միշտ մեզ հետ է: Տարազներս, ի դեպ, մայրս է կարում: 



- Ի՞նչ հաճախականությամբ եք ելույթ ունենում Հայաստանում: Կարո՞ղ եք հիշել դրանցից ամենատպավորիչը: 

- Վերջին ելույթս ամիս ու կես առաջ էր: Չեմ կարող նշել ելույթների հստակ պարբերականություն: Երբեմն հրավերներն այնքան շատ են լինում, որ անգամ դժվար է լինում հասցնել, երբեմն էլ ամիսներ շարունակ ելույթ չեմ ունենում: Ի դեպ, մարզերից եւս հրավերներ ստանում եմ: Շարունակում եմ ելույթներս նաեւ ՌԴ-ում: Դժվարանում եմ առանձնացնել ամենատպավորիչ ելույթս: Դրանք բոլորն էլ հետաքրքիր են. օրինակ` նախորդ տարի` Ամանորի գիշերը, ձյան տակ ելույթ եմ ունեցել Դիլիջանում: 

Ես կարծում եմ` այսօր մարդիկ հետաքրքրված են մեր ելույթներով, այսինքն` պահանջարկ կա, սակայն դա, ցավոք, պայմանավորված է նրանով, որ լարախաղացությունը մոռացության է տրվում, Հայաստանում լարախաղացներ գրեթե չկան: 



- Խնդրում եմ` պատմե՛ք նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ունեցած ելույթների մասին: Հետաքրքիր է` ինչպե՞ս են դրանք ընդունվում այլազգի հանդիսատեսի կողմից: 

- Լարախաղացի ելույթները հետաքրքրում են բացառապես բոլորին: Ազգությունը որեւէ նշանակություն չունի: Եթե մոտակայքում փահլեւան կա, բոլորը փորձում են ամեն գնով տեսնել նրան: Ելույթներ եմ ունեցել տարբեր քաղաքներում, մինչեւ անգամ հասել ենք Ուրայ: Ճանապարհին հյուրընկալվել ենք այլ քաղաքներում եւս, որպեսզի ելույթ ունենանք հայ համայնքի ներկայացուցիչների համար: Հերթական հրավերը համընկել էր քաղաքներից մեկի տոնի հետ: Մեծ տոնախմբություն էր կազմակերպվել, որտեղ ներկայացվում էր նաեւ հայկական մշակույթը: Մեր կողքին ադրբեջանցիներն էին: Քաղաքապետը շրջում էր եւ դիտում բոլոր ելույթները: Ի սկզբանե որոշված էր, որ ընդամենը 5 րոպեով է ներկա լինելու յուրաքանչյուր ելույթին, սակայն մոտ 25 րոպե դիտեց իմ ելույթը եւ ադրբեջանցիներին չմոտեցավ: 

Ջերմ ընդունելության ենք արժանացել նաեւ Խանտի-Մանսիյսկ քաղաքում, որտեղ մեր ելույթի առաջին իսկ րոպեներից 700-800 հանդիսատես հավաքվեց: Այդ թիվը շուտով եռապատկվեց: Փահլեւանը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Երեխաները ձեռքով դիպչում էին ինձ` համոզվելու համար, թե լարի վրա տարբեր հնարքներ կատարողն արդյոք իրական մարդ է:



- Մամիկո՛ն, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար: Վերջում կցանկանայի իմանալ` կուզենայիք, որ Ձեր որդին էլ լարախաղաց դառնա: 

- Որդիս դեռ երկու տարեկան է: Երբ կդառնա 5 տարեկան, պարտադիր կսովորեցնեմ: Ցանկությունս մեծ է, որ նա էլ տիրապետի լարախաղացության հմտություններին: