Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 28-11-2016
Շիրակի բազե. «Գյումրին միամ մեծ տուն է, ուրդեղ մարդիկ իրար զգալու կապ ունին»
Մասնագիտությամբ իրավագետ գյումրեցի Արսեն Վարդանյանը, ով հայտնի է Շիրակի բազե անվամբ, «Civil Voice» հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակի տնօրենն է, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ Գյումրու երիտասարդական բանկ կոմիտեի անդամ, «Գյումրի ԻնֆոՏուն» տեղեկատվական ռեսուրս կենտրոնի փորձագետ, «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջի ստեղծող, հարազատ քաղաքի եւ երկրի ներկայով ու ապագայով մտահոգ երիտասարդ:

Նրա հետ զրուցել ենք Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում իրականացվող երիտասարդական ծրագրերի մասին, ինչպես նաեւ իր եւ իր՝ գյումրեցուն բնորոշ անկեղծ հումորով տրված պատասխանների միջոցով փորձել բացահայտել գյումրեցու կերպարը: 



- Մոտավորապես 5 տարի առաջ ինչպե՞ս ծագեց «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջը հիմնելու գաղափարը:

- Կատակելու տրամադրություն կար, միավորվելու կարիք կար, հետո զգացինք, որ սոցիալական ցանցերում Գյումրուն վերաբերող խմբերը միայն ու միայն դժվար, բարդ, ծանր դեպքերով հարուստ քննարկումներով են լի: Որոշեցինք մեղմել վիճակը, մի խումբ ստեղծել, որ հետագայում ռեսուրս կդառնա` օդի մեջ ծնվող ու արդեն ծնված անեկդոտների հավաքման համար, ինչու չէ, նաեւ տարբերվող միջավայր կլինի, որ մարդիկ, մյուս խմբերի քննարկումներից հոգնած, կգան այստեղ՝ մի փոքր լիցքաթափվելու: Հետո մտածեցինք գիրք հրատարակել, ենթադրենք՝ 10000 անեկդոտների ժողովածու: Դեռ չենք հրատարակել գիրքը, բայց մեր միջոցներով արդեն հեռախոսների համար հավելվածներ ենք ստեղծել:

- Խմբի անդամ դառնալ ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է: Ինչպե՞ս գրանցվեց այդպիսի աճ:

- Սկզբում 300 եւ մի փոքր ավելի օգտատեր կային, միայն՝ գյումրեցի: Հետո մտածեցինք, որ եսասիրության պես մի բան է, ուզեցինք ընդլայնել շրջանակը. բոլոր ցանկացողների մուտքը սկսեցինք թույլատրել, որպեսզի իրենք էլ ծանոթանան Գյումրու կոլորիտին: Ու հիմա խմբում 76.000-ից ավելի կատակող ունենք: Դինամիկ զարգացող խմբերից է, օրվա ընթացքում միջինը 100-150 օգտատեր խմբին միանալու ցանկություն է հայտնում: 



- Ֆեյսբուքյան խմբում, բացի հումորներից, տեղ են գտնում նաեւ Գյումրու մասին ճանաչողական հրապարակումներ: Կարելի՞ է ասել, որ այդ նախագիծը տեղափոխվել է նաեւ իրական կյանք:

- Խմբում, բացի կատակներ տեղադրելուց, մի փոքր նաեւ ներքին տուրիզմի զարգացման եւ դեպի Գյումրի մարդկանց հրավիրելու քայլեր ենք մշակել: Բավական հաջող առաջընթաց ունենք, շատ ու շատ մարդիկ են այցելում Գյումրի, վայելում այն, մեկ ուրիշ անգամ արդեն մեզ այցելած մարդիկ են իրենց մտերիմներին ու ընտանիքի անդամներին բերում Գյումրի:

Խմբում խրախուսման մեխանիզմներ կան. այն Գյումրիում գործող սպասարկման ոլորտի ուշադրության կենտրոնում է, օրինակ՝ «Անի» ֆոտոսերվիսը լավագույն կատակները գրողներին պարբերաբար գեղեցիկ անակնկալներ է մատուցում:

Խումբը դարձել է փոքր համացանցային բրենդ եւ, «հակահետախուզությունից» մեզ մոտ կանգնած աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, սկսել է  ժողովրդականություն վայելել: Կարելի է ասել, որ սա յուրօրինակ startup է՝ մարդկանց միավորելու եւ մեկ այլ տրամաբանական շարունակություն ապահովելու համար:

Մարդիկ սիրում են Գյումրին, հումորը պահանջված էր, մենք էլ միավորեցինք համացանցային գործիքի միջոցով, որպեսզի իմացողները վերհիշեն, չիմացողներն էլ սովորեն շատ ու շատ լավ բաներ Գյումրու մասին: Այս օրինակը նաեւ Հայաստանի մասշտաբով պիտի վարակիչ դառնա. մտածել, թե ամեն բնակավայր ինչով է հարուստ, ինչ ռեսուրսներ ունի, որ պիտանի են, ու արդեն իսկ ստեղծված են կամ ստեղծելու համար 0 դրամ է պահանջվում, թմբկահարել, ներկայացնել իրենց բնակավայրը, տարածաշրջանը, որպեսզի այն նաեւ գրավիչ լինի մյուսների համար, ու մարդիկ այցելեն:



- Դուք «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրներից եք. ի՞նչպիսի քայլեր են ձեռնարկվում ծրագրի շրջանակում:

- Այն յուրօրինակ կառուցվածք ունեցող, բարոյական նորմերի հիման վրա ձեւավորված նախաձեռնություն է: Մարդիկ ազատ են գալ ու գնալ, միանալ ու բաժանվել, սակայն իրենց առօրյա գործունեության ընթացքում ոչ մի քայլով չպիտի վնասեն նախաձեռնության ձեռք բերած բարի համբավին: Անդամները տարբեր կազմակերպություններում աշխատող անհատներ են, կամավորներ, ուսանողներ կամ անհատ ձեռներեցներ: Ամեն ամիս կամ ամսվա մեջ մի քանի անգամ հավաքվում եւ սկսում ենք մտածել ու անել այնպիսի կարեւոր գործեր, որ դեռ չեն եղել, կամ որ շատ կուզենայինք այլ ձեւաչափով մենք անել` ի բարօրություն Գյումրու եւ հայության:

Մենք Գյումրիում այս տարիների ընթացքում «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության տաղանդավոր երիտասարդների հետ քաղաքի շենք-շինությունների պատերին փակցրինք Աշոտ Գյումրու սրախոսությունները: Ճիշտ է, երկրաշարժից հետո վնասված պատեր, տանիքներ ու դեռեւս ծանր վիճակ հիշեցնող միջավայր ունենք մի շարք փողոցներում ու թաղամասերում, բայց մարդիկ ցուցանակներից Գյումրու կյանքին բնորոշ լավ գծեր կարդալու հնարավորություն ունեն: Սա մշակույթի ներկայացման յուրօրինակ սոցիալականացման ձեւ է, որովհետեւ եթե նույնիսկ գյումրեցիներ չլինեն մարդկանց հետ, քաղաքի այցելուները պատերին փակցված պաստառներից արդեն իսկ մեծ բավականություն ու պատկերացում կստանան քաղաքի կյանքից:

Նույն տրամաբանությամբ «Civil Voice» հասարակական կազմակերպության միջոցով Գյումրիում ստեղծեցինք այլ պաստառներ եւ Պարույր Սեւակի փողոցը դարձրինք ասմունքող փողոց. որոշեցինք գեղեցիկ ձեւաչափով ամեն շենքի համար առանձին ցուցանակ պատրաստել, որտեղ կերեւա տվյալ շենքի հասցեն, Պարույր Սեւակի պատկերը, փողոցի անվանումը՝ հայերեն ու անգլերեն տարբերակով, եւ որեւէ գեղեցիկ ստեղծագործություն, միտք կամ աֆորիզմ Պարույր Սեւակից: Սա նաեւ «փողոցը լավ դպրոց է» ձեւաչափն է: Մարդիկ կշրջեն ու փողոցում, գովազդներից բացի, հանրային գրադարանից կօգտվեն ցուցատախտակների տեսքով: 



- Ի՞նչը կուզեիք փոխել Գյումրիում:

- Հիմա երկու շատ կարեւոր զուգահեռ քայլեր պիտի անենք՝ կրթել ամեն հնարավոր ու անհնարին բաները եւ սոցիալական բիզնեսում օգտագործելի դարձնել ձեռք բերած գիտելիքները: Մի փոքր երկրի ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերները ստիպում են ավելի հեռուն մտածել եւ հեռահար քայլեր ձեռնարկել: Ստիպված ենք վերանայել մեր ուսումնական հաստատությունների կրթական առավելություններն ու թերությունները, հարմարեցնել այժմյան առկա խնդիրների կարգավորման հետ ու քիչ-քիչ ճնշել խնդիրն ու խնդիր ստեղծողներին: Հրատապ եմ համարում Գյումրիում սոցիալական բեռի նվազեցման համար ձեռնարկվելիք քայլերի կարեւորությունն ու երիտասարդների համար միջավայրի ստեղծումը` ազատ տնտեսական պայմաններում ստեղծագործելու, ոտքի կանգնելու, հպարտ կեցվածք ընդունելու համար: Տպավորություն չստեղծվի, թե Գյումրին անընդհատ օգնության կամ ուշադրության կարիք ունի: Գյումրին գործնական հնարավորությունների ու քայլերի անհրաժեշտություն ունի, որ թասիբով ու աշխատունակ մարդիկ այստեղ ապրեն ու շենացնեն իրենց, ոչ թե օտարի երկիրը: Ես Գյումրին իր ըմբոստ ձեւով եմ սիրում: Թող ստեղծագործ, ապրող ու ապրեցնող մնա, մնացածը մարդիկ կհասկանան, որ պիտի հնարավորություն տան յուրայինին: Արժանապատիվ, շնչող, դեմք ունեցող Գյումրի ու Հայաստան եմ ուզում:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է յուրահատուկ գյումրեցու հումորը:

- Համեմունքներ կան: Էն մարդիկ, ովքեր գյումրեցու հումոր չեն սիրե, ինչխ օր խաշն առանց լավաշ, սխտոր ու արաղ վայելես: Կեղնի՞... Չի էղնի (ժպտում է):
Գյումրեցու հումորը յոթ հիվանդության դեղ է: Անունները չթվարկեմ. արտադրական գաղտնիք է (ծիծաղում է): Մենք մարդկանց, փողոցներին, շենքերին, երեւույթներին մականուններ պարզապես ծաղրելու համար չենք տալիս. պիտի արժանի լինեն: Օրինակ՝ մականուն մարդուն տալիս ենք, որովհետեւ նրան ոչ միայն դրսից ենք նայում, այլեւ ներսից, ներաշխարհը իմանալով ենք մականուն տալիս:



- Կյանքի դժվարին փուլերում անգամ գյումրեցուն չեն լքում հումորն ու ծիծաղը. Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հումորը բարբառի մի մասնիկն է: Սովորութային ու արժեքային առումով կյանքը քաղաքում պարբերաբար վերադասավորվում է: Ես կռնամ ըսեմ, օր հումորն ինքը լուծում է, ելքի մի բաժին: Գյումրին միամ մեծ տուն է, ուրդեղ մարդիկ իրար զգալու կապ ունին: Կելնիս փողոց, խնդիրները շատ են ու էլի կշատընան: Դիմացինիդ կաշես, տխուր է, ա՛յ մարդ, հետո կհիշես, օր երեկ էլ բանմ չէր ստացվել, էլի տխուր էր... Միամ հումոր չենե՞ս՝ դեմքը բացվի, պայծառ տեսնիս հարազատիդ: Բայց ըդիկ չի նշանակե, օր սաղ օրը բան ու գործ չունինք, մարդ կգտնինք՝ հումոր էնենք (ծիծաղում է): Ինքը իրավիճակից կբխե, չենք սիրե հենց ըմբես որոշել ու անեկդոտ պատմել: Պահը կզգանք ու կփորձենք մեղմել իրավիճակը: Էդ դժվար պահերին հումոր չի թվա ինքը, սուր միտք է, լավն է, բայց էլի զգոն կպահե, հետո կողքից կնայես, կզգաս, օր կյանք տվող բան է տեղի ունեցել: 

Պոլոզը Գուսանագյուղ կերտա (մեր մարզի գյուղերից է), կնայե գերեզմաններին ու կըսե.

-Ինչղ էլ փոքր տեղ է ձեր գերեզմանները: Լեննական օրական ըսքան մարդ մենակ խնդալուց կմեռնի (ծիծաղում է):



- Շատերը Ձեզ ճանաչում են որպես Շիրակի բազե: Ե՞րբ եւ ինչպե՞ս է կնքվել Ձեր մականունը:

- Մականունն ինձ փոխանցել է իմ լավ բարեկամ, «Գյումրի ԻնֆոՏան» համակարգող Լուիզա Պետրոսյանը: Մի օր ընկերներով «Շիրակ»-ի ֆուտբոլային խաղին էինք գնացել: Երեւույթներին արագ արձագանքելու, գրեթե ամեն բան նկատելու, խնդիրներին հասնելու ու լուծումներ գտնելու, Շիրակի մարզում մարդկանց միավորելու, լավ բաներն ի ցույց դնելու, մարզի 119 համայնքներում անընդհատ լինելու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ դեռ փոքրուց կյանքս որպես երկրպագու կապելու համար խոսակցության ընթացքում նա ասաց. «Դու այսօրվանից մեր Շիրակի բազեն ես»: Կատակ ընկալեցի: Մինչեւ երկրորդ խաղակեսից հետո հասա տուն, քաղաքում մտերիմների շրջանում ու համացանցում «Շիրակի բազե» արտահայտությունն էր: Այդպես դարձա Շիրակի բազե:

- Մասնագիտությամբ իրավագետ եք, զբաղվում եք զբոսաշրջությամբ եւ հասարակական ակտիվ կյանքով, նախկինում իրականացրել եք լրագրողական գործունեություն: Այնուամենայնիվ, ո՞ր ոլորտում եք Ձեզ լիարժեք եւ բավարարված զգում:

- Ես դեպք եմ, որ բոլորի հետ պատահում է: Երազել եմ հնէաբան դառնալ: Չթողեցին: Ընտանիքում ուզում էին, որ իրենց արու զավակը կոստյումով, աթոռի ու սեղանի շուրջ նստած լինի, ես՝ չէ... Ես հիմա մեծ սիրով փայտի մշակում ու այլ արհեստներ եմ սովորում: Մի օր գուցե գա` նոր համալսարան ընդունվեմ, գնամ՝ զրոյից բժշկություն ուսումնասիրեմ: Սիրում եմ նոր փոփոխություններ, հետաքրքրությունն ավելի շատ է: Ինչքան շատ եմ ճամփորդում, ինչքան շատ եմ շփվում մարդկանց հետ, նոր բաներ շատ եմ ուզում ու ձգտում: Ինձ հոգեհարազատը մարդկանց գործողության մեջ տեսնելն է, շարժունակությունն է կարեւոր ու այսօրվա հանդեպ վստահությունը: Վաղը մի փոքր հարաբերական է, ես այսօրն եմ սիրում: Ինչքան լավ գործ կա, միշտ ասում ենք՝ վաղը կանենք, ու չենք անում կամ ուշացնում ենք: Բացի քաղաքական գործիչ լինելուց` ինձ համար ամեն դեր կարելի է պատկերացնել (ժպտում է):

- Շատ եք ճամփորդում: Ո՞րն է Ձեզ համար ամենաանմոռաց քաղաքը Գյումրուց հետո, իհարկե: 

- Գորիս, Պորտու, Վերոնա:



- Իսկ ո՞ր ազգի մշակույթն է Ձեզ ամենաշատը գրավում: Ինչո՞ւ: 

- Ինձ համար մերն ուրիշ է, բայց ոգեւորված եմ շոտլանդականով: Մի տեսակ առասպելականություն կա, ու շատ տրամադրող է: 

- Անմարդաբնակ կղզի գնալիս ի՞նչ 3 իր կվերցնեիք Ձեզ հետ: 

- Գնդակ, Համո Սահյանի գիրքն ու խնձոր: Խնձոր որ չեղավ մոտս, էլի անմարդաբնակ է դառնալու կղզին. ես շուտ շարքից դուրս կգամ առանց խնձորի (ծիծաղում է):

- Ազատ ժամանակ քիչ եք ունենում. այդուհանդերձ, լինելու դեպքում ինչպե՞ս եք տնօրինում այն:

- Իմ ամենասիրելի զբաղմունքը գործի մեջ գլուխ պահելն է, բայց երբեք չի ստացվում իմ նախասիրություններով զբաղվել: Հեծանվով գնում եմ լեռներ, Ախուրյանի կիրճ, բնությունն եմ նկարում, ամենաշատը սիրում եմ նվիրական մարդկանց հետ լինել: Ազատ ժամանակ ավելի ես բարիանում, մոռանում հոգսերը, նյարդային չես, խանգարող ոչինչ չկա քո հարազատների հետ կյանքը վայելելու համար:

- Բոլոր ժամանակների հայտնի մարդկանցից ո՞ւմ կցանկանայիք հանդիպել:

- Դերասան Ազատ Գասպարյանին: Մի անգամ փոքր ժամանակ թատրոնում ներկայացման էի (սիրում եմ թատրոն. տոմս որ չէի գտնում, սողոսկում, մի անկյունում կորչում էի` չնկատեին): Ազատ Գասպարյանը վատ հերոսի կերպար էր մարմնավորում: Թատրոնից հետո գնում էր՝ զգեստը փոխելու, միջանցք մտա, ուզում էի խոսել, շատ բան էի մտածել, որ պիտի ասեմ, իրեն որ տեսա, զայրացած ասացի. «Քեզի էլ չտեսնիմ ըսպես դերեր խաղալուց...»:

Ու շուռ եկա, գնացի առանց նայելու՝ ինչ արձագանքեց, ինչ մտածեց: Երկար տարիներ հետո, երբ իմացա, որ մահացել է, վատ զգացի: Ա՜խր շատ լավ էր խաղում այդ վատ դերը: Ես էլ անասելի ազդվել էի: Ինքն էլ գյումրեցի է, գյումրեցուն վատ բան անելիս չէի պատկերացրել կյանքում, դրա համար այդպես արձագանքեցի:



- Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը կամ մտածելակերպը:

- Սուն Ծըա, ՈՒ Ծըա - «Պատերազմ վարելու արվեստը»:

- Ձեզ տրված ամենաարժեքավոր խորհուրդը ո՞րն եք համարում:

- Մե կդորմ մա՛րդ էղեք:

- Ո՞ր հարցին կուզեիք պատասխանել, բայց որը Ձեզ երբեք չեն ուղղել:

- Մենք ընդունում ենք մեր սխալներն ու բոլոր սրիկայությունները: Կօգնե՞ք ոտքի կանգնել:

- Այո՛, կօգնեմ: