Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-11-2016
Հայաստանյան ամենասպասված իրադարձությանը հաշված օրեր են մնացել
«Forpostart production»-ի գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը հարցազրույցում անդրադարձել է շոուին:

- Զառա՛, նոյեմբերի 27-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «KINGS ON ICE PRESENT - FASHION ON ICE» փառահեղ շոուն:

- Սա հերթական շոուն չէ, իրականում այն իրադարձություն է մեր քաղաքում, լուսավոր կետ, թարմ շունչ մեր բոլորիս կյանքում: Սա իսկապես բացառիկ միջոցառում է. ամեն օր չէ,  որ մեր քաղաքում ելույթ են ունենում լեգենդար անհատներ: Շատ կուզեի, որ յուրաքանչյուր ոք, մասնակցելով այս յուրատեսակ շոուին, իր հետ կտանի վառ ու գեղեցիկ տպավորություններ:  

- Դուք խոսեցիք մարդկանց տրամադրություն, հույս հաղորդելու մասին: Շատերը Էրոս Ռամազոտիի համերգի չեղարկումից հետո չեն հավատում, որ հետ կստանան իրենց գումարները: Ի՞նչ կասեք սրա մասին:

- Ես, իհարկե, հասկանում եմ մարդկանց եւ նրանց խաբված լինելու մտավախությունը, սակայն ուզում եմ, որ մարդիկ գործեն որպես անհատներ, իրենց իրավունքներն իմացող, գրագետ եւ հետեւողական քաղաքացիներ, անհրաժեշտ տեղեկատվությունը ստանան հավաստի աղբյուրներից, օրինակ՝ մեր պաշտոնական կայքից, եւ ոչ թե կենտրոնանան այլոց անպատասխանատու հայտարարությունների վրա: Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի գումարների վերադարձն արդեն իսկ երկու փուլով իրականացվել է, որին կհաջորդեն երրորդ եւ չորրորդ փուլերը, եւ բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն: Ռամազոտիի համերգը չեղարկվեց մի քանի երկրներում, քանի որ բոլորս աշխատում էինք նույն կազմակերպչի հետ, սակայն ոչ մի երկրում այսպիսի աղմուկ չբարձրացավ: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ տեղեկատվությունը ստանում էին ոչ հավաստի աղբյուրներից, բերանացի, ինչը նրանց մոլորեցնում եւ շփոթեցնում էր: Ես շատ հարգում եւ սիրում եմ իմ ժողովրդին եւ եւս մեկ անգամ «Forpostart production»-ի անունից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար: 

- Իսկ ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին այս անգամ, ինչո՞վ է այս շոուն տարբերվում նախորդից:

- Այս շոուի հեղինակային իրավունքը պատկանում է Եվգենի Պլյուշչենկոյին, ով, ի դեպ, ջանք չի խնայում Հայաստանում գեղասահքի զարգացմանն աջակցելու հարցում: Թե՛ նախորդ, թե՛ այս շոուին նա մասնակից է դարձրել նաեւ Երեւանի Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի շնորհալի սաներին: Հատուկ հայ հանդիսատեսի համար այս շոուն ներկայացվելու է միանգամայն նոր ձեւաչափով: Դրանք սովորական ցուցադրական ելույթներ չեն, այլ մի ամբողջ  բեմականացում. սառույցի վրա ներկայացումը բաղկացած է գեղասահքի, պարային, գործիքային երաժշտության, փոփ, սոուլ, ջազ վոկալիստների, այդ թվում՝ նաեւ Արմեն Հյուսնունցի գլխավորած Հայաստանի պետական ջազ նվագախմբի, էստրադային-կրկեսային, 50 մոդելների մասնակցությամբ նորաձեւության ցուցադրության համարներից: Ականատես կլինենք երիտասարդ տաղանդավոր դիզայներ Սեդա Մանուկյանի եւ վրացական «AVTANDIL» նորաձեւության տան  հավաքածուների հատուկ ցուցադրությանը: Բեմականացված եւ արտասովոր կատարումներով հանդես կգան համաշխարհային մակարդակի գեղասահորդներ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Եվրոպայից եւ Հայաստանից: Նրանց կազմը չի կրկնվում եւ տարբերվում է նախորդ շոուից:

Նախագծի վրա աշխատում է մի ամբողջ թիմ: Երեւանում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում արդեն երրորդ ամիսն է՝ մեծ թափով ընթանում են շոուի նախապատրաստական աշխատանքները: Սառցե շոուն համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին:

 - Կարող ե՞ք շոուին առնչվող որեւէ յուրահատուկ դրվագ ներկայացնել:

- Շոուի ռեժիսորներից մեկը մեր հայրենակից, մոսկվայաբնակ հայտնի ռեժիսոր-բեմադրիչ ԷմիլԿարատն է, ում գեղեցիկ մտահղացմամբ շոուի ընթացքում սառույցի վրա վայրէջք կկատարի այլ մոլորակից ժամանած թռչող ափսեն՝ իր անձնակազմով: Այսքանը, փակագծերը չեմ բացում, որովհետեւ շատ հետաքրքիր է լինելու: Եվս մեկ գաղտնիք բացեմ: Առաջին անգամ դահլիճում տեղադրված էկրաններին կցուցադրվի կուլիսներից այն կողմ կատարվող այն հսկայական աշխատանքը, որը հանդիսատեսը սովորաբար չի տեսնում, առանց որի, սակայն, չէր կարող ստեղծվել այս գունեղ բեմականացումը: Մի խոսքով` «խոհանոցը»:

- Նման շոուները, թերեւս, ծախսատար են: Ինչպե՞ս եք հոգում այդ ծախսերը:

- Անցյալ շոուի կազմակերպման ծախսերն ամբողջությամբ հոգացել էր Արի Զաքարյանը: Այս անգամ շոուի կազմակերպման բոլոր ծախսերը իրականացնում է «Forpostart production»-ը, ինչը, իհարկե, այս պահին շատ դժվար է մեզ համար: Մեր նպատակը մեկն է՝ գոհ եւ վառ տպավորություններ ստացած հանդիսատես. դա  մեր աշխատանքի գնահատականն է:

Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանն ամեն ինչ անում է Հայաստանում շոուն ամենամյա դարձնելու ուղղությամբ: Պրեմիերային մնացել է շատ քիչ ժամանակ, աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով, եւ շոուի կազմակերպիչները  երախտապարտ են նրանց, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունն են ցուցաբերում: 

- Զառա՛, շատ քիչ ժամանակ է մնացել, շոուն տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ի՞նչ է հիմա կատարվում:

- Աշխատանքներն ընթանում են բառացիորեն 24-ժամյա ռեժիմով: Իմ թիմն արհեստավարժ է եւ աշխատանքներն իրականացնում է միահամուռ, գրագետ եւ բարձր պրոֆեսիոնալիզմով: Այս շոուն բավականին բարդ նախագիծ է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական մեծ ծախսերի տեսակետից, եւ «Forpostart production»-ն իր ուժերով անում է ամեն հնարավորն ու անհնարինը: Շատ կուզեի մեր կողքին տեսնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարություններին, Օլիմպիական կոմիտեին, գործարարներին: Նմանօրինակ միջոցառումները մեծ պատիվ են ցանկացած երկրի համար: «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» շոուն մի քանի ժանրերի համադրություն է, որը բացահայտելու է նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձեւության աշխարհում՝ շնորհալի եւ տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն ընձեռելով:

Մեր նպատակներից է նաեւ Հայաստանում վերածնել եւ զարգացնել գեղասահքի ավանդույթները, քանի որ այն ոչ միայն զմայլելի եւ գեղեցիկ սպորտաձեւ է, այլեւ առողջ ապրելակերպ: