Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 19-11-2016
«Կերպարին ազատություն պարգեւողը ես եմ…»
Սիրանուշ Աղաջանյանը 23 տարեկան է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Ստեղծագործում է նկարչության տարբեր ժանրերով՝ գրաֆիկա, գեղանկար, խճանկար, զարդարվեստ, կոլաժ: Օրեր առաջ տեղի ունեցավ Սիրանուշի անդրանիկ ցուցահանդեսը՝ «Հղումներ» խորագրով:

Ցուցահանդեսի եւ ապագա պլանների մասին էլ խոսել ենք Սիրանուշ Աղաջանյանի հետ:

- Սիրանո՛ւշ, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք արվեստի այս ուղին:    

- Սիրելով…

- Գիտեմ, որ ստեղծագործում եք տարբեր ժանրերում, սակայն վերջին շրջանում տրվել եք կոլաժներին: Ինչո՞վ է դա պայմանավորված: 

- Թեմաները, որոնք հուզում են ինձ, այլ նյութով չէի կարող արտահայտել ավելի դիպուկ եւ տեղին:

- Վերջերս հանդես եկաք անհատական ցուցահանդեսով: Մի փոքր կխոսե՞ք ցուցահանդեսից: 

- Կոլաժներն անելուց ի սկզբանե չեմ մտածել ցուցահանդես  կազմակերպելու մասին եւ առհասարակ երբ ստեղծագործում եմ, չեմ մտածում ցուցադրելու մասին, այլ ձգտում եմ հնարավորինս  նյութի վերածել զգացածս: Սակայն արվեստի բարձրացրած խնդիրներով հետաքրքրվող մի մարդու` Ինա Խոլոդովայի խորհրդով եւ օգնությամբ ծագեց ցուցահանդեսի միտքը:

- Անդրադառնանք ցուցահանդեսի խորագրին. ինչո՞ւ հենց «Հղումներ»:

- Ցուցահանդեսում ներկայացված գործերի թեմաներն առնչվում են իմ կյանքում տեղի ունցող իրադարձությունների հետ, որտեղ ես կարողանում եմ խոսել հասարակությանը եւ անհատին  հուզող սոցիալական եւ քաղաքական խնդիրների մասին: Որքան էլ ուզում ես խուսափել, միեւնույնն է, անհնար է  անտարբեր անցնել մեր շուրջը տեղի ունեցող  իրադարձությունների նկատմամբ: Հենց այդ հուզական արձագանքներս էլ հղումներ են, որոնք ուղղված են ե՛ւ անցյալին, ե՛ւ ներկային, ե՛ւ ապագային:

- Սիրանո՛ւշ, ստեղծագործում եք նկարչության տարբեր ժանրերով, աշխատում եք գծի, նախշերի եւ գույնի հետ. աշխատանքում չկա՞ն դժվարություններ: 

- Դժվարություններ ցանկացած աշխատանքում էլ կան, բայց եթե ստեղծագործելու ձգտումն անհանգստացնում է քեզ, ապա դժվարությունները ոչինչ են այդ դեպքում:

- Ոգեշնչվելը պարտադիր է Ձեր գործում, եւ ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:

- Ինձ ոգեշնչում են հասարակությանը հուզող հարցերը եւ այն հավատը, որ այդ հարցերը կարելի է լուծել նաեւ արվեստի միջոցով…

- Դատարկ տարածության մեջ գտնվող ֆիգուրները մի դեպքում ցույց են տալիս անպաշտպանություն, մյուս դեպքում` ազատություն: Երկրորդ դեպքում ազատության խորհրդանիշ են համարվում բաց, մաքուր մակերեսները, որոնք թույլ են տալիս կերպարին ազատ «շնչել» եւ «մտածել»: Ի՞նչ եք զգում, երբ ամեն անգամ շնչելու եւ մտածելու հնարավորություն եք տալիս կերպարներին:  

- Այս պարագայում, երբ միտքդ վերածում ես պատկերի, ապա կերպարին դու ինքդ ես փորձում ազատություն տալ, այսպես ասած, կերպարին ազատություն պարգեւողը ես եմ…

- Անհասկանալի ֆորմաներ ունեցող կտորները խոսում են չհասկացված եւ չլուծված խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ են վեր հանում Սիրանուշի պատրաստած կոլաժները:

- Կոլաժների այս շարքը ստեղծելիս փորձել եմ գեղարվեստական եւ կոմպոզիցիոն լուծումների միջոցով ինձ հուզող հասարակական, քաղաքական եւ սոցիալական խնդիրներ վեր հանել, ինքս ինձ համար գտել եմ արտահայտչաձեւեր, որոնց միջոցով արտացոլել կամ «բարձրաձայնել» եմ երեւույթների մասին:    

- Ներկայացաք ցուցահանդեսով, մի փոքր խոսե՛ք Ձեր առաջիկա անելիքների մասին:

- Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունեմ. ցուցահանդեսս առաջին քայլն էր: Մնացածն արդեն տեխնիկապես գործընթացի մեջ են: