Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Տատյանա Ավդեեւայի անձնական արխիվից
Տեղադրվել է 18-11-2016
Տատյանա Ավդեեւա. «Ես հասկացա, որ միշտ թեւեր եմ ունեցել»
1 մմ եւ անգամ ավելի փոքր տրամաչափով զանազան ուլունքները Տատյանա Ավդեեւայի զարմանալի հարուստ երեւակայության ու վարպետության շնորհիվ նոր կյանք են ստանում: Երանգներն այնպիսի ներդաշնակությամբ են ընտրված, զարդերն այնքան բնական են, այնքան նուրբ, ասես անձեռակերտ լինեն:

Տատյանան մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է: Հայաստանում մշտական բնակություն է հաստատել մեկ տարի առաջ՝ ընտանիք կազմելով հայ երիտասարդի հետ: Աշխատում է հայաստանյան ատամնաբուժական կլինիկաներից մեկում, միաժամանակ ստեղծում ուլունքներով եւ գալվանոպլաստիկայի տեխնիկայով պատրաստված յուրահատուկ զարդեր, որոնք արդեն որոշակի ճանաչում են ձեռք բերել Հայաստանում:


 
Արցախն ինձ համար առանձնահատուկ է

Ծնվել եմ Կիեւում, մեծացել, դաստիարակվել բազմազգ ընտանիքում: Հայրս արցախցի հույն է, միաժամանակ նրա երակներով նաեւ ռուսական արյուն է հոսում: Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում, հետագայում տեղափոխվել Ուկրաինա և ընտանիք կազմել: Մեծանալով բազմազգ ընտանիքում՝ միշտ հետաքրքրվել եմ տարբեր ժողովուրդների մշակույթներով: Սակայն Արցախը՝ իր հարուստ մշակութային արժեքներով, ավանդույթներով, ինձ համար առանձնահատուկ է եղել: Մանկության տարիներին եղել եմ Արցախում եւ ունեմ հիշողություններ, որոնք մինչ օրս ինձ հետ են:   

Ուկրաինայում ես հայ ընկերներ ունեմ, ովքեր այնտեղ բնակություն են հաստատել Արցախյան պատերազմից հետո: Ճանաչելով նրանց՝ միշտ ձգտել եմ ճանաչել նաեւ Հայաստանը՝ հատկապես հաշվի առնելով հորս արցախյան արմատները:

Մասնագիտությամբ ստոմատոլոգ եմ: Ավարտել եմ Կիեւի Ա. Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանը, աշխատել իմ մասնագիտությամբ եւ այդ ասպարեզում բավականին հաջողությունների եմ հասել. մասնակցել եմ նեղ մասնագիտական մրցույթների, միջազգային դիպլոմներ եմ ստացել, նաեւ դասավանդել եմ Ուկրաինայում: 



Սիրահարված էի ոչ միայն Դավիթին, այլեւ Հայաստանին

Հայաստանում մշտական բնակություն եմ հաստատել մեկ տարի առաջ: Ամուսնանալու եւ տեղափոխվելու առաջարկությունն էլ ստացել եմ դեռեւս վեց տարի առաջ, երբ անգամ չէի տեսել ապագա ամուսնուս: Ծանոթացել ենք 2008 թվականին՝ համացանցի միջոցով: Դավիթը ծնվել ու մեծացել է Հայաստանում: Գիտնական է, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխատում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Այդ տարիները բավարար էին, որպեսզի բավականին լավ ճանաչենք միմյանց, ես էլ առանց տատանվելու նրա առաջարկությանը դրական պատասխան տվեցի: Եվ այդպես իրական կյանքում մենք առաջին անգամ հանդիպեցինք այն ժամանակ, երբ ես արդեն կայացրել էի կյանքս նրա հետ կապելու ամենակարեւոր որոշումը:  

Երբեք ոչ մի վայրկյան չեմ զղջացել իմ ընտրության, իմ որոշման համար: Մենք չափից շատ նման ենք միմյանց, նա իմ ճակատագիրն է: Երբ Դավիթի մայրն առաջին անգամ տեսավ ինձ, նրան անգամ վախեցրեց մեր նմանությունը: Պետք է նշեմ, որ ես սիրահարված էի ոչ միայն Դավիթին, այլեւ Հայաստանին: Հիմա մտածում եմ՝ կգայի՞ արդյոք, եթե սիրեի միայն Դավիթին (ժպտում է): Ծնողներս, բնականաբար, անհանգիստ էին, քանի որ գիտեին տարածաշրջանում առկա կոնֆլիկտի, մշտապես լարված սահմանների մասին: Կարծես ինձ պատերազմ էին ճանապարհում, սակայն թույլ տվեցին, որ ես որոշում կայացնեմ: 

Չեմ կարող ասել, թե հեշտ էր ամեն ինչ թողնել եւ գալ Հայաստան: Ես մասնագետ եմ, ունեի իմ աշխատանքը, որպես բժիշկ՝ արդեն արժանացել էի իմ հիվանդների վստահությանը: 

Ես վստահ էի՝ Հայաստանում ունեմ սեր, ընտանիք, իսկ մնացածը պետք է ինքս ստեղծեի: Պետք է նորից ապացուցեի, թե ինչի եմ ես ընդունակ միանգամայն նոր միջավայրում: 

Անորոշության վախ չկար, սակայն երբեմն մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե չկարողանամ ինքս ինձ գտնել Հայաստանում: Որոշ ժամանակ անց աշխատանքի ընդունվեցի Երեւանի ատամնաբուժական կլինիկաներից մեկում: Մեկ տարի է անցել իմ տեղափոխվելուց հետո: Այն, ինչ թողել եմ անցյալում՝ թե՛ դրականը, թե՛ հատկապես բացասականը, ինձ համար ոչ թե բեռ է եղել, այլ… իմ թեւերը: Ես չգիտեի՝ որքան ուժեղ կարող եմ լինել: Հիշեցի Մաքս Ֆրայի խորիմաստ մտքերից մեկը: Իմաստը մոտավորապես այսպիսին է. երբ իջնում ես դեպի անդունդը, ինչո՞ւ չփորձել ճախրել: Իհարկե, սա չի կարելի ընկալել բառացիորեն, բայց ես հասկացա, որ թեւեր միշտ եմ ունեցել: 



«Tatka biseroidea». ուլունքների կախարդական աշխարհը

Առաջին անգամ ուլունքները վերցրի ձեռքս, երբ 6 տարեկան էի: Մայրիկիս ուլունքաշար մանյակը, որը շատ էի սիրում, կտրվել էր: Նա այն տվեց ինձ՝ որպես խաղալիք, իսկ ես չխաղացի դրանով, այլ օրեր շարունակ տանջվելով՝ ուլունքներն առանց ասեղի հավաքեցի թելի վրա: 

Ուլունքագործությունն իր մշտական ու անփոխարինելի տեղը զբաղեցրեց իմ կյանքում 1998 թվականից, երբ սկսեցի ճանաչել համացանցը: Ես անհագ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել ուլունքագործության տարբեր տեխնիկաներ, կարդալ գոյություն ունեցող գրականությունը, հետաքրքրվել ուլունքների տեսակներով: Եվ որոշ ժամանակ անց ընկերներիցս մեկը Եվրոպայից ինձ համար բերեց ճապոնական ուլունքների առաջին կիլոգրամը: Դրանք զարմանալի տեխնոլոգիաներով ստեղծված, բացարձակ միանման ու, կարելի է ասել, կատարելության հասնող ուլունքներ են: Սկսեցի աշխատել, եւ շատ շուտով հայտնվեցին իմ առաջին պատվիրատուները: Ի դեպ, այժմ էլ որակի առումով նախընտրում եմ ճապոնական ուլունքները: Ուսմանս զուգահեռ՝ ես մեծ եռանդով զբաղվում էի նաեւ այդ աշխատանքով՝ փորձելով ավելի ու ավելի կատարելագործվել: Նախքան Հայաստան տեղափոխվելս 3 տարի անընդմեջ մասնակցել եմ Ուկրաինայի մշակույթի եւ արվեստի կենտրոնի ամենամյա ցուցահանդեսներին՝ որպես հրավիրյալ վարպետ: 

Հայաստանում ես շարունակում եմ իմ սիրելի աշխատանքը: Դեկտեմբերին մասնակցել եմ Ամանորի ցուցահանդեսին, որից հետո սկսեցի պատվերներ ստանալ: Ունեմ իմ բրենդը, որը կոչվում է «Tatka biseroidea»: Պետք է նշեմ, որ հատկապես հայկական ազգային զարդանախշերով ապարանջաններն անմիջապես սպառվում են, կարելի է ասել՝ նույն օրը: Դրանք մեծագույն սիրով եմ պատրաստում, քանի որ երբեմն գենետիկ հիշողություն է արթնանում: Հիշողությանս մեջ հետաքրքիր պատկերներ են ուրվագծվում, որոնք համեմատում եմ ծնողներիս պատմածների հետ: Ես բժիշկ եմ եւ սիրում եմ ինքս ինձ ուսումնասիրել, փոքրիկ բացահայտումներ անել: Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչ կարող եմ սպասել ինքս ինձնից: 

Վերջին շրջանում նաեւ ուլունքներով փոքրիկ հայկական կարպետներ եմ ստեղծում, որոնք եւս սիրված են դարձել: 



«Copper Right». տերեւների ու ծաղիկների նոր կյանքը՝ պղնձի շերտի տակ

Վաղեմի երազանք ունեի, որը Կիեւում չէի կարողացել իրականություն դարձնել: Այստեղ ամուսնուս օգնությամբ փոքրիկ «գործարան» հիմնեցինք՝ գալվանոպլաստիկայի լաբորատորիա:  Ունենք արդեն մեր երկրորդ բրենդը՝ «Copper Right»: Այդ տեխնիկան աշխարհին շատ վաղուց է հայտնի՝ դեռեւս 1830-ականներից: Այն մեծ զարգացում է ապրում ՌԴ-ում, սակայն Հայաստանում տարածում չունի: Բնության մասնիկները՝ տերեւները, ծաղիկները, նոր կյանք են ստանում, վերածվում զարդերի՝ հատուկ տեխնոլոգիաներով մշակման ենթարկվելով եւ պղնձի շերտով պատվելով: 

Առաջիկայում բազում ծրագրեր ունեմ, որոնք անպայման կիրականացնեմ: Մի հարցում ես վստահ եմ՝ Հայաստանը չեմ լքելու: Ես աշխարհի քաղաքացի եմ, բայց սիրում եմ այս երկիրը եւ այստեղ արմատներ եմ ձգում: