Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 17-11-2016
Կայացավ «Առաջին գիտելիքով» ֆորումը
«Մոտիվ» մարքեթինգային ընկերությունն այսօր կազմակերպել էր ձեւաչափի մեջ առաջինը հանդիսացող «Առաջին գիտելիքով» ֆորումը, որի նպատակը ՀՀ-ում ոչ ֆորմալ մասնագիտական կրթության զարգացումն էր:

Ուսանողներն ու նորավարտ երիտասարդներն այդպիսով օժանդակություն կստանան՝ բացահայտելով իրենց երկրում մասնագիտական աճի եւ գործատուի կողմից առաջարկվող կրթական եւ աշխատանքային հնարավորությունները: Այս ֆորումը միավորում է երիտասարդների, առաջատար ընկերությունների, դասախոսների, գործարարների եւ նրանց, ովքեր կիրականացնեն հետաքրքիր եւ օգտակար փորձի փոխանակում:

«Մոտիվ» մարքեթինգային ընկերության տնօրեն Արուսյակ Մարգարյանը նշեց, որ ընկերության անունը պատահական չէ ընտրված: Այն նպատակ ունի իսկապես իր անվանը հավատարիմ մոտիվացնել խելացի եւ կարող երիտասարդներին, ինչպես նաեւ շարժիչի դեր կատարել բիզնեսի համար: 



«Մեր ընկերությունն իր առաջ մի շատ կարեւոր խնդիր է դրել՝ ապագայի համար խելացի, կիրթ հասարակություն ստեղծել, որն իր ուրույն տեղը կարող է գտնել աշխատաշուկայում եւ այդպիսով զարգացնել պետությունը»,- ասաց Արուսյակ Մարգարյանը:

Ֆորումին ներկա էր նաեւ «Պենտա» ընկերության համահիմնադիր Կարեն Սարգսյանը, ով, կարեւորելով գիտելիքի առկայությունը մարդու կյանքում, նշեց, որ սա աշխարհը փոխելու սկիզբն է: Վերջինս նաեւ կարեւորեց ոչ ֆորմալ կրթությունը եւ փաստեց, որ դրա նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

«Այսօրվա իրականության մեջ կրթությունը կարեւոր դերակատարություն ունի, քանի որ յուրաքանչյուր մարդ այդպիսով կարողանում է իր գիտելիքով կիսվել, գիտելիքի փոխանակում իրականացնել շրջապատում եւ այն կիրառել աշխատանքային ոլորտում»,- ասաց Կարեն Սարգսյանը եւ հավելեց, որ մարդ իր կյանքի ամբողջ ընթացքում սովորում է, եւ դա նպաստում է, որ մարդ իրեն մշտապես երիտասարդ զգա:



Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, սակայն արդեն համագործակցության լայն շրջանակներ ունի: Ֆորումին իրենց առաջարկներով եւ ծրագրերով հանդես եկան նաեւ գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայացրին իրենց ծրագրերն ու առաջարկները:

Կարելի է ասել, որ ոչ ֆորմալ կրթության նկատմամբ հետաքրքրությունն իսկապես գնալով մեծանում է, քանի որ թե՛ գործող, թե՛ նորաստեղծ կազմակերպությունները սկսում են որդեգրել ոչ ֆորմալ կրթության քաղաքականություն: Նմանօրինակ ֆորումներն էլ երիտասարդներին ոչ ֆորմալ կրթության ձեւաչափին առավել մանրակրկիտ ծանոթանալու հնարավորություն են տալիս:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ անդրադարձել էինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2017 թվականի ծրագրին, որի 3 հիմնական ուղղություններից մեկը հենց ոչ ֆորմալ կրթությանն է ուղղված, որի նպատակն է երիտասարդության շրջանում առկա գործազրկության գործիքների ճանաչելիությանն ուղղված աշխատանքներ իրականացնել: