Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 16-11-2016
ԿԳՆ-ի կողմից ուսանողական կառույցների ներկայացուցիչները պարգեւատրվեցին
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հանդիպումը ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձավ կրթական մի շարք խնդիրների, որոնք պետք է լուծվեն։ Նրա խոսքով՝ կրթական համակարգից է կախված ապագան: 

ՀՀ-ում այս պահին գործում է միջին եվրոպական մակարդակի կրթություն, սակայն առկա է 2 հիմնախնդիր.
1.Մասնագիտության ազատ ընտրություն,
2. Ինքնավստահություն:

«Իրականում ներկա սերունդը որոշ հարցերում առավել ինքնավստահ է, քան մեր սերունդը, սակայն ներկա պահին պետք է մեծ ուշադրություն դարձնել որակին: Ճիշտ է, երկիրը շատ խնդիրներ ունի, սակայն կրթական ոլորտը, որը կարեւոր ոլորտներից մեկն է երկրի զարգացման համար, պետք է լրացնի երբեմն առաջացած բաց պլատֆորմը: Պետք է կարողանալ հասարակական պատասխանատվությունը զուգակցել կրթական ոլորտի հետ եւ լուծել ամենակարեւոր երկու հարցերը, որոնք կապված են հանրակացարանների հետ, քանի որ ուսանողների կրթության եւ աշխատանքի համար պետք է ապահովել նորմալ եւ լավ պայմաններ»,- ասաց նախարարը եւ որպես երկրորդ կարեւոր խնդիր մատնանշեց աշխատաշուկայի եւ մասնագիտությունների միջեւ կապի ապահովումը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, ով, անդրադառնալով ներկա սերնդին եւ առկա խնդիրներին, նշեց, որ իրենց կառույցը միշտ աշխատում է աջակցել ուսանողներին եւ հնարավորինս նրանց խնդիրներին լուծում է տալիս: Կարեն Ավագյանը կարեւորեց հատկապես հասարակական ակտիվ աշխատանքը, որը կարեւոր խթան կհանդիսանա ապագայի համար:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: ԿԳՆ-ի կողմից ոսկե հուշամեդալներով պարգեւատրվեցին Արուսյակ Պողոսյանը եւ Սերգեյ Խառատյանը, պատվոգրերով՝ Գեւորգ Վարդանյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդիկ Գուլոյանը, Վահե Մովսիսյանը, իսկ շնորհակալագրերով՝ Ջանիկ Սեւոյանը, Հասմիկ Մարուքյանը, Սմբատ Ալավերդյանը, Աննա Գալստյանը, Հովսեփ Հովեյանը, Գոհար Ջուլհակյանը, Ռոզա Դանիելյանը եւ Անի Ահարոնյանը:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհավորեց ուսանողներին եւ մաղթեց նոր հաջողություններ կրթական եւ աշխատանքային ոլորտում: