Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի, Գոռ Էլչյանի
Տեղադրվել է 12-11-2016
«Խենթանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է աղջիկս փորձում արտաբերել իր առաջին բառերը»
Լուսինե Թովմասյանը որոշակի դադարից հետո կրկին հաճախ է երեւում հեռուստաընկերությամբ, մասնակցում նորաձեւության տների ցուցադրություններին, սակայն, միեւնույնն է, գեղեցկադեմ Լուսինեի համար առաջնայինն իր փոքրիկն է, ում հետ էլ նա ապրում է իր ամեն մի վայրկյանը:

Eritasard.am-ի զրուցակիցն է Լուսինե Թովմասյանը:

- Ինչպե՞ս ստացվեց, որ ավարտելով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ Լուսինե Թովմասյանը դարձավ դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել: 

- Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ գրեթե միշտ այդպես է լինում. ընտրում ենք մի մասնագիտություն, այնուհետեւ զբաղվում մեկ այլ գործով: Չնայած մասնագիտությամբ  միջազգայնագետ եմ, բայց մոդելային կարիերայով զբաղվել եմ դեռ վաղ տարիքից: Այդ ոլորտն ինձ առավել շատ գրավեց, եւ  մոդելի աշխատանքին զուգահեռ՝ սկսեցի սիրել կինոն եւ հեռուստատեսությունը:

- Գիտեմ, որ ավարտել եք Լոնդոնի Westminster համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, արդյո՞ք ներկա պահին զբաղվում եք Ձեր մասնագիտությամբ:

- Ներկա պահին չեմ զբաղվում, սակայն վստահ եմ, որ կգա այդ օրը, երբ կզբաղվեմ նաեւ իմ մասնագիտական աշխատանքով:

- Տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ցանկանում եք դիվանագետ լինել, իսկ ընտանեկան կյանքում կանացի դիվանագիտություն վարո՞ւմ եք:

- Կարծում եմ, որ կան իրողություններ, որոնք մշտապես օգնում են կյանքում: Դիվանագիտությունը դրանցից մեկն է, այն անհրաժեշտ է մարդուն ողջ կյանքի ընթացքում, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան կյանքին, ապա, այո՛, այն ընտանիքում նույնպես անհրաժեշտ է:



- 2003 թ. «Միսս Հայաստան», իսկ 2005 թ.` «Վիցեմիսս Եվրոպա». այդ հաղթանակներից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

- Գիտեք` հստակ եւ վստահորեն կարող եմ ասել` ինձ ինչ տվեցին այդ մրցանակները. առաջին հերթին դրանք ինձ տվեցին ճանաչում, այնուհետեւ` ինքնավստահություն եւ իհարկե պայծառ, մշտապես հաճելի հիշվող հիշողություններ:

- Արդեն զգում եք մայրական բերկրանքը, կցանկանայի՞ք, որ Ձեր դուստրն էլ ընտրեր մայրիկի ճանապարհը:

- Ես 100% զգում եմ մայրական բերկրանքը, վայելում եմ դստերս հետ ապրած յուրաքանչյուր վայրկյան, իսկ ահա ինչ վերաբերում է մասնագիտական ընտրությանը, ապա դա պետք է կատարի աղջիկս իր իսկ ցանկությամբ: Ժամանակը ցույց կտա:

- Հասցնո՞ւմ եք կատարել մայրական պարտականությունները:

- Ունեմ նաեւ օգնող, սակայն փորձում եմ միայնակ կատարել պարտականություններս, քանի որ մայրական պարտականությունը հաճելի պարտականություն է:

- Գիտեմ, որ փոքրիկն ավելի շատ Ձեր ամուսնու հետ է կապված: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կարծում եմ, որ բոլոր աղջիկներն են կապված հայրիկների հետ:



- Ներկա պահին շարունակո՞ւմ եք Ձեր մոդելային կյանքը, թե՞ փոքրիկը թույլ չի տալիս:

- Հաճույքով եմ շարունակում իմ մասնագիտական այդ ուղին, իհարկե զբաղվում եմ դրանով, երբ ժամանակը թույլ է տալիս, երբ հասցնում եմ. դա իմ սիրելի հոբբին է:

- «Ես խենթանում եմ, երբ տեսնում եմ....» շարունակե՛ ք միտքը:

- Ես խենթանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է աղջիկս փորձում արտաբերել իր առաջին բառերը:

- Պատկերացնենք, որ հանդիպել եք Լուսինե Թովմասյանին. ի՞նչ կասեիք կամ ի՞նչ կանեիք:

- Իրականում շատ ամաչկոտ եմ, ուստի հնարավոր է, որ ոչինչ ո՛չ ասեի, ո՛չ էլ անեի:

- Լուսինե՛, մշտապես ճանապարհորդում եք, ո՞ր երկրում մշտական բնակություն կհաստատեիք:

- Եթե մինչեւ այսօր մնացել եմ այստեղ, ապա դա խոսում է այն մասին, որ ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ Երեւանը, որն իմ սիրելի քաղաքն է, եւ հենց այստեղ է, որ ես ինձ լավ եմ զգում:

- Եվ վերջին հարցը. հղիության ընթացքում շատ ակտիվ էիք սոցցանցերում, ապրում էիք հղիության ամեն պահը… Կրկին մայրանալու ցանկություն դե՞ռ չունեք:

- Դեռ՝ ո՛չ: