Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-11-2016
Հենրիխ Մխիթարյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօրվանից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարի կամքի ազգային դեսպան է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 70-ամյակի առիթով Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Ֆուտբոլիստը կօգնի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ պաշտպանելով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Հայաստանի ազգային հավաքականի ավագը պատասխանատվությամբ է մոտենում բարի կամքի ազգային դեսպան դառնալուն եւ պատրաստակամ է իր ուժերի ներածին չափով օգնելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:

«Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես պատրաստվում եմ գործի դնել իմ ջանքերը եւ օգնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում խթանելու յուրաքանչյուր, այդ թվում՝ ամենից խոցելի երեխաների կրթության իրավունքը»,- ասաց Հենրիխ Մխիթարյանը՝ հավելելով, որ կփորձի ակտիվ քայլեր ձեռնարկել ու իր հնարավորությունների շրջանակում օգնել երեխաներին:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը գոհունակություն հայտնեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին միանալու առթիվ: Նրա ընդգծմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը խորապես նվիրված է կազմակերպության առաքելության գաղափարախոսությանը, այդ պատճառով էլ միակն է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներից, ով դարձել է բարի կամքի ազգային դեսպան:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշտապես բարի կամքի եւ աջակցության դրսեւորում է ստանում ամբողջ աշխարհում: Մշակույթի եւ մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերն այսօր աջակցում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան կոչումը հատուկ տիտղոս է, որը տրվում է շատ հատուկ մարդկանց: Մոտ ապագայում չեմ տեսնում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամներից ինչ-որ մեկին, ով կարող է դառնալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարի կամքի ազգային դեսպան»,- նշեց Տանյա Ռադոչայը, ում պնդմամբ՝ միայն ուրախալի է, որ այսուհետ միավորված ջանքերով կպայքարեն Հայաստանում կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար առաջնահերթություն դարձնելու գաղափարի համար:

Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կօժանդակի հիմնականում արձակուրդի ժամանակ, երբ ամռանը Հայաստան կգա հանգիստը վայելելու, իսկ մինչ այդ ֆուտբոլիստը հայտնեց, որ կենտրոնացած է իր թիմի, մարզումների եւ ազգային հավաքականի հետ մոտակա խաղին հաջողության հասնելու վրա:

«Ճիշտ է, խաղադաշտում քիչ ժամանակ եմ ստանում, բայց չեմ պատրաստվում հանձնվել: Ես երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար, ոչինչ չի խանգարի, որ հասնեմ իմ երազանքին: Ես չեմ նահանջի, իմ մեջ ուժ կգտնեմ ու կհասնեմ նպատակիս»,- հավելեց ֆուտբոլիստը՝ խոսելով իր ակումբային կարիերայի մասին:

Օգտվելով առիթից՝ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձավ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին. «Արթուր Պետրոսյանը եղել է մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից, եթե ոչ՝ լավագույնը, որով միշտ հպարտացել եմ: Երբ դեռ փոքր էի, նրանից մեծ աջակցություն եմ ստացել: Նա լավ գիտելիքներ ունի, ճիշտ է հասկանում ֆուտբոլը, կարող է օգնել մեր հավաքականին»:

Մինչ այսօր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան է երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում այսօր էլ ակտիվորեն մասնակցում է միջոցառումների: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի առաջին ֆուտբոլիստ-ներկայացուցիչն է, ով միանում է սպորտի եւ մշակույթի ոլորտների հանրաճանաչ ներկայացուցիչներին, որոնք աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանն ամբողջ աշխարհում: