Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի
Տեղադրվել է 09-11-2016
«100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը կամփոփվի շուտով
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը լրագրողներին ներկայացրեց «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի ամփոփիչ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը:



Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել էր 2015 թ.-ին, որի հաջողությամբ պայմանավորված էլ 2016 թ.-ին մեկնարկեց ծրագրի վերջնական հաստատված տարբերակը՝ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ անվամբ: Ներկայացվել է 30 հայտադիմում (անհատներ, ստեղծագործական խմբեր, կազմակերպություններ եւ այլն):



«Այսօր մեր իրականության մեջ մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, ովքեր այս կամ այն ոլորտում ունեն որոշակի նորարարական մոտեցումներ: Հաճախ այդ գաղափարները, որոնց նկատմամբ թերահավատ ենք լինում, մնում են անարձագանք: Մեր ժամանակներում մրցունակ երկիր եւ տնտեսություն ունենալու առաջին գրավականը նորարարական գաղափարներն են: Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք խթանել այն երիտասարդներին, ովքեր ունեն համապատասխան առաջարկներ եւ մշակումներ: Դրանք մի կողմից կարող են առեւտրայնացվել, իսկ մյուս կողմից դառնալ հարթակ՝ նոր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների զարգացման համար»,- նշեց պարոն Քարամյանը:



Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ձեւավորվել է փորձագիտական հանձնաժողով, որում ներգրավված են ոլորտների առաջատար մասնագետներ: Մրցույթում ընդգրկվել են ոլորտային չորս անվանակարգեր՝ գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական եւ դեղագործական, ինչպես նաեւ տեխնիկական գիտություններ:



Փոխնախարարը փաստեց նաեւ, որ մրցույթի հաղթողները 2018 թ.-ին մասնակցելու են ԱՊՀ երկրների համար իրականացվելիք համանման մրցույթին: Ըստ պարոն Քարամյանի՝ միջազգային այդ մրցույթում Հայաստանը պետք է ոչ միայն պատշաճ ներկայանա, այլեւ առաջնորդող դիրք ունենա, քանի որ մեր երկիրը միշտ էլ առաջանցիկ տեմպերով է առաջ շարժվել:



«Հետաքրքիր գաղափարներ կան, իսկ դրանք պետք է գնահատի հանրությունը: Այս մրցույթը երիտասարդների տաղանդը բացահայտելու անկյունաքարերից մեկն է: Ներկայացված 30 աշխատանքների շարքում, բնականաբար, կլինեն մի քանիսը, որոնք արդյունավետորեն կկիրառվեն նաեւ մեր պրակտիկայում: Մենք հետագայում նպատակ ունենք մրցույթը դարձնել համահայկական. չէ՞ որ Սփյուռքում  նույնպես մենք ունենք մեծ ներուժ»,- ասաց պարոն Քարամյանը:



Թեմայի արդիականություն եւ նախագծի գործնական նշանակություն, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականություն, գաղափարի նորույթ կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականություն, նախագծի հետազոտության նպատակների եւ խնդիրների հստակություն, տրամաբանական հիմնավորվածություն, դրանց հասնելու ուղիների հստակություն, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի եւ գործնական հանձնարարականների յուրօրինակություն. սրանք այն չափորոշիչներն ու մոտեցումներն են, որոնցով գնահատվելու են ներկայացված 30 աշխատանքները:



«Սա երիտասարդների ներուժի բացահայտման ճանապարհներից մեկն է»,- ասում է պարոն Քարամյանն ու հավելում, որ ներկայացված 30 հայտը լավ ցուցանիշ է: Ըստ նրա՝ հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ են հայտագրվելու եւ իրենց ուժերը փորձելու հանրապետական երիտասարդական այս մրցույթում, ինչի արդյունքում էլ, անկասկած, ծրագիրն իրականացնողներն ավելի լայն ընտրության հնարավորություն կունենան, եւ ավելի լավ գաղափարներ ի հայտ կգան:



Հ.Գ.: Մրցույթը կամփոփվի նոյեմբերի վերջին: Մրցույթի արդյունքներին կանդրադառնանք Eritasard.am-ի առաջիկա հրապարակումներում: Նախատեսված են նաեւ դրամական խրախուսումներ՝ 2 մլն դրամի չափով (4 անվանակարգ, յուրաքանչյուրին՝ 500.000 ական դրամ):