Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 2016-11-05 13:28
Բացվեց հերոս Ադամ Սահակյանի ցուցահանդեսը
ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվեց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:



Ադամը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող էր եւ մանկուց երազել էր ցուցահանդես ունենալու եւ ճարտարապետ դառնալու մասին:



Ադամ Սահակյանը 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում եւ լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ եւ վերջինիս զգալի կորուստներ հասցնելով: 



Պայքարեց մինչեւ արյան վերջին կաթիլը: Մեր օրերի հերոս Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած եւ ժամեր տեւած պայքարը հնարավորություն է տվել Ջեբրայիլի գնդին տեղակայվել եւ ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում: Արդյունքում՝ «հրեշտակների ջոկատ» անվանյալ՝ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը, կանխել է հակառակորդի առաջխաղացումը դեպի երկրի խորքը եւ տապալել նրա մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը: 



Ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։



Կոմիտեի նախագահի խոսքով` Ադամը կարող էր տաղանդավոր ճարտարապետ դառնալ. «Հպարտանում ենք  նրանով թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ, հպարտ ենք, որ նման երիտասարդը կյանքը զոհել է հանուն մեր հայրենիքի»:



Միջոցառմանը ներկա էին նաեւ Ադամի ծնողները, ովքեր հպարտությամբ էին նայում իրենց որդու աշխատանքներին: Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Անտոնյանը, հիշում է որդու ժպիտը, նրա երազանքներն ու ձգտումը. «Այստեղ ցուցադրված յուրաքանչյուր աշխատանք սրբության մասունք է մեր ընտանիքի անդամների համար»:



Ներկայացված են Ադամի 20 աշխատանքները, որոնց զգալի հատվածն անավարտ է մնացել։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 11-ը։