Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 04-11-2016
Ամփոփվեց «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի 3-րդ փուլը
Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցան «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի 3-րդ փուլի ամփոփումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ծրագիրն իրականացվել է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր պետական բուհերի եւ մի շարք ոչ պետական բուհերի 250 ուսանողներ սովորել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ուսանողական խորհրդի նախկին նախագահ Հասմիկ Ներսիսյանը, ուսանողական խորհրդի ներկայիս նախագահ Նելլի Ազիզյանը, մի շարք հյուրեր, դասախոսներ եւ ուսանողներ:

«Ցանկացած հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես ուրախ եմ, որ մեր ներկայիս երիտասարդությունը ձերբազատվել է անցյալի կապանքներից եւ գործում է ազատ՝ առանց կաշկանդվելու»- այսպես իր ելույթը սկսեց համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը եւ հավելեց, որ այս ծրագիրը կարեւոր դերակատարություն ունի, քանի որ այն երիտասարդներին զարգանալու, իր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն է տալիս: 

Կարեն Ավագյանը, խոսելով ծրագրի մասին, կարեւորեց հատկապես «Հայկյան» մրցանակին արժանանալը, ինչը փաստում է, որ ծրագիրը ստացված է: Որպես երկրորդ կարեւոր հանգամանք՝ նա նշեց ուսանողների՝ պրակտիկայի դաշտում գիտելիքների կիրառումը: «Անխոս, ծրագիրը կկրի շարունակական բնույթ ու նաեւ վարակիչ կլինի»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Ավագյանը:

Ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Ազիզյանն էլ շնորհակալություն հայտնեց աջակիցներին եւ եւս փաստեց, որ ծրագիրը հաջողված է, քանի որ արդեն կա պայմանագիր ՀՀ ՊՆ-ի հետ, որի շրջանակում ՊՆ աշխատակիցներին կուսուցանվեն օտար լեզուներ:

Հանդիպման վերջում մասնակիցներին ու ծրագիրը համակարգողներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրեր: 

Պետք է փաստել, որ ներկա մարտահրավերների առումով նմանօրինակ ծրագիրը, անխոս, կարեւոր է ուսանողների զբաղվածության տեսանկյունից, քանի որ, կարելի է ասել, այն որոշ չափով նաեւ զբաղվածության ապահովման ծրագիր է, որը գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաեւ  ապագայում լավ աշխատանք գտնելու հնարավորություն է տալիս:

Պատկերասրահ՝ «Դասավանդում են բրյուսովականները». 3-րդ փուլն ավարտվեց