Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-11-2016
Նշվեց «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» հիմնադրման 50-ամյակը
1966 թվականին, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ, ՀԽՍՀ ԳԱ նախագահությանը կից հիմնադրվեց «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը: 2005 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հրատարակչությունն ընդգրկվել է ՀՀ ԳԱԱ կազմում:



1974-2008 թթ. «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 միլիոն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարեւորություն ունի  «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատորով) , որը տպագրվել է 1974-88 թվականներին՝ 100 հազար տպաքանակով:



Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը նշեց իր հիմնադրման  50-ամյակը: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաև «Հայկական հանրագիտարանի կես դարը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում էր հրատարակչության 50-ամյա գործունեության մասին, ինչպես նաեւ ներկաների դատին հանձնվեց «Հանրագիտական բառարան»-ի 1-ին հատորը:  



Ներկա էին ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, գիտական ինստիտուտների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 



Ցերեկույթը սկսվեց աղոթքով: Ելույթով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով նշեց, որ դա կարեւոր նվաճում է մշակութային ոլորտում, որով պետք է միայն հպարտանալ: Նա նշանակալի իրադարձության կապակցությամբ շնորհավորեց խմբագրակազմին: 
 



«Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն էլ կարեւորեց մի հանգամանք. այն է՝ 50-ամյակը ներառում է խորհրդանշական երկու 25-ամյակներ, քանի որ առաջին 25 տարին գործունեություն է ծավալվել խորհրդային իշխանության տարիներին, իսկ երկրորդ 25-ը՝ անկախ ՀՀ-ում:



«Այս 50 տարիները եղել են բեղուն գործունեության տարիներ, եղել են դժվարություններ, եղել է վերահսկողություն, գրաքննություն, սակայն կար ազգային արժանապատվության հարց, եւ մենք կարողացանք մեր միաբանությամբ հասնել հաջողության»,- ասաց Հովհաննես Այվազյանը եւ իր շնորհակալությունն ու շնորհավորանքները հղեց խմբագրակազմին: 



Հանդիպման ընթացքում խմբագրակազմի անդամները պարգեւատրվեցին ՀՀ ԳԱԱ պատվոգրերով եւ գովեստագրերով: 



Իրապես, անհերքելի է այն փաստը, որ բազմաթիվ սերունդներ են կրթվել, կրթվում եւ կկրթվեն այդ հանրագիտարաններով: Դրանք արժեքավոր են ոչ միայն իրենց ստույգ տեղեկատվությամբ, այլեւ այն անձանցով՝ գլխավոր խմբագիրներով, որոնց շնորհիվ ստացել ենք գրագետ մատուցված տեղեկատվություն: Գլխավոր խմբագիրների թվում են եղել Վիկտոր Համբարձումյանը (1974 թ.), Աբել Սիմոնյանը (1974-1979 թթ.), Մակիչ Արզումանյանը (1979-1988 թթ.), Կոնստանտին Խուդավերդյանը (1988-1999 թթ.), իսկ 1999 թվականից՝ Հովհաննես Այվազյանը: 



«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ն առաջիկայում հասարակությանը կհանձնի մի շարք արժեքավոր գրքեր եւս, որոնք իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն հայ մշակույթի գանձարանում: