Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-11-2016
Գրիգ. «Հերոս կամ կերպար հորինելու խնդիր չեմ ունեցել. իմ հերոսներն ու կերպարները կյանքից են…»
Գրիգը երիտասարդ գրող է, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ: Նրա մուտքը գրական դաշտ խոստումնալից էր, հաջողություններով լեցուն:

Գրիգն իր «Հիսուսի կատուն» գրքով կարճ ժամանակահատվածում գրավեց ոչ միայն ընթերցողի ուշադրությունը, այլեւ արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Երիտասարդ գրողի հետ զրույցը իր հաջողությունների, ժամանակակից գրականության եւ առաջիկա անելիքների շուրջ է…

Գրական կյանք...

Ես գրական դաշտ մուտք գործեցի շատ պատահաբար, շնորհիվ արձակագիր, «Գրեթերթ»-ի գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանի: Նա եղավ այն մարդը, ով հավատաց ինձ եւ հարթակ տրամադրեց: Առաջին պատմվածքներս տպագրվեցին հենց «Գրեթերթ»-ում: Այնուհետեւ «Պուճուր մարդը», «Երկու սիլուետ» եւ «Հիսուսի կատուն» պատմվածքների համար երեք տարի անընդմեջ արժանացա «Գրեթերթ»-ի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին: Իմ խորին համոզմամբ` գրողի համար շատ կարեւոր է աշխատասիրությունը: Դու պետք է համառորեն նույն կետին հարվածես, ինչպես կաթիլն է քար ծակում, չէ՞ որ վարպետություն ձեռք բերելու համար նաեւ ամենօրյա աշխատանք է պետք: 



«Հիսուսի կատուն»

Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում մեր քաղաքն է՝ Երեւանը, այստեղ ապրող անտուն մարդիկ: Երկրորդ հատվածում աշխարհի տարբեր ծայրերից Գերմանիա մեկնած եւ այնտեղ բուժում ստացող երեխաներ են, որոնց մեջ է նաեւ հայաստանցի մի տղա: Գրքի հիմքում ընկած են ահա այս երկու տարածքների զուգահեռը, համեմատությունն ու տարբերությունը: Երեւանյան հերոսները՝ անտունները, մարդիկ են, ովքեր անարդարացիորեն են հայտնվել փողոցում, ովքեր արժանի չէին այդպիսի ճակատագրի եւ ովքեր, չնայած սոցիալական գերծանր պայմաններին, պահպանել են «մանկան հայացքը» եւ կարողանում են նկատել, տեսնել կյանքի գեղեցիկ կողմերը, ապրել փոքր ուրախություններով: Իսկ Գերմանիայում բուժում ստացող երեխաները հիվանդության, պատերազմի պատճառով ժամանակից շուտ զրկվել են մանկությունից, կորցրել են «մանկան հայացք» ասվածը: Այս երկու տարածքների կենտրոնում էլ հենց «Հիսուսի կատուն» գրքի համանուն պատմվածքն է, որտեղ սոցիումը (այս դեպքում՝ դասարանի երեխաները) տանում եւ ջուրն է նետում իրենց դասընկերոջ կատվին, որովհետեւ տղան հավատում էր, թե իր կատուն առանձնահատուկ է, որ ջրի վրայով քայլել է կարողանում, եւ այդ պատճառով էլ կատվի տեսակը կոչվում է Հիսուսի կատու: Հասարակությունը հաճախ ժամանակից շուտ է սպանում մեր մեջ գոյություն ունեցող երազանքը:

Մենք...

Հարց է առաջանում՝ արդյո՞ք հասարակության ուժը որոշվում է ուժեղ օղակի ուժով: Պատկերացնենք, որ հասարակությունը շղթա է, որտեղ կան բազում ուժեղ եւ մեկ թույլ օղակ, եւ բավական է աղետ, պատերազմ եւ նման մի խնդիր ծառանան հասարակություն-շղթայի առջեւ, այն իսկույն պոկվելու է թույլ տեղից: Ուրեմն ուժեղ, հաղթող լինելու համար թույլ օղակներ չպիտի ունենանք, նվազագույնի պիտի հասցնենք թույլ օղակի գոյությունը: Դրա համար էլ ես գրեցի խոցելի խմբերի մասին, փորձեցի ուշադրություն սեւեռել նրանց վրա: Մենք ունենք արտաքին թշնամիներ, եւ այս պարագայում շատ կարեւոր է, թե ինչ ռեսուրս ունենք եւ ինչպես ենք պատրաստվում դիմակայելու այդ թշնամիներին: Առաջնագծում կանգնած տղան չպիտի մտածի սոցիալապես անապահով ընտանիքի հոգսերի մասին: Այս ամենը ինձ համար հրատապ հարց է: 

Իրականի եւ անիրականի խաչմերուկում...

«Հիսուսի կատուն» գրքում հիմնականում բոլոր հերոսներն իրական են: Խնդիր չեմ ունեցել հերոս կամ կերպար հորինելու, պարզապես վերցրել եմ կյանքից, մի երկու տեղ եմ հորինել: Շատ եմ ցանկանում, որ գա մի օր, երբ գրածս հեռու կլինի իրականությունից, կդառնա հորինվածք, եւ ամեն օր տանից դուրս գալիս չեմ առնչվի քաղաքի խեղճությանը, որի մասին գրել եմ: 



Գրողները, ովքեր ազդեցություն են ունեցել…

Շատ գրողներ են եղել, ովքեր ազդել են իմ գրական ճաշակի վրա, սակայն կան երկուսը՝ Վիլյամ Սարոյանն ու Ֆրանց Կաֆկան, այո՛, միմյանցից խիստ տարբեր երկու գրող, ովքեր լուրջ դեր են խաղացել: Կար ժամանակ, երբ տարված էի նրանց ստեղծագործություններով, երեւի նրանցից ինչ-որ բաներ կան նաեւ իմ ստեղծագործություններում, չգիտեմ:    

Ժամանակակից գրականությունը...

Կարծում եմ՝ այսօր ուշագրավ ժամանակակից գրականություն ունենք: Տեսե՛ք՝ ինչքան բազմազան է, ինչ տեսակի գրող ասես, որ կա: Ինձ դուր է գալիս այս գործընթացը, խմորումները, անկասկած հետաքրքիր գրականություն է ստեղծվում: Այն պնդումը, թե չկա ժամանակակից գրականություն, թե չեն ընթերցում, մեղմ ասած, ճիշտ չէ:

Նոր գրքի սպասումով...

Հիմա փորձում եմ վեպ գրել, թե ինչ կստացվի վերջում, չգիտեմ: Գերմանիայում բուժում ստացող երեխաների պատմությունը ինձ համար շարունակվում է, երեխաներ՝ Հայաստանից, Վրաստանից, Աֆղանստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այսպես շարունակ: Ի վերջո, մենք, հաճախ մեր կամքից անկախ եւ չգիտակցված, բայց ներկայացնում ենք այն երկիրը, որտեղից եկել ենք, մեր վարքն էլ մեր երկրի վարքին է նմանվում… Իսկ վեպը ավարտել չեմ շտապում: