Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Անի Ռափյանի և Մարգարետա Կոսմոլի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-10-2016
Մարգարետա Կոսմոլ. «Միշտ ինձ հետ է այն գիտակցումը, որ ես Հայաստան ունեմ»
«Դո՛ւք եք երկրի աղը» խորագրի հերոսուհին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բնակվող մեր հայրենակցուհի, ռեժիսոր Մարգարետա Կոսմոլն է:

Նրան հանդիպեցի գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի տանը: Երիտասարդ ռեժիսորն անվանի մտավորականի տիկնոջ՝ Գրետա Վերդիյանի թոռնուհին է: Մարգարետան ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի. նրա հեղինակած կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը՝ «Ցանցեր», «Քույրերը», «Տաքսիստը», մի շարք հեղինակավոր կինոփառատոներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Նշված ֆիլմերը, ի դեպ, նկարահանվել են Հայաստանում: 

Ֆիլմերի, հաջողությունների, ապագա ծրագրերի եւ այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Մարգարետա Կոսմոլի հետ: 

Թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում ես տանն եմ

Ծնվել եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուսիսային հատվածում գտնվող Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլում: Մանկուց հաճախ եմ այցելել Հայաստան, քանի որ այստեղ շատ հարազատներ ունեմ: Մեծացել եմ՝ ինձ վրա անմիջապես կրելով երկու՝ գերմանական եւ հայկական մշակույթների ազդեցությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում ես ինձ իմ տանն եմ զգում: 

Փորձում եմ հարթել իմ ճանապարհը

Ընտանիքն առհասարակ կարեւոր դերակատարություն ունի մարդու, անհատի ձեւավորման առումով: Այլ կերպ պատկերացնելն անհնար է: Ես արվեստի միջավայրում եմ մեծացել: Մայրս ինձ անընդհատ տարել է թատերական ներկայացումներ, դասական ֆիլմեր դիտելու: Տեսել եմ, թե ինչպես է քույրս ֆիլմեր նկարահանում, մայրս սցենարներ գրում, պապիկս՝ ստեղծագործում, եւ ինքս էլ ցանկացել եմ ստեղծել իմը: Իհարկե, չափազանց կարեւոր էին նաեւ այն հնարավորությունները, որ ես ունեի. մեր տանը տեսախցիկ կար, ինձ սովորեցնում էին մոնտաժի նրբությունները եւ օգնում նաեւ ֆինանսապես: Առանց ընտանիքիս աջակցության ես, իհարկե, չէի կարող հաջողության հասնել: Նրանք միշտ քաջալերել են ինձ՝ անընդհատ մղելով նոր քայլերի: Այժմ փորձում եմ հարթել իմ ճանապարհը: 

Հայրս ազգությամբ գերմանացի է, մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր: Մայրս սցենարիստ Կարինե Վերդիյան-Կոսմոլն է, քույրս՝ ռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենիա Շեկոյան), երկուսն էլ ուսանել են Մոսկվայի կինոինստիտուտում, տատիկս՝ Գրետա Վերդիյանը, երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել, իսկ պապիկս (հեղ.՝ նկատի ունի Աղասի Այվազյանին)… նրա հետ մենք առանձնահատուկ  փոխհարաբերություններ ունեինք: Ես հայերեն գրեթե չէի խոսում, իսկ պապիկը ռուսերեն չէր խոսում, բայց մենք ունեինք մեր ընդհանուր լեզուն: Հիշում եմ հատկապես մեր երկար զբոսանքները: Շատ էինք զրուցում: Ես հիմա չեմ կարող հիշել, թե նա ինչ պատմություններ էր պատմում, բայց որպես մարդ, որպես ստեղծագործող, անհատականություն՝ ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել: Պապիկը մի առիթով ասաց, որ իմ՝ փոքրիկ աղջնակի շնորհիվ մարդկանց ավելի շատ է սկսել սիրել: Սակայն ամենահետաքրքիրն ինձ համար այն պահերն էին, երբ նա ստեղծագործում էր: Մեր տունը նման էր թանգարանի. ամենուր պապիկի նկարներն էին ու շա՜տ գրքեր… Իմ մանկության հուշերում դա կախարդական տուն էր, որտեղ՝ մի խորհրդավոր սենյակում, լամպի լույս էր վառվում, ու պապիկը ստեղծագործում էր: 



Ֆիլմերի աշխարհը

Դեռ մանկական տարիքում ես սիրում էի փոքրիկ պատմություններ ու հեքիաթներ հորինել: Քանի որ տանը տեսախցիկ ունեինք, 3-րդ դասարանում փորձեցի իմ գրած պատմվածքի հիման վրա փոքրիկ «ֆիլմ» նկարահանել: Պատմությունը մի աղջկա մասին էր, ով աշխատանք էր փնտրում: Ընկերուհիներս դարձան դերասանուհիներ, իսկ հաջորդ «ֆիլմի» հերոսներն իմ նապաստակներն էին:

13 տարեկան էի, հերթական անգամ այցելել էի Հայաստան, երբ համացանցում հայտարարություն կարդացի այն մասին, որ Գերմանիայում էկոլոգիական խնդիրներին նվիրված մանկապատանեկան կինոփառատոն («Dein Blick Natur»/«Քո հայացքը բնությանը») է կազմակերպվելու: Որոշեցի Հայաստանում կարճամետրաժ ֆիլմ նկարահանել եւ ներկայացնել փառատոնին: 5 րոպե տեւողությամբ «Ցանցեր» ֆիլմն իմ առաջին լուրջ աշխատանքն էր եւ հաջողություն բերեց ինձ: Փառատոնում ֆիլմս լավագույնը ճանաչվեց, որից հետո ինձ սկսեցին հրավիրել այլ մրցույթների: Այն նույն հաջողությունն ունեցավ նաեւ 2013 թվականին Քիլում եւ Համբուրգում տեղի ունեցած փառատոներին՝ կրկին զբաղեցնելով առաջին տեղը: 

Հաջորդ արձակուրդին ես նորից Հայաստանում էի: Այստեղ ծանոթացա իմ բարեկամուհիներից մեկի հետ: Ինձ զարմացրեց մեր նմանությունը՝ թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ: Մեծացել էինք տարբեր երկրներում, միմյանց չէինք ճանաչել, բայց նմանությունն ակնհայտ էր: Ես նկարահանեցի «Քույրերը» ֆիլմը: Հենց այդ ֆիլմի շնորհիվ ինձ հրավիրեցին Հունաստան, ԱՄՆ (Նյու Յորք), մասնակցեցի միջազգային կինոփառատոների: 2014 թվականին Հայաստանում  մասնակցեցի «Ես եմ» միջազգային երիտասարդական  կինոփառատոնին, եւ «Քույրերը» ճանաչվեց լավագույն դեբյուտային ֆիլմ: 

Հաջորդ ֆիլմս «Տաքսիստն» էր, որն ինձ ավելի մեծ հաջողություններ ու հաղթանակներ բերեց: Կարեւոր էր հատկապես 2015 թվականին Գերմանիայի Հալե քաղաքում տեղի ունեցած փառատոնը, որտեղ ֆիլմը ճանաչվեց լավագույնը: Ֆիլմս ներկայացրել եմ նաեւ Լայպցիգում, Լյուբեկում, երկու շաբաթ առաջ այն ցուցադրվել է ՌԴ-ում՝ Պերմում: 

Վերջին ֆիլմս «Բաբելոնն» է, որը նկարահանել եմ Վրաստանում: Այն արդեն ներկայացված է մրցույթի: Այժմ շարունակում եմ աշխատել, այս պահին բազմաթիվ ծրագրեր կան, որոնցում ընդգրկված եմ: Մասնավորապես 2015 թվականին Լյուբեկում մասնակցել էի կինոփառատոնի, որտեղ ընդգրկված էին երիտասարդ ռեժիսորներ սկանդինավյան երկրներից: Այժմ յուրաքանչյուր երկրից ընտրվել է 4 ներկայացուցիչ: Մենք պետք է համատեղ ֆիլմ նկարահանենք:  Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նաեւ պատրաստվում եմ նոր ֆիլմ նկարահանել: Արդեն ընտրված են դերասանները, անգամ նկարահանումների օրերն են պլանավորված: Սա կլինի խաղարկային ֆիլմ:

 

Ամենամեծ հաջողությունը…

Անշուշտ, մասնակցությունն ու հաղթանակն էին 2015 թվականին Հալեում տեղի ունեցած ամենամյա «Jugendvideopreis»  փառատոնին: Այն համագերմանական է: Մասնակցում են մինչեւ 25 եւ 50-ից բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Բավականին լուրջ փառատոն է, մրցակցությունը՝ մեծ: 2 տարի ինձ չէր հաջողվել մասնակցել, եւ ահա 2015-ին մասնակցեցի իմ երկու ֆիլմերով: «Տաքսիստը» ճանաչվեց լավագույնը, իսկ «Քույրերը» զբաղեցրեց 3-րդ տեղը այլ անվանակարգում:

Ամենասիրելի ֆիլմը

Ամենասիրելին, որպես կանոն, միշտ վերջին ֆիլմն է: Երբ երկար աշխատանքից հետո այն արդեն վերջնական տեսքի է բերվում, դառնում է ամենասիրելին: Եթե առաջին ֆիլմս ես հիմա նկարահանեի, այն միանգամայն այլ կլիներ, սակայն ես սիրում եմ ֆիլմն այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին ստեղծել եմ տարիներ առաջ: Ինձ համար դժվար է ընտրել որեւէ մեկը, դրանք իմն են:  

Չապլինն ինձ համար կինոյի Աստվածն է…

Առանց չափազանցության, ես Չարլի Չապլինի հետ եմ մեծացել: Մանկության տարիներից մինչ օրս չկա մի շաբաթ, որ ես չդիտեմ նրա ֆիլմերը, չկարդամ նրա մասին: Չապլինը հանճար է, կինոյի աստվածը:



Ապագայի ծրագրեր

Այժմ ուսանում եմ Կրոնսհագենի գիմնազիայի ավարտական դասարանում: Գերմանիայում շատերը գիմնազիան ավարտելուց հետո մեկ տարով մեկնում են արտերկիր, որից հետո միայն դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ես, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ կլինեմ Հայաստանում: 

Ինչ վերաբերում է իմ ապագա մասնագիտությանը, կարող եմ ասել, որ դեռ լիարժեք չեմ կողմնորոշվել: Ինձ համար դժվար է. կինոն մեծ սեր է եւ առանց դրա ես չեմ կարող: Անկախ նրանից՝ ես ինչ մասնագիտություն կընտրեմ, կինոն ինձ հետ կլինի: Սակայն, ինչպես արդեն նշել եմ, հայրս մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր է, նրա բոլոր հարազատները մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ են: Ինքս էլ հետաքրքրված եմ այդ առարկաներով: Սիրում եմ նաեւ կենսաբանությունն ու լուրջ հետաքրքրված եմ բժշկի մասնագիտությամբ: 

Իհարկե, ուժերս կփորձեմ Գերմանիայի Կոնրադ Վոլֆի անվան կինոյի եւ հեռուստատեսության ինստիտուտում: Միաժամանակ մտածում եմ նաեւ բժշկական ուսումնական հաստատություն դիմելու մասին:  

Ես Հայաստան ունեմ…

Անգամ Գերմանիայում միշտ ինձ հետ է այն գիտակցումը, որ ես Հայաստան ունեմ…  և դա հրաշալի է: Ես ունեմ 2 աշխարհ՝ Գերմանիան եւ Հայաստանը: Սիրով եմ գալիս. այստեղ մարդիկ ավելի ջերմ են, սրտաբաց, հյուրընկալ եւ ամեն անգամ Հայաստանից մեկնում եմ նոր լիցքերով, նոր ուժով…