Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Հովհաննես Բաբախանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 01-11-2016
Հովհաննես Բաբախանյան. «Այո՛, ես երջանիկ եմ…»
Դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեությունից, կարոտից, ընտանիքից, հաջողություններից:

Արդեն տարիներ են, ինչ Հովհաննես Բաբախանյանն ապրում է ԱՄՆ-ում: Այնտեղ շարունակում է զբաղվել մասնագիտական գործունեությամբ, խաղում է ամերիկյան թատրոններում, իսկ ամենակարեւորը` հանդիսատեսի ջերմության պակաս չի զգում:

- Պարո՛ն Բաբախանյան, չե՞ք մտածում հայրենիք վերադառնալու մասին:

- Քանի որ Հայաստանում հաճախ եմ լինում, կարծես չեմ զգում իմ բացակայությունը, բայց կարոտում եմ անմիջապես, արդեն իսկ ինքնաթիռի մեջ:

- Կարիերան այնտեղ շարունակվո՞ւմ է, ինչպիսի՞ հաջողություններ եք գրանցել:

- Շարունակում եմ նկարահանվել ամերիկյան արտադրության ֆիլմերում: Մի քանիսն այժմ ընթացքի մեջ են: Վերջերս մի ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվեցին, որտեղ միանգամայն տարբեր կերպար եմ խաղում` «դեդեկտիվ»: Երեկ կայացավ ֆիլմի նախնական ցուցադրման արարողությունը: Խաղում եմ ներկայացումներում, համերգներին եմ երգում: Այս ընթացքում 20 ֆիլմերում ու գովազդային հոլովակներում եմ նկարահանվել եւ ամերիկյան 3 ներկայացումներում, որոնք նպաստում են նաեւ անգլերեն խոսքի զարգացմանը:

- Այժմ ինչո՞վ եք զբաղվում:

- Նոր եմ վերադարձել Նյու Յորքից, որտեղ խաղացի «I And I» մենաներկայացումս եւ հինգ համերգ ունեցա, որոնցից վերջինը կայացավ «Քարնեգի Հոլ»-ում: Ինձ ոգեւորելու եւ օգնելու նպատակով մշտապես կողքիս են հայ եւ ամերիկացի ընկերներս: Հրաշք ընկերներ ունենալն է նաեւ հաջողության հասնելու ճանապարհ, քանի որ ամեն բան Աստծուց է: 



- ԱՄՆ-ում հանդիսատեսի ջերմության պակաս չե՞ք զգում:

- Հայաստանյան թատերական հանդիսատեսը, իհարկե, տարբեր է, բայց քանի որ խաղում եմ ամերիկյան ներկայացումներում, բնական է, որ հանդիսատեսի կողմից ջերմության պակաս չեմ զգում:

- Իսկ ընդհանրապես ի՞նչ է պակասում արտերկրում ապրող եւ ստեղծագործող արվեստագետին:

- Չեմ կարծում` ինչ-որ բան պակասում է: Մարդը, որ երկրում էլ լինի, պետք է կարողանա Աստծո տված հաջողությունն ու աշխատասիրությունը համատեղել եւ շնորհակալ լինել Աստծուն այն ամենի համար, ինչ իրեն տրվել է:

- Հայաստանում ինչի՞ն եք ամենաշատը կարոտել: 

- Հենց Հայաստանն ամբողջությամբ, ինչպիսին որ կա:

- Եթե Ձեզ 2-րդ, 3-րդ հնարավորությունը տրվեր, Դուք կրկի՞ն դերասանի մասնագիտությունը կընտրեիք:

- Անկասկած, իմ կյանքի քառասունութ տարիներն ինձ ապացուցեցին, որ ես մասնագիտության ընտրության հարցում «անուղղելի եմ»:

- Ձեր պատկերացմամբ՝ լավ դերասանը ո՞րն է: Ի՞նչ ճանապարհ պետք է անցնել:

- Ըստ իս` լավ դերասանը նա է, ով մինչեւ վերջ նվիրվում է իր աշխատանքին եւ կարողանում է հոգով, սրտով եւ մարմնով ապրել ու վերապրել այն, ինչ պահանջում են տվյալ կերպարն ու առաջադրված հանգամանքները: Իսկ անցնելիք անհրաժեշտ ճանապարհը, իհարկե, կրթությունն ու մշտական ինքնակատարելագործումն են: Մանկուց սիրել եմ թատրոնն ու կինոն, քանի որ հայրս խաղում էր, եւ առաջին կապս թատրոնի հետ սկսվել է հորս շնորհիվ: Ավելի ուշ՝ արդեն ավագ դպրոցում, ուսուցիչներս ու համադասարանցիներս ինձ կնքել էին որպես դերասան:



- Ունե՞ք սիրված դերասաններ, որոնց երազել եք նմանվել փոքր տարիքում:


- Սիրված դերասաններ շատ կան, չեմ ուզում ոչ ոքի առանձնացնել, բայց նմանվելու պահանջ չեմ ունեցել:

- Եթե Ձեզ հնարավորություն տրվեր նրանցից մեկի հետ մեկ ժամ զրուցելու, ի՞նչ կհարցնեիք:

- Եթե Էնթոնի Հոփքինսը ինձ կարողանար տրամադրել մեկ ժամ, ես նրան կխնդրեի սովորեցնել ինձ կատարողական տեխնիկայի որոշ նրբություններ: Նա հրաշք դերասան է եւ ունի հզոր կատարողական տեխնիկա:

- Երբ հետադարձ հայացք եք նետում անցած ճանապարհին, ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:

- Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է, որ Աստծո կողմից տրված ամենաթանկ եւ պատասխանատու պարգեւն է իմ կյանքում:

- Ընտանիքի, սիրո դերը Ձեր կյանքում…

- Եթե ընտանիքում կա սեր, նշանակում է` կա Աստված, քանզի Աստված սեր է: Հիմա տեսնում եք, թե ինչ փոխկապված է ամեն բան, եւ պատահական ոչինչ չկա:

- Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

- Փառք Աստծո, վստահ կարող եմ ասել` այո՛, ես երջանիկ եմ: