Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-10-2016
Քննարկման առանցքում նարեկացիագիտությունն է
Այսօր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված էր անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:

Երկօրյա միջազգային գիտաժողովն իրականացվում է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որը կյանքի է կոչում «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի արդյունքում:

Միջոցառման հեղինակները ողջունեցին ներկաներին՝ նշելով, որ երկրորդ անգամ իրականացվող գիտաժողովը նպատակ ունի արժեւորել Գրիգոր Նարեկացու մեծ դերը, ով հայ միջնադարյան հոգեւորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա էր: 

Նշվեց, որ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է եւ մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թ.-ի փետրվարին էլ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Տիեզերական վարդապետ» տիտղոսը։ Այս եւ նմանատիպ այլ կարեւոր իրողություններ քննարկվեցին միջազգային գիտաժողովում:

Զեկուցումներով հանդես եկան նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, որոնց թվում էին Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լեւոն Արք. Զիքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր եւ պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտընվան Լինտը, Հայաստանից հանդես կգան Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը եւ արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը:

Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժան-Պիեր Մահեն իր զեկուցումը ներկայացրեց հայերենով: Նա նշեց, որ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին. «Պոեմն ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչեւ 10-րդ դարը։ Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները եւ դրանց համապատասխան արտահայտչական ձեւեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երեւույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրեւ համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար»։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաեւ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» (Ա եւ Բ հատորներ), Հ. Լեւոն Արք. Զեքիյանի «Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության»» իտալերեն թարգմանության, Ժան-Պիեր Մահեի «Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության»» ֆրանսերեն թարգմանության եւ Սեյրանուշ Մանուկյանի «Դավիթ Ղազարյան. «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն) գրքերի շնորհանդեսները: