Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-10-2016
Կանցկացվի «Թանգարան, կրթություն եւ ներգրավվում» եռօրյա դասընթաց-վարժանք
2016 թ. հոկտեմբերի 26-28-ը Երեւանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն եւ ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք:

Նման ձեւաչափով տարածաշրջանում առաջին անգամ անցկացվելիք միջազգային ծրագիրն իրականացվելու է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի համագործակցությամբ: Բրիտանական թանգարանի այդ ծրագրին եւ դրա հետ առնչվող միջոցառումներին Հայաստանը միացել է 2014 թվականից:

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի ղեկավար Քլեր Մասինջերի, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանի, Մանչեսթերի պատկերասրահի կրթության բաժնի ղեկավար Ռոնան Բրինդլիի, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանի՝ «Թանգարան, կրթություն եւ ներգրավվում» խորագրով ասուլիսը:

Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի ղեկավար Քլեր Մասինջերը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա նշեց, որ ուրախ է հայաստանյան իր այցի համար: Նրա խոսքով՝ ծրագիրն արդեն 11 տարի գոյություն ունի եւ միտված է առավել զարգացմանը եւ ընդլայնմանը: Աշխատանքներում ներգրավված են թանգարաններ Մեծ Բրիտանիայից եւ ամբողջ աշխարհից: Մասնագետները եւս տարբեր երկրներից են, այդ թվում՝  Հայաստանից: 

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանի հավաստմամբ՝ սա փորձի հիանալի փոխանակում է, որը դրական արդյունք կտա եւ ամենակարեւորը՝ սա աննախադեպ է համարվում, քանի որ այդքան երկրների շարքում ուշադրության կենտրոնում հենց Հայաստանն է: 

ՀՊՄՀ Թանգարանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանն էլ առանձնացրեց 3 կարեւոր հանգամանք. թանգարանների վերափոխման միտումը, հատուկ շեշտադրում՝ մեծերի եւ երիտասարդների շրջանում թանգարաններ այցելելու նկատմամբ հետաքրքրություն սերմանելը, եւ իհարկե ծրագրի՝ ինքնին աննախադեպ լինելը. այն է՝ Հայաստան-Բրիտանիա համատեղ համագործակցության ծավալում թանգարանային ոլորտում:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն իր հերթին նշեց, որ 2 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը ներգրավվել է, համագործակցությունը տվել է իր ցանկալի պտուղները, ինչի շնորհիվ թանգարանում արդեն գործում է 7 ծրագիր՝ տարբեր տարիքային խմբերի համար: 

Նշենք, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է հայաստանյան թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել բրիտանական եւ գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության, երիտասարդներին դեպի թանգարան մղելու, մեծահասակների կրթության եւ տարեց այցելուների հետ աշխատանքի լավագույն փորձի օրինակները, ինչպես նաեւ քննարկել հայկական թանգարանների փորձառությունը, համատեղ զարգացնել եւ կազմել նոր նախագծեր: