Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-10-2016
Նարեկ Դուրյան. «Խենթի նման սիրում եմ աշխատանքս»
Արդեն մի քանի տարի է, ինչ սիրված դերասան Նարեկ Դուրյանն աշխատում է հայ հանդիսատեսի համար:

 Երկար ժամանակ ապրելով հայրենիքից հեռու՝ ի վերջո նա վերադարձել է  հայրենիք եւ այսօր հայ հանդիսատեսի դատին է  հանձնում մի շարք ներկայացումներ: Դերասանը ներկայացնում է հետաքրքիր, յուրահատուկ, ինչու չէ, նաեւ զվարճալի բեմադրություններ՝ «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Մենք ենք, մեր ստերը», «Դոն Ժուան Ավիա»,  «Օպերացիա Նեմեսիս»,  «Քաջ Նազար», «Կոսմո Նոստրա»: 

Այսօր դերասանը խաղում էր «Իմ կնոջ անունը Մորիս է» ներկայացման մեջ, եւ հանդիսատեսն ամեն վայրկյան վայելում էր դերասանի խաղը: Եվ ահա ներկայացման ավարտից  ընդամենը յոթ րոպե անց հանդերձասրահում զրուցեցինք Նարեկ Դուրյանի հետ:

- Պարո՛ն Դուրյան, ներկայացման ժամանակ դրսում անձրեւում էր. դա ինչ-որ կերպ անդրադարձա՞վ Ձեզ վրա:

- Միանշանակ՝ ո՛չ: Երբ ես պատրաստվում եմ բեմ դուրս գալուն, ես ոչինչ չեմ նկատում. անձրեւ, կարկուտ, ինչ ուզում է՝ լինի: Իրականում ոչ միայն ներկայացման ժամանակ, այլ դեռ այն պահից, երբ ես մուտք եմ գործում թատրոն, ամեն բան փոխվում է, եթե մենք հանդիպեինք ներկայացումից առաջ, կտեսնեիք, որ ես արդեն մի ուրիշ վիճակում եմ գտնվում: Իրականում այսօրվա անձրեւը իրեն զգացնել չտվեց՝ բացառությամբ նրանից, որ մի պահ լույսերի հետ կապված խնդիր առաջացավ, որը, բարեբախտաբար, չխոչընդոտեց ներկայացմանը: Ի դեպ, ասեմ, որ ես էլ չէի նկատել այդ խնդիրը:

- Բեմից վերադարձաք հոգնած, ծիծաղեցրիք հանդիսատեսին, տվեցիք ահռելի էներգիա, իսկ հիմա ինչպե՞ս պետք է վերականգնեք այդ էներգիան, թե՞ այն անսպառ է:

- Շատ հետաքրքիր հարց է, գիտեք, եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ դժվարանում եմ պատասխանել, քանի որ չեմ մտածել այդ մասին: Ճիշտ է, ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես է դա ինձ հաջողվում, այն էլ՝ այս տարիքում, սակայն... Հիմա կարող եմ պատասխանել. ես խենթի պես սիրում եմ իմ աշխատանքը, հանդիսատեսին, բեմը, ինձ համար դերասան-հանդիսատես հանդիպումն իսկական սիրային հարաբերություն է: Տեսե՛ք, բացվում է վարագույրը, ես հանդիպում եմ զույգիս, եթե ինձ հավանեց, սիրեց, ուրեմն սիրային հարաբերությունը կստացվի, կունենա ընթացք, կուլմինացիա եւ այսպես շարունակ: Այո՛, ես խենթի պես սիրում եմ իմ աշխատանքը, եւ հենց այդ սիրային հարաբերությունն է ինձ այդքան էներգիա տալիս:



- Մենք շատ ենք սահմանումներ տալիս, օրինակ՝ թատրոնը կյանք է, անբուժելի հիվանդություն, սակայն իրականում այն  աշխատանք է, որը կարող է նաեւ հոգնեցնել: Երբեւէ հոգնե՞լ եք թատրոնից:

- Միանշանակ սա աշխատանք է, սա արվեստ է: Ինչպես է դաշնակահարն անընդհատ նվագում նույն գործը, ինչպես է ադամանդագործը մանրակրկտորեն անում իր գործը, նույնն էլ՝ մենք, պարզապես մեր տված արտադրանքն է ուրիշ: Իրականում ինչպես բանվորն է աշխատում, այնպես էլ՝ մենք: Ինչ է, օրինակ, հիմա իմ վիճակը. հոգնած, քրտնած… Այո՜, սա աշխատանք է, բայց այս աշխատանքից ես երբեք չեմ հոգնի:

- Պարո՛ն Դուրյան, ես գիտեմ, որ Դուք ամենաշատը վախենում եք հիասթափվելուց: Հետաքրքիր է, ապրել եք կես դար, արդյո՞ք  այդ ընթացքում հիասթափություններ չեք ունեցել:

- Եղել են, իրոք, շատ են եղել, բայց վախենում եմ ինքս ինձանից  հիասթափվելուց: Երբ մի բան ես անում, որտեղ էմոցիաները ուղեղդ «հանգցնում են», օրինակ, զայրույթը կարող է սխալ բանի հանգեցնել: Մենք պետք է տիրապետենք էմոցիաներին, չգոռանք, չհոգնեցնենք: Իրականում ես միայն հաջողություններ չեմ ունեցել, եղել են նաեւ դժվար պահեր, տապալումներ, եւ հենց այդ դժվարությունների շնորհիվ է, որ ես ամեն անգամ հասել եմ հաջողությունների: Պետք է ամեն բան կատարել ճիշտ, չառաջնորդվել պահով եւ էմոցիաներով, քանի որ դա կարող է հանգեցնել նրան, որ մարդն ինքն իրենից հիասթափվի:



- Կնոջ կերպար մարմնավորելը դժվար է, հանդիսատեսին  ծիծաղեցնելը՝ առավել եւս: Ինչպե՞ս  է դա Ձեզ հաջողվում:

- Դա մի հարց է, որին ես չեմ կարող պատասխանել, քանի որ պատասխանը, իրոք, չգիտեմ: Ես իմ ուսանողներին մի խորհուրդ եմ տալիս, որին եւ անձամբ հետեւում եմ,  իրականում ինձ շատ է օգնում հետեւողականությունը, ես հետեւում եմ ամեն բանի: Ինչ վերաբերում է կնոջ կերպարին, ես այդ դեպքում էլ շատ հետեւողական եմ եղել, ուշադիր հետեւել եմ կանանց, նրանց միմիկաներին, շարժումներին: Այդ հետեւողականությունն է, որ ինձ օգնում է: Օրինակ՝ «Սե լա Վի»-ում ես ներդրել եմ այն, ինչ տեսել եմ ողջ կյանքում: Երբ ամբողջ տեսածդ ի մի բերելու հնարավորություն ես ունենում, ապա դու ամեն բան բնականին մոտ ես անում:

- Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ուսուցիչները եղել են գրքերը: Ո՞րն է այն գիրքը, որը կարդալու խորհուրդ եք տալիս:

- Շատ դժվար է առանձնացնել այդ գրքերից մեկը: Միայն կասեմ, որ գոյություն ունի մոտ երկու հարյուր գիրք, որոնք բավարար են ինտելեկտուալ լինելու համար: Ես չեմ առանձնացնի ոչ մի գրողի, ոչ մի գիրք, քանի որ կարծում եմ՝ կվիրավորեմ մեկ այլ գրողի:

- Պարո՛ն Դուրյան, կա՞ մի բան, որը շատ եք ցանկանում անել, սակայն ժամանակ չունեք:

- Իմ երազանքն է օդանավ վարելը, շատ կցանկանայի իմ  ուժերով օդ բարձրացնել այն: Փարիզում ընկերներս խոստացել են վաթսունամյակիս այդպիսի անակնկալ մատուցել: Փարիզում կա մի վայր, որտեղ դու օդաչուի ուղեկցությամբ կարող ես օդանավ վարել: Իհարկե, շատ հետաքրքիր երեւույթ է, հետաքրքիր զգացողություններ են… Իսկ երկրորդ բանը, որը  շատ կցանկանայի, ժամանակի մեջ տեղափոխվելն է, օրինակ՝ գնալ ետ, գալ առաջ, ավելի ճիշտ՝ ետ գնալ, ինձ համար անցյալն է առավել հետաքրքիր:

- Պարո՛ն Դուրյան, կհիշե՞ք, թե վերջին անգամ երբ եք ներկայացումից անմիջապես հետո հարցազրույց ունեցել: 

- Այդ առումով կարող ենք շնորհավորել ե՛ւ ինձ, ե՛ւ Ձեզ, քանի որ սա ներկայացումից անմիջապես հետո իմ առաջին   հարցազրույցն է: Ներկայացումից հետո դժվար է խոսել, հոգնած եմ լինում, բայց քանի որ Ձեր խորագիրն ինձ թույլ չէր տալիս օրը եւ ժամը փոխել, ուստի անցկացրեցինք: Ինձ համար շատ հաճելի հարցազրույց էր: Մինչ նոր ներկայացում: