Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-10-2016
Սերգեյ Մանվելյան. «Մեծերն իրենց դուռը բացեցին իմ առջեւ»
«Դո՛ւք եք երկրի աղը» խորագրի ներքո այսօր ներկայացնում ենք երիտասարդ թուրքագետ Սերգեյ Մանվելյանին:

2015 թվականին լույս է տեսել Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը` ժամանակակիցների հուշերում» գիրքը: Հեղինակը 3 տարի շարունակ հանդիպումներ է ունեցել Լուսինեի հարազատների, Սփյուռքում և Հայաստանում ապրող շուրջ 8 տասնյակ մտավորականների հետ, յուրաքանչյուրից գրառել (նաեւ՝ տեսագրել ու ձայնագրել) անզուգական երգչուհու բարձր նկարագիրն ամբողջացնող, նոր առաքինություններ բացահայտող հուշերի թանկ պատառիկներ եւ դրանք մեկտեղել մեկ գրքում: Էջերում տեղ են գտել նաեւ հուշատուների կողմից հեղինակին տրամադրված մեծ թվով բացառիկ լուսանկարներ: 

Սերգեյ Մանվելյանի գեղեցիկ ու գրագետ մատուցմամբ՝ գրքի էջերից Լուսինե Զաքարյանի մասին իրենց տաքուկ հուշերն են պատմում երգչուհու քույրը՝ Ելենա Զաքարյանը, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստներ Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, օպերային երգչուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը, հայ մտավորականության այլ մեծանուն ներկայացուցիչներ: 

- Սերգե՛յ, նախքան ստեղծագործական գործունեությանն անդրադառնալը կխնդրեի պատմել Ձեր մասին. վստահ եմ՝ ընթերցողին կհետաքրքրի 22-ամյա երիտասարդի կենսագրությունը, ով արդեն գրքի հեղինակ է: 

- Ծնվել եմ Երեւանում՝ շինարարների ընտանիքում: Լուսահոգի հայրս եւ պապս շինարարներ են եղել, հորեղբայրս՝ նույնպես: Հպարտությամբ պետք է նշեմ` Երեւանում կան շենքեր, որոնց կառուցման գործում հայրս մեծ ներդրում է ունեցել: Սովորել եմ ֆրանսիական թեքումով դպրոցում, ապա ընդունվել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին: Տարբեր նախասիրություններ ունեի, սակայն ընտրեցի այս ճանապարհը, իսկ ընտրության հարցում որոշիչ դեր ունեցավ բանագետ, ժողովրդագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը. դեռ պատանեկության տարիներից մեծ հետաքրքրությամբ հետեւում էի նրա բոլոր հաղորդումներին (բախտ ունեցա նաեւ ճանաչելու նրան): Ընդունվեցի համալսարան, երբ 16 տարեկան էի: Այդ տարիքում թուրքերենը գրավում էր ինձ որպես թշնամու լեզու. ձգտում էի ավելին իմանալ թուրքերի մասին, որպես հայ երիտասարդ՝ ցանկանում էի ինչ-որ կերպ թեկուզ փոքր ներդրում ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործում: Հետագայում, իհարկե, հասկացա, որ դա իրավական լուրջ գործընթաց է, եւ ահռելի աշխատանք է պահանջում: Արդեն 6-7 տարի է՝ ուսումնասիրում եմ թուրքերենը: Բավականին հետաքրքիր է եւ չափազանց օգտակար՝ լրատվությանը ծանոթանալու, տեղեկատվությունն առաջին ձեռքից ստանալու եւ այլ առումներով: Այժմ էլ շարունակում եմ հետբուհական կրթությունս ասպիրանտուրայում (Մատենադարանում) եւ ատենախոսություն եմ պատրաստում «Պոլսի Հայոց պատրիարքարանն Առաջին աշխարհամարտի տարիներին» թեմայով: 



- Ինչպե ՞ս սկսվեց 18-ամյա երիտասարդի ճանապարհը դեպի Լուսինեն: Ինչո ՞վ է պայմանավորված Ձեր՝ գրեթե պաշտամունքի հասնող ակնածանքը նրա հանդեպ: 

- Ես Լուսինե Զաքարյանին «գտա» իր ձայնագրությունների շնորհիվ: Երգեցողություն, որը հաղորդակից է դարձնում Աստծո, վերերկրային գաղափարների, մարդկային մաքուր, ազնիվ ու վեհ հատկանիշների հետ: Հետագայում ճանաչեցի նրա նկարագիրը ոչ միայն որպես մեծանուն երգչուհի, այլեւ բացառիկ մարդկային առաքինություններով օժտված անհատ. Լուսինեն ժողովրդի ընկալումներում սրբուհի է: Երբ առաջին անգամ գնացի նրա շիրիմին խոնարհվելու, այնտեղ մեծ բազմություն էր հավաքվել, եւ ես տեսա երգչուհու նկատմամբ ժողովրդի մեծ սերն ու մեծարանքը:
Սկսեցի ամենուր հնարավորինս շատ տեղեկատվություն փնտրել Լուսինեի մասին: Թերթեցի ժամանակի մամուլը, գրականությունը եւ համոզվեցի, որ երգչուհու մասին այնքան քիչ է տեղեկատվությունը: Եվ հենց այդ ժամանակ ծնվեց հուշեր գրառելու գաղափարը՝ Լուսինե Զաքարյանի մասին ավելին իմանալու ու նաեւ ժամանակակիցների հուշերը փրկելու նպատակով: Երեք տարի շարունակ հանդիպումներ ունեցա այն մարդկանց, այդ թվում՝ հայկական գաղթօջախներում ապրող մտավորականների հետ, ովքեր ճանաչել են Լուսինեին: Հայաստանում չկա այնպիսի արխիվ, որտեղ լինեին երգչուհու մասին պատմող  նյութեր եւ լուսանկարներ: Այդ առումով դժվարություններ էին ծագում, սակայն մեծ սիրով եմ կատարել աշխատանքս: Ի դեպ, ի սկզբանե չէի մտածել, որ ձեռքիս տակ եղած նյութն այնքան շատ կլինի, որ կկարողանամ գիրք հրատարակել: 

Նախքան գրքի լույսընծայումը տարբեր արվեստագետների հետ հարցազրույցներ եմ ունեցել նաեւ այլ թեմաներով, սակայն երբեք չեմ սպասել, որ հոբելյան լինի, քանի որ, իմ համոզմամբ, մարդուն պետք է հիշել միշտ: Նույնը՝ նաեւ գրքի պարագայում: Սակայն այն տպարան տանելուց մեկ օր առաջ իմացա, որ երգչուհու ծննդյան թիվն այլ է: Բոլոր աղբյուրներում որպես Լուսինե Զաքարյանի ծննդյան թիվ նշված է 1937 թ.-ը, սակայն քույրը վկայեց, որ նա ծնվել է 1935 թ.-ին, եւ ինքնըստինքյան գիրքս լույս ընծայվեց երգչուհու  80-ամյա հոբելյանին: 

Առաջին հանդիպումս դերասանուհի Լալա Մնացականյանի հետ էր. 1988 թ.-ին նրանք միասին հյուրախաղերի են մեկնել արաբական աշխարհ: Հանդիպել եմ Սոս Սարգսյանի, Հովհաննես Չեքիջյանի, Մեդեա Աբրահամյանի, Էդուարդ Միրզոյանի, Մարկ Պետրոսյանի, Տիգրան եւ Արաքս Մանսուրյանների եւ շատ մեծերի հետ: Լուսինեի մասին բոլորը պատմում էին արտասվելով…  Ցավոք, իմ հուշատուներից 15 հոգի արդեն մեր կողքին չեն: 

-Ո՞րն էր ամենատպավորիչ պատմությունը մեծանուն երգչուհու մասին:

- Յուրաքանչյուր հուշ յուրովի հետաքրքիր էր եւ արժեքավոր, սակայն ամենահիշարժան եւ հուզիչ հանդիպումը, անշուշտ, Լուսինե Զաքարյանի քրոջ հետ էր: Մարդ, ով իր ողջ կյանքն ապրել է Լուսինեի կողքին: Բացառիկ հուշեր պատմեց մանկության տարիներից, երբ երգչուհին նույն Լուսինեն էր՝ խոնարհ, բարի… 



- Սերգե՛յ, հատկապես այդքան երիտասարդ տարիքում այդպիսի գործ նախաձեռնելը չափազանց մեծ պատասխանատվություն, ինչու ոչ, նաեւ համարձակություն է պահանջում: Երբեւէ մտածե՞լ եք, որ կարող եք նաեւ քննադատությունների ենթարկվել:


- Քննադատությունների արժանացել եմ նախքան գրքի լույսընծայումը: Առանց գիրքն ընթերցելու՝ ինձ մեղադրեցին այն բանի համար, որ շապիկին իմ անունն է գրված: Ես ոչ թե հավաքել եմ Լուսինե Զաքարյանի մասին արդեն եղած հուշերը (այդ պարագայում իմ անունը, անշուշտ, կնշվեր ոչ թե որպես հեղինակ, այլ որպես կազմող), այլ իմ նախաձեռնությամբ ինքս եմ հանդիպել, գրառել, նաեւ տեսագրել ու ձայնագրել նրա մասին հիշողությունները: Ֆրանսիայում ապրող գրող-հրապարակախոս Կարեն Սիմոնյանը մի առիթով ինձ ասաց. «Միշտ պատրաստ եղի՛ր, քո առջեւ ժայռեր են գլորելու»: Այս խոսքերն ինձ ուժ ու վճռականություն են տալիս, որպեսզի բոլոր իրավիճակներում սկսած ցանկացած գործ կատարեմ մինչեւ վերջ: Ի դեպ, առողջ, հիմնավորված քննադատության նկատմամբ դրական եմ տրամադրված: 

- Խոսենք նաեւ գնահատականների մասին…

- Հպարտությամբ պետք է նշեմ, որ արվեստի, մշակույթի ներկայացուցիչների կողմից գիրքս ջերմ ընդունելության է արժանացել: Շնորհանդեսի օրը չափազանց հուզված էի: Դահլիճում ներկա էին անվանի մարդիկ, մեծություններ, որոնց առաջ ես խոնարհվում եմ: Շնորհակալ եմ, որ նրանք իրենց դուռը բացեցին իմ առջեւ, վստահեցին, երբեք չհարցրին տարիքս: 

- Սերգե՛յ, ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենակարեւոր հանդիպումը: 

- Նման հանդիպումներ շատ են եղել, բայց կպատմեմ ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի հետ հանդիպման մասին: Նա մեծություն էր, արեւմտահայ մեր դերասանական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Հանդիպեցի շատ պատահական: Ասմունքող Նունե Ավետիսյանը եկել էր Հայաստան, եւ միասին այցելեցինք մեծանուն դերասանուհուն: Մեր կապը հետագայում պահպանվեց հեռախոսազրույցների միջոցով: Երբ գիրքս լույս տեսավ, որոշեցի նվիրել նրան, բայց զգուշացրեց՝ եվրոպացու պես կգաս (առանց քաղցրավենիքի եւ ծաղիկների): Ես, իհարկե, գնացի հայի պես: Դերասանուհին արդեն վատառողջ էր: Երկար զրուցեցինք: Երբ իմացավ, որ թուրքագետ եմ, սկսեց խոսել շատ գեղեցիկ, մաքուր թուրքերենով: Այնպես անուշ ու նազանքով էր խոսում: Պատմեց, որ լեզուն սովորել է Ռումինիայում ապրելու տարիներին՝ հարեւանուհուց: Հեռախոսահամարս վերցրեց եւ զանգահարեց մի օր: Ես երջանիկ էի. ինձ զանգահարում էր մեծանուն դերասանուհին: Հրավիրեց իր վերջին բեմելին: Դասերս թողեցի, անմիջապես գնացի իրենց տուն: Տեսա, թե ինչպես էր նա պատրաստվում: Հուզիչ տեսարան էր: Նա գնալու էր անկողնուց, ծանրացած ոտքերով, բայց... փայլը չկորցրած աչքերով: Վերջին բեմելը նոյեմբերի 17-ին էր: Դերասանուհին բուռն ծափերով հեռացավ բեմից: Մեկ շաբաթ հետո հեռացավ կյանքից: Կարելի է ասել՝ մահացավ բեմում: Արտիստի համար դա մեծ երջանկություն է:

- Գուցե զգացել է մոտալուտ մահը…

- Գուցե: Նա իր մահկանացուն կնքեց հենց այն օրը, երբ ի սկզբանե նախատեսել էին վերջին բեմելը: Դերասանուհին խնդրել էր չուշացնել, եւ օրը փոխել էին: 

- Սերգե՛յ, շնորհակալ եմ զրույցի համար: Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել…

- Կուզենայի ասել, որ անկախ բոլոր դժվարություններից՝ պետք է հիշել՝ պատմության տարբեր փուլերում մենք ավելի դժվարին ժամանակներ ենք ապրել, սակայն հաղթել ենք, վերականգնվել մեր բացառիկ գենի շնորհիվ: Ես լիահույս եմ, որ մոտ ապագայում կունենանք արվեստի, գիտության աննախադեպ առաջընթաց, ինչը բնորոշ է հավերժական ժողովուրդներին: Այսօր հրաշալի երիտասարդներ ունենք՝ բացառիկ ներուժով, ովքեր իրենց խոսքն անպայման կասեն: