Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-10-2016
Որո՞նք են ԱՄՆ-ում կրթություն ստանալու հեռանկարները
Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթությունը համարվում է լավագույնը ողջ աշխարհում, սակայն այդտեղ միջազգային ուսանողի բակալավրի աստիճան ստանալու ընդհանուր ծախսերը կարող են գերազանցել 165,000 ԱՄՆ դոլարը, ինչի արդյունքում ուսումնառության համար ԱՄՆ-ն աշխարհում ամենաթանկ երկիրն է:

Արտերկրում իրենց զավակների բարձրագույն ուսումն ապահովելու համար ծնողներից պահանջվող հավելյալ միջոցները, երկրից կախված, կարող են էապես տատանվել: 



Բացահայտելով ծնողների սպասումների եւ իրականության միջեւ առկա զգալի տարբերությունը՝ ուսումնասիրությունը նաեւ ցույց է տալիս, որ շատ ընտանիքներ պատրաստ չեն նման ներդրումների. ծնողների ավելի քան մեկ հինգերորդը (22%) դեռ չի էլ սկսել զավակների բարձրագույն կրթության նպատակով խնայել: 

Երեկ «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը կազմակերպել էր «Միացյալ Նահանգներում կրթություն ստանալու հեռանկարները» թեմայով բաց դռների օր:



Կոնֆերանսի բացառիկ հյուրը ԱՄՆ-ից ժամանած Թիմ Ֆելպսն էր, ով զբաղվում է ուսանողների խորհրդատվությամբ: 

Նա նաեւ աշխատում է տարբեր երկրների կառավարությունների հետ՝ կրթական ծրագրերը եւ գնահատման համակարգերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:



«London Eye» կենտրոնի տնօրեն Գայանե Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրինակ հանդիպումները շատ կարեւոր են այն ուսանողների համար, ովքեր ունեն ԱՄՆ-ում կրթություն ստանալու ե՛ւ ցանկություն, ե՛ւ հնարավորություն:

Կենտրոնի կազմակերպած հանդիպումը թիրախային էր հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են հմտանալ բնագիտական ոլորտներում, ինչպես նաեւ ստանալ կրթություն բուժքույրական ոլորտում:



Լավ կրթություն, որակյալ մասնագետ. հետեւաբար ե՛ւ լավ աշխատանք ե՛ւ բարձր աշխատավարձ: Ուսանողներին այսպիսի հաջողակ մասնագիտական բանաձեւ է առաջարկում կենտրոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ կրթաթոշակները, դրանց դիմելու գործընթացը:



Հավելենք, որ «London Eye» կենտրոնը բրիտանական, եվրոպական եւ ամերիկյան մի շարք առաջատար բուհերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ առաջարկում է բակալավրիական եւ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաեւ RUT International-ի (Իսպանիա) եւ Պեկինի համալսարանի բացառիկ ներկայացուցիչը տարածաշրջանում (Հայաստան, Իրան եւ Ռուսաստան): «London Eye»-ն իրականացնում է ամառային ճամբարներ (կրթական/ժամանցային/սպորտային), վերապատրաստումներ, աշխատանքային փորձի ապահովում: