Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-10-2016
Լեւոն Արոնյան. «Ես ցանկանում եմ շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ»
Ճեպազրույց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն արդեն վերադարձել է Մոսկվայից, որտեղ վերջերս մասնակցել է Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Հայ գրոսմայստերը, այդ մրցաշարում 5 միավոր վաստակելով, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Որպես հանդիսատես մասնակցելով կնոջ՝ Արիանա Կաոիլիի բարեգործական շախմատային խաղին՝ հայ գրոսմայստերը նաեւ չի խուսափել լրագրողների հետ շփումներից:

-  Ձեր վերջին պարտիաները հաճախ ոչ-ոքի են ավարտվում: Ի՞նչն է պատճառը:

- Ես մտահոգության առիթ չեմ տեսնում, քանի որ հատկապես վերջին մրցաշարերում կարողանում եմ լավ դիրքեր ստանալ մրցակիցների հետ պայքարում: Ոչ-ոքի արդյունքը այդպիսի պարագայում ինձ այնքան էլ չի մտահոգում, քանի որ որակական առավելություն եմ ունենում: Վերջերս Միխայիլ Տալի հուշամրցաշարում ես վատ արդյունքներ ցույց չեմ տվել: Իսկապես, մտահոգվելու առիթ չկա:

- Թվում է, թե այլեւս չեք պատրաստվում պայքարել շախմատի մրցաշարերում չեմպիոն հռչակվելու համար: Արդյո՞ք կորել է չեմպիոնական քաղցը:

- Եթե դրա համար չպայքարեի, շախմատ ուղղակի այլեւս չէի խաղա: Դրա մեջ եմ տեսնում շախմատ խաղալուս իմաստը: Վերջին մրցաշարերում, կարծես թե, վատ չեմ խաղում: Միավորներս, իրոք, շատ էլ չեն, բայց ավելին պետք է հավաքեմ: Միտումը լավն է, ես լավ դիրքեր շատ եմ ստանում:

- Ովքե՞ր են այն շախմատիստները, որոնց հիմնական մրցակից եք համարում: Նրանք շա՞տ առաջ են:

- Իմ գլխավոր մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է, միայն նա է ինձնից առաջ այս պահին: Մյուսները վատ չեն խաղում, սակայն ուժերի տարբերություն տեսնում եմ միայն նրա ու իմ միջեւ: Մյուսների հետ ես կարող եմ խաղալ հավասար եւ նույնիսկ նրանցից էլ լավ:

- Որո՞նք են այս տարվա այն մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեք: 

- Պատրաստվում եմ մասնակցել երեք հեղինակավոր մրցաշարերի: Առաջինը Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունն է, որը տեղի կունենա այս նոյեմբերին: Եվրոպայի ակումբային առաջնությունում հանդես կգամ իտալական թիմերից մեկի կազմում: Իրենք են ինձ հրավիրել: Ինձ հետ թիմում կխաղան Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Բորիս Գելֆանդը, Պետր Լեկոն: Ես կարծում եմ՝ մենք բավականին ուժեղ թիմ ենք եւ կպայքարենք մրցանակային տեղերի համար: Բացի դրանից՝ արդեն Լոնդոնում կայանալիք «Grand Chess Tour»-ի եզրափակիչ՝ դեկտեմբերյան փուլը կլինի, իսկ ավելի ուշ էլ Քաթարում սպասվում է արագ եւ բլից շախմատի աշխարհի առաջնությունը:

- Արդյո՞ք Վեյկ Ան Զեեի՝ «Tata Steel Chess» մրցաշարին եւս կմասնակցեք՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նախորդ տարի բաց եք թողել այդ կարեւոր ստուգատեսը:

- Արդեն հրավեր ունեմ: Կարծում եմ՝ կմասնակցեմ: Չեմ կարող դեռ պաշտոնապես որեւէ բան ասել, բայց հավանականությունը մեծ է, որ կմասնակցեմ: Ամեն տարի կազմակերպիչները ինչ-որ նորույթ են մտածում, այնպես որ այդ մրցաշարում սպասվող նորություններին տեղյակ եմ (Հ.Ծ.: Գալիք՝ 2017 թ.-ի հունվարին կայանալիք գլխավոր մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները տեղի են ունենալու Ռոտերդամի մարզադաշտում, 10-րդ տուրում էլ գրոսմայստերները հյուրընկալվելու են Հարլեմի համերգային դահլիճում):

- Խանտի Մանսիյսկում աշխարհի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճած Հայկ Մարտիրոսյանի եւ Մանուել Պետրոսյանի մեջ ապագա լավ սերունդ տեսնո՞ւմ եք:

- Շատ տաղանդավոր պատանի շախմատիստներ են: Իհարկե, խոստումնալից ելույթներ են ունեցել: Մեր պատանիներից այնպիսիներն էլ կային, որոնք հաջող հանդես չեկան, բայց նրանք էլ շատ ուժեղ են իրենց տարիքային խմբերում:

- Արդյո՞ք նրանք ապագա Արոնյաններ են:

- Այնպես չէ, որ ես երիտասարդ չեմ եւ պատրաստվում եմ հեռանալ: Ապագա Արոնյաններ փնտրելու կարիք չկա: Դեռ շարունակելու եմ պայքարը շախմատում առաջին տեղերի համար, քանի որ դա է իմ խաղալու իմաստը:

- Հաճախ մասնակցում եք միաժամանակյա շախմատային սեանսների: Կարո՞ղ է այնպես լինել, որ պարտվեք:

- Այնքան էլ հաճախ չեմ մասնակցում: Միայն տարին մեկ անգամ եմ կարողանում ժամանակ գտնել ու այդպիսի միջոցառման մասնակցել Հայաստանում: Երբեմն պարտվել եմ, քանի որ վաղուց շախմատի որակը Հայաստանում բարձր է եւ շարունակում է բարձրանալ:

- Ֆուտբոլով երբեմն-երբեմն հետաքրքրվում եք, դիտում Հայաստանի հավաքականի խաղը: Դեռեւս շարունակո՞ւմ եք այդպես վարվել:

- Այո՛, շարունակում եմ եւ տխրում եմ, երբ թիմը լավ չի խաղում, պարտվում է: Իրականում ես մեծ ֆուտբոլասեր չեմ, ուղղակի բնակարան ունեմ նաեւ Իսպանիայում: Երբեմն այնտեղ եղած ժամանակ որպես հանդիսատես մասնակցում եմ Իսպանիայի առաջնության խաղերին, այցելում ստադիոն: Ես շատ եմ սիրում ամերիկյան բասկետբոլը՝ Ամերիկայի ազգային լիգան:

- Երբեւէ հաջողվե՞լ է Ձեզ ներկա գտնվել NBA-ի խաղերից որեւէ մեկին: 

- Ցավոք, չեմ կարողացել, բայց հույս ունեմ՝ կստացվի մի օր:

- Ի դեպ, այսօր բասկետբոլը վերադարձել է նաեւ Հայաստան: «Ուրարտու» բասկետբոլային ակումբ ունենք, որը մասնակցում է Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ին:

- Ես միայն ուրախ եմ: Իրոք, շատ եմ սիրում բասկետբոլը: Գեղեցիկ մարզաձեւ է, իսկ ԱՄՆ-ում այն, իրոք, շատ զարգացած է: Հիանալի են ուղղակի խաղում: