Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-10-2016
«Դո՛ւք եք երկրի աղը»
Eritasard.am կայքն այսուհետ իր ընթերցողին կներկայացնի նոր շարք, որը կրում է «Դո՛ւք եք երկրի աղը» խորագիրը:

Մեր հերոսները մեր կողքին ապրող, հանրությանը հայտնի եւ դեռեւս անհայտ երիտասարդներ են, ովքեր իրենց գործունեությամբ, տքնաջան աշխատանքով, նպատակասլացությամբ, նվիրումով փորձում են ստեղծել նորը, փոխել իրենց շրջապատող իրականությունը, նոր իմաստ, համ ու երանգ հաղորդել դրան: Նրանք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ գիտություն, մշակույթ, արվեստ, արհեստներ, քաղաքականություն… Տարբեր են նրանց աշխարհները, մտահորիզոնը, երազանքները, սակայն նրանց միավորում է մեկ բան. նրանք արարող են: 

Անկեղծ զրույցների միջոցով կփորձենք բացահայտել մեր հերոսներին, կներկայացնենք նրանց գործունեությունը, կպատմենք նրանց ձգտումների, նպատակների մասին: 

Անի Մարգարյան. «Դժվարություններից երբեք չեմ տրտնջում»

Անի Մարգարյան. մասնագիտությամբ՝ արվեստաբան: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության եւ տեսության բաժինը (բակալավրիատ, մագիստրատուրա): Այժմ հետբուհական կրթությունը շարունակում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 

Անի Մարգարյանի բլոգն առաջիններից է, որն ադրբեջանական քարոզչությանը հակազդող առաքելություն է իրականացնում եւ իր կարեւոր դերակատարումն ունի քարոզչական պայքարում: Բազմաթիվ հոդվածներ է հեղինակել (այդ թվում՝ գիտական հոդված՝ նվիրված Ադրբեջանի էլեկտրոնային մեդիառեսուրսների վերլուծությանը): Հաջողությամբ իրականացրել է մի քանի նախագծեր, որոնք միտված են ազգային մշակութային արժեքները մոռացությունից փրկելուն, արտաքին ու ներքին լսարանի համար դրանք առավել ճանաչելի դարձնելուն: Այս տարվա օգոստոսից Անին հիմնել է «Հուշկապարիկ» մասնագիտացված խանութ-ցուցասրահը, որտեղ ներկայացված են հայ վարպետների աշխատանքները: 


- Անի՛, իմ խորին համոզմամբ՝ կյանքում յուրաքանչյուր ընտրություն պատճառաբանված է: Ինչպիսի՞ միջավայրում է մեծացել ապագա արվեստաբանը: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր ճանապարհը: 

- Մանկուց շրջապատված եմ եղել արվեստագետներով: Ավագ մորեղբայրս՝ Գագիկ Ավետիսյանը, հայտնի գեղանկարիչ-արվեստաբան է, ով Ռուսաստանում, Չինաստանում բավականին լայն գործունեություն է ծավալում՝ բարձր պահելով  հայ արվեստագետի անունը: Կրտսեր մորեղբայրս՝ Մելքոն Ավետիսյանը, փայտամշակման, փայտագործության վարպետ է, մի շարք հայտնի վանքերի դռների հեղինակ, Հայաստանում փայտագրակալների արվեստի միակ վերածնողը: Մայրս ինքնուս ասեղնագործությամբ, մաքրամեով է զբաղվում: Մեծացել եմ այդպիսի միջավայրում, մանկուց անմիջապես առնչվել արվեստին: Ինքս էլ հետաքրքրված էի գեղանկարչությամբ, սակայն այն մնաց միայն որպես նախասիրություն: Ճանապարհս, կարծես թե, ինքնըստինքյան կանխորոշված էր. այդ մթնոլորտը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ինձ վրա, եւ անվարան ընտրեցի մասնագիտությունս:  

- Տարիներ առաջ ծանոթանալով եւ բլոգոլորտում հետեւելով Ձեր գործունեությանը՝  անկեղծորեն զարմացա, երբ իմացա, որ մասնագիտությամբ արվեստաբան եք: Անի Մարգարյանի բլոգն ինձ հայտնի առաջին հարթակներից էր, որ բավականին հաջողությամբ հակազդում էր ադրբեջանական քարոզչությանը…  

- 2012 թվականին գրանցվեցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ամեն ինչ նոր էր, հետաքրքիր, եւ ազատ ժամանակս դրան էի տրամադրում: Ինչն ինձ գրավեց. այդ տարիներին օգտատերերի ակտիվությունն առավելապես դրսեւորվում էր ոչ թե անձնական էջերում, այլ խմբերում: Ընդ որում՝ գրառումներ կատարում էին այնպիսի կիրթ, ինտելեկտուալ մարդիկ, որ որեւէ մեկնաբանություն, կարծիք գրելուց առաջ մտածում էիր ամեն ինչ անել՝ սահմանված չափանիշներին համապատասխանելու համար: Անգամ բանավեճերը կոռեկտ եւ ճիշտ էին կառուցվում, ինչն այսօր բացառիկ երեւույթ է: Հետաքրքրությունս ավելի խորացավ եւ ստիպեց ուսումնասիրել բլոգոլորտը, հասկանալ՝ ինչ է այն: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ իմ էջում ադրբեջանցի օգտատերերը գրառումներ են կատարում: Հարեւան երկրի եւ ժողովրդի մասին այդ ժամանակ գիտելիքներս քիչ էին: Սկսեցի ուսումնասիրել եւ հասկացա, որ կա խիստ արտահայտված ատելություն մեր նկատմամբ:  2012 թվականին քարոզչական ճակատում իրավիճակն առավել լուրջ ու մտահոգիչ էր: Հայ ընթերցողն ադրբեջանական կայքերից էր օգտվում, իսկ այսօր շարքային օգտատերն առանց փորձագետի հուշման ուղղորդում է մարդկանց՝ զգուշացնելով, որ այս կամ այն հարթակն ադրբեջանական ռեսուրս է: Իհարկե, ոլորտում խնդիրները բազում են, բայց նաեւ առաջընթացը չի կարելի չնկատել: 

Այն տարիներին բլոգոլորտը ֆեյսբուքյան հարթակում դեռեւս կայացած չէր: Սկսեցի նյութեր գրել իմ էջում եւ հասկացա, որ դա մարդկանց հետաքրքրում է: Ինձ հրավիրեցին տարբեր կայքերից: Սկսեցի համագործակցել Լիբերալ բլոգի հետ, որտեղ մշակութային, ինչպես նաեւ Ադրբեջանին վերաբերող հոդվածները ես էի պատրաստում: Այնուհետեւ սկսեցի ակտիվացնել իմ անձնական բլոգը: Սկզբնական շրջանում այն խիստ արտահայտված հակաադրբեջանական էր: Սակայն ժամանակի ընթացքում, երբ ավելի լավ ճանաչեցի Ադրբեջանը, սկսեցի առավել հավասարակշռված, մտածված քայլերով  քարոզչություն իրականացնել: Հասկացա, որ ավելի արդյունավետ է, ի պատասխան բազում քայլերի, կատարել ճիշտ, կշռադատված հակաքայլ, քան խաղալ Ադրբեջանի սահմանած խաղի կանոններով: 

Որոշ ժամանակ անց սկսեցի համագործակցել ավելի լուրջ քարոզչական հարթակների՝ Ռազմ.info-ի, Panorama.am-ի հետ, որտեղ հանդես էի գալիս վերլուծություններով: Այդ ժամանակահատվածում իրականացրինք մի քանի մշակութային նախագծեր: 

Այժմ էլ ես ուշի-ուշով հետեւում եմ Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին եւ հատկապես սահմանային լարվածության դեպքում որոշ վերլուծություններ եմ գրում: 



- ««Սարի աղջիկը» հայկական երգ է», «Լավաշ», «Սերնդեսերունդ»… Նախագծեր, որոնք հաջողություն ունեցան: 

- Ամեն ինչ սկսվեց իմ անձնական նախասիրությունից: Ես սիրում եմ այդ երգը, հաճախակի լսում: Եվ եթե սիրում եմ մի բան, անպայման փորձում եմ ավելի խորը ուսումնասիրել, կարդալ, իմանալ հնարավորինս շատ: ««Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ժամանակակից քարոզչական մեխանիզմներով իրականացված առաջին քարոզչական մշակութային նախագիծն էր, որը մեծ հաջողություն ունեցավ: Այն թիմային երկարատեւ, համառ աշխատանքի արդյունք էր: «Լավաշն» ավելի կարճաժամկետ նախագիծ էր: Խնդիրն այն ավելի ճանաչելի դարձնելն էր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը գրանցել էր որպես հայկական մշակութային ժառանգություն, բայց Ադրբեջանն արդյունքները փոխելու հնարավորություն ուներ: 

Ինձ միշտ հետաքրքրել են նաեւ հին լուսանկարները: ««Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագծի իրականացման ժամանակ պատրաստված տեսանյութերում սկսեցինք երգը զուգակցել հայուհիների լուսանկարներով, նաեւ պաստառներ պատրաստեցինք: Սկսեցինք հավաքել հին լուսանկարները, թվայնացնել: Հայտնաբերեցինք բազում թուրքական էջեր ու կայքեր, որտեղ մեծ թվով հայերի լուսանկարներ կային, եւ իհարկե՝ ոչ մի խոսք նրանց ազգային պատկանելիության մասին: Այդպես ծնվեց նաեւ «Սերնդեսերունդ» նախագիծը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է: Այժմ այդ լուսանկարների մոդեռնիզացման առաջին քայլերն ենք իրականացնում: «Ծիրանե» բրենդի հետ փորձեցինք դրանք պատկերել զարդերի վրա: Կփորձենք հին լուսանկարները կիրառել նաեւ զարդատուփերի, պայուսակների վրա: 

Հատուկ ուզում եմ շեշտել, որ նշված նախագծերը թիմային աշխատանքի արդյունք են: 

- Անի՛, խոսենք նաեւ վերջին՝ ամենամեծ նախագծի մասին: «Հուշկապարիկը » կարծես փոքրիկ թանգարան լինի… Ահռելի աշխատանք է կատարվել: Ո՞րն էր այն ստեղծելու նպատակը, ի՞նչ առաքելություն է իրականացնում: 

- Այդպիսի խանութ-ցուցասրահ բացելու գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն քայլեր ձեռնարկելու համար երեւի քաջություն չունեի: Ի վերջո, երկար ու դժվարին աշխատանքից, բազում դժվարություններ հաղթահարելուց հետո նպատակս իրականություն դարձավ: «Հուշկապարիկը» չեմ կարող ներկայացնել պարզապես որպես խանութ: Այդտեղ գտնվող յուրաքանչյուր իր պատմություն ունի, որը հանգամանորեն ներկայացվում է մեր այցելուներին, այդ թվում՝ զբոսաշրջիկներին: 

«Հուշկապարիկում» հայ մանրանկարչության, ասեղնագործության (Այնթապի, Մարաշի, քուղակար, ժանյակ) դասընթացներ են կազմակերպվում: Աշակերտների հաջողված աշխատանքները հետագայում կներկայացվեն խանութ-ցուցասրահում:  

Իմ հիմնական գործընկերներն են honey.am-ը, որը գործունեություն է իրականացնում Տավուշի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում, «Մեգերյան կարպետը», «Տերյան» մշակութային կենտրոնը, «Շող» արտադրամասը… Սերտորեն համագործակցում ենք մեր բոլոր վարպետների հետ, այդ թվում՝ վիրահայ, ուկրաինահայ: Ի դեպ, մեր այցելուներին ներկայացնում ենք նաեւ վարպետների կենսագրությունը, քանի որ շատ հաճախ նաեւ նրանց անձն է հետաքրքրություն հարուցում: 

Մայրաքաղաքում, համայնքներում կան արվեստագետներ, ովքեր հրաշալի գործեր են ստեղծում, սակայն նրանց պետք է փնտրել ու գտնել, ոգեւորել, ներկայացնել: Իմ նորաբաց խանութ-ցուցասրահը նաեւ այդ խնդիրն է իր առջեւ դրել: Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ես էի պատկերացնում, սակայն պետք է առաջ գնալ: Դժվարություններից երբեք չեմ տրտնջում: