Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի և բանաստեղծի անձնական արխիվից
Տեղադրվել է 10-10-2016
Հովհաննես Գրիգորյան. սկսենք նոր տողից
Երջանկահիշատակ հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը կյանքից հեռացավ երեք տարի առաջ՝ թողնելով գրական մեծ ժառանգություն: «Eritasard.am»-ն անդրադարձել է գյումրեցի անվանի բանաստեղծի գրական գործունեությանն ու ստեղծագործությունների գեղարվեստական առանձնահատկություններին:

Հովհաննես Գրիգորյան բանաստեղծն իր կենդանության օրոք տպագրել է բանաստեղծական մի շարք ժողովածուներ, ինչպես նաեւ թարգմանել է տասնյակ գեղարվեստական ստեղծագործություններ: Գրիգորյանի բանաստեղծությունները էլ թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009) եւ այլն: Նա արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների: 1998 թ.-ին պարգեւատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, 2002 թ.-ին նրան շնորհվել է «Վահագն» մրցանակի դափնեկրի կոչում: 

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները պարբերաբար ընթերցող Ազնիվ Մանուկյանն այն կարծիքին է, որ բանաստեղծն իր ուրույն տեղն է գտել գրականության աստիճանավորման սանդղակի բարձր հարթակում. «Հովհաննես Գրիգորյանի գրականությունը կապված է արտաքին աշխարհին՝ այնտեղից փոխ առնելով իրենց մոդելները եւ դրանք վերափոխելով իդեալական կարգավիճակի: Բանաստեղծական պատկերը, որը զուտ վերզգայական առավելագույն բովանդակություն է արտահայտում, դա անելիս օգտվում է արտաքին աշխարհի պատկերացումներից, որոնք, իհարկե, այնքան են վերափոխվում արտահայտման ակտի մեջ, որ նրանց սկզբնական բնույթը դառնում է անճանաչելի, այնպես, ինչպես անճանաչելի քարը, որի հղկումը ադամանդի է վերածվում»:

Անվանի գրողի մասին խոսելիս ընթերցասեր Սուրեն Աբրահամյանը մի առիթով նշել է, որ Գրիգորյանի պոեզիայում աշխարհը, կյանքն ունի քնարական, դրամատիկ, ողբերգական երանգներ, որոնք այնքան միասնական են ու անանջատելի: Ուստի «անժամանակ» մեր ժամանակում (ինչպես բանաստեղծն է ասում, «կես ժամանակում») նրա պոեզիայի արժեքը ճանաչողական բացառիկ նշանակություն ունի, ներքին էներգիա, ինչպիսին մեր ապրած դարը եւ վայրկյանը՝ «դանդաղ ժամերը», դարը՝ հայտնված «երկու ջրհեղեղի արանքում»...



Եվ իսկապես Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ունի իր ճանապարհը, ներքին վիթխարի էներգիան, բացահայտվելու լիցք եւ նոր շերտեր, ըստ այդմ՝ նրա ներկայությունը նշանակալի է արդի հայ պոեզիայում:

«Հայ գիրք», «Զանգակ» եւ «Բուկինիստ» գրախանութներին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ նշվեց, որ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունները, ցավոք, այսօր այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում: Պատճառն ինքնին հասկանալի է, քանի որ գրողի ստեղծագործությունների մեծ մասը հասանելի է նաեւ էլեկտրոնային տարբերակով: Բացի դրանից՝ ԽՍՀՄ տարիներին նրա գրքերը լույս են տեսել սահմանափակ տպաքանակներով, ինչի պատճառով էլ այսօր դրանք հասանելի չեն բուկինիստական գրքերի շարքում:

Հայ բանաստեղծի վերջին գիրքը՝ «Գերեզմանիա» վիպակը, տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից: Այն բավականին ուշագրավ գործ է իր մտահղացմամբ, խիստ կոլորիտային կերպարներով, միջավայրով, որը Հին քաղաքն է՝ իր սովորական կենցաղով ու խիստ սովորական տոնով պատմող արտասովոր դեպքերով, ինտրիգային պատմություններով: Գիրքը խմբագրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նա լավ է ճանաչել Հովհաննես Գրիգորյան բանաստեղծին: Վերջինիս ջանքերով էլ նրա մահից հետո տպագրվել են «Գերեզմանիա» վիպակն ու «Նոր տողից» ժողովածուն:

Ընթերցասեր Կարինե Հարությունյանը մի առիթով գրել է. «Դու երբեք չե՛ս մեռնի, Հովհաննե՛ս Գրիգորյան, քանի դեռ սիրում ենք: 2005 թ.-ին նրա 60-ամյակի կապակցությամբ ՀԳՄ-ում տոնական երեկո էր կազմակերպվել: Առաջին անգամ պետք է տեսնեի Հովհաննես Գրիգորյանին՝ նրան, ում գործերը կարդում էի բոլորից թաքուն, որովհետեւ այդ ժամանակ բժիշկն արգելել էր ինձ կարդալ: Այդ տարիներին միայն Գրիգորյան ու Էլիոթ էի կարդում (միակ գրքերը, որոնք պահել էի մերոնցից թաքուն) ու մեր` երեքիս մեջ ստեղծված կապը մի տեսակ ուրիշ էր: Կարդում էի, երբ մայրս քնում էր, վերմակիս տակ մտած` լապտերով: Ու այն, ինչ զգում էի այդ տարիքում, միայն իրենց հետ էի կիսում: Ու եթե Էլիոթ կարդալիս մի տեսակ ինձ ավելի մեծ զգացի, ապա Գրիգորյանը ստիպեց սիրահարվել` ամենաիսկական սիրով»:

Բանաստեղծի ստեղծագործություններն աչքի են ընկնում հումորի, այլաբանությունների եւ անիրականի նրբերանգներով, իրադարձությունների յուրօրինակ մեկնաբանմամբ: Հովհաննես Գրիգորյանը պատկանում է յոթանասունականների բանաստեղծական սերնդին, ով խզեց կապը ձեւավորված հանգավոր բանաստեղծության ավանդույթի հետ՝ արժանանալով բուռն քննադատության։ Ակնհայտ է նաեւ, որ գրողի բանաստեղծությունների մեջ հրապարակախոսական շերտ կա։ Այդ հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ այն իր ժամանակի շունչն է. «Իմ ժամանակի նշաններն են։ Դրանցով դու կարող ես որոշել, թե որ ժամանակաշրջանին է պատկանում ստեղծագործությունը»։



Անվանի բանաստեղծը թեեւ այսօր մեզ հետ չէ, բայց երիտասարդներին իր ստեղծագործություններով հնարավորություն է տվել ամեն ինչ սկսել նոր տողից…

«Նոր տողից»
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արեւը վաղուց արդեն դուրս էր եկել
եւ անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում եւ մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, եւ երբեմն
վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
եւ թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…