Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-10-2016
Եկել է հայկական ֆուտբոլում իրավիճակը փոխելու պահը
Անկախ ռումինացիների հետ խաղի արդյունքից՝ պարզ է, որ հայկական ֆուտբոլի մասին պետք է հոգ տանել, այլապես ամեն ինչ կարող է չսկսված ավարտվել:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ.-ի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խաղալու է Ռումինիայի ազգային հավաքականի հետ: Սա Հայաստանի ազգային թիմի 2-րդ հանդիպումն է ընտրական փուլի շրջանակում: Դեռ սեպտեմբերին մեկնարկած որակավորման փուլի առաջին տուրում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Դանիայում պարտվել է 0-1 հաշվով:

Երեւանի ժամանակով 20:00-ին Հայաստանի ընտրանին առանց թիմի ավագ եւ ընդգծված առաջատար Հենրիխ Մխիթարյանի կփորձի երկրպագուներին հուսախաբ չանել եւ ցանկալի արդյունքի՝ հաղթանակի հասնել, քանի որ ընդամենը 72 ժամ՝ 3 օր անց՝ հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վարշավայում մրցելու է Լեհաստանի ուժեղ հավաքականի հետ: Ակնհայտ է, որ Լեհաստանը խմբի իրական ֆավորիտն է, եւ այդ խաղում դժվար է հաղթանակ ակնկալել մի թիմից, որը խաղային ձեռագիր այս պահին չունի եւ նոր-նոր կազմավորման փուլ է մտել:

Հայ ֆուտբոլասերները, որոնք վերջին շրջանում միայն դժգույն եւ ապարդյուն խաղ են դիտել Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ, համակ ուշադրությամբ հետեւելու են Ռումինիայի հետ խաղին. սեփական հարկի տակ հաղթանակ ակնկալելն առավել իրատեսական է թվում, սակայն ամեն ինչ աղոտ է եւ մշուշով պատված: Իրոք, դժվար է հասկանալ, թե ի վերջո ինչ արժե ակնկալել Հայաստան-Ռումինիա խաղից, քանի որ զուտ որակական առումով «ԵՎՐՈ-2016»-ին մասնակցած մրցակիցը ուժեղ է:

Վարուժան Սուքիասյանի թիմը դեռ պետք է սովորի խաղալ առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հաշվի առնելով նրա հնարավոր վնասվածքները: Ընտրական մրցաշարի առաջին խաղում էլ՝ Դանիայի հետ թիմը գործեց առանց Մխիթարյանի, սակայն չհաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Հասկանալի է, որ Ռումինիան Դանիա չէ, իսկ խաղն էլ տեղի է ունենում Հայաստանում, այնպես որ սա լիովին փոխում է իրավիճակը եւ նոր խաղային ձեռագիր է պահանջում Վարուժան Սուքիասյանից:

Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, որ հրավիրված ֆուտբոլիստներից ինքը նվիրում եւ անձնազոհություն է ակնկալում այսօրվա խաղում, բայց եւ պետք է ճիշտ գնահատել ստեղծված բարդ իրավիճակը. ազգային թիմի կարողություններն ամենեւին էլ անսահմանափակ չեն: Հայաստանի հավաքականում այս պահին չկան անգամ եվրոպական միջին առաջնությունների մակարդակի ֆուտբոլիստներ, ովքեր մշտական խաղային պրակտիկա ունեն իրենց թիմերում:

Հայաստանի ընտրանին ներկայում կազմված է հիմնականում Հայաստանում, հարեւան Իրանում հանդես եկող ֆուտբոլիստներից, որոնք որակական առումով թեեւ զիջում են նախկին սերնդին, բայց նվիրվածության միջոցով գուցե եւ կարողանան ինչ-որ միջին արդյունքի հասնել: Հավաքական չեն հրավիրվել Արթուր Սարկիսովը, Գեւորգ Ղազարյանը, Ռուսլան Կորյանը, բացակայելու է Արթուր Եդիգարյանը: Այնպես որ խնդիրներն իսկապես շատ են, իսկ այդ խնդիրները պետք է լուծի գլխավոր մարզիչը, այլ ոչ թե հայ ֆուտբոլասերը, որը մշտապես աչքի է ընկնում իր խստապահանջությամբ: 

Կարելի է Ռումինիայի հետ անգամ ոչ-ոքի խաղալ, քանի որ այսպիսի պարագայում այն նույնպես դրական արդյունք է համարվելու: Գուցե երկրպագուները չեն ցանկանա այն դրական ընդունել, բայց չարյաց փոքրագույնը կլինի:

Հ.Գ.: Ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ Հայաստանի թիմն իրականում խմբի իրական հետնապահն է Ղազախստանի հետ, բայց ղազախներն արդեն մեկ միավոր ունեն, այն էլ կարողացել են 2-2 խաղալ լեհերի հետ, որոնց զիջում էին 2 գոլի տարբերությամբ: Մնում է հույսով լցվել, որ ուժեղ հավաքականների հետ խաղերում զուտ նվիրվածության հաշվին հնարավոր կլինի միավորներ վաստակել, ինչից հետո արդեն մտածել իրավիճակը փոխելու մասին: Իսկ գո՞ւցե առավել ճիշտ կլինի փոխել իրավիճակը...