Նյութը՝ Ա. Տուրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 04-10-2016
ԲՈՀ-ի առաջարկած փոփոխությունները միտված են դրական զարգացմանը
Երիտասարդ գիտնականների համար հնարավորություններ են ստեղծվել մուտք գործելու գիտության աշխարհ՝ առանց զարտուղի ճանապարհների:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից վերջին երկու տարիներին գիտական աստիճանաշնորհման համակարգում կատարվել մի շարք փոփոխություններ, որոնք զգալիորեն դժվարացրել են ատենախոսությունների պաշտպանությունը: Ընդամենը հաշված ամիսներ առաջ գիտությունների թեկնածուի աստիճանի համար միջազգային որեւէ գիտական հանդեսում անպայման տպագրված լինելը պարտադիր պայման չէր, իսկ եթե անգամ գիտական մեկ-երկու հոդված ունենալը արտերկրում նախընտրելի էր, ապա կարեւոր հստակեցում չկար, թե ինչպիսի գիտական հանդես կամ պարբերական պետք է լիներ այն:

«Գիտությունների թեկնածուի աստիճան հայցելու համար նախկինում պահանջվող երեք գիտական հոդվածներ պետք է տպագրված լինեին միջազգային որեւէ ամսագրում կամ ԲՈՀ-ի կողմից ընդունելի համարվող պարբերականներում: Այժմ միջազգային բառը հստակեցվել է: Այն նշանակում է աշխարհի ամենից ընդգրկուն գիտական շտեմարաններում՝ Web of Science եւ Scopus համակարգերում ընդգրկված գիտական պարբերականներ»,- ասաց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ սա արված է, որպեսզի Հայաստանի գիտությունը եւս համաքայլ շարժվի աշխարհի գիտության հետ:

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ Հայաստանի գիտությունը չի կարող կղզիանալ. «Մի տեսակ ավանդական է դարձել, որ Հայաստանում ֆիզիկամաթեմատիկական եւ բնագիտական ճյուղի մյուս գիտությունները ավելի լավ են զարգացած: Հումանիտար եւ հասարակագիտական ուղղությունների պարագայում մեր փոփոխությունների արդյունքում առաջացել են որոշ դժվարություններ: Այդ արգելքը հաղթահարելու ակնկալիքով էլ ՀՀ Կառավարությունը գիտական աստիճանի կանոնակարգում նախատեսեց կարեւոր բացառություն: Այն ասպիրանտները, երիտասարդ գիտնականները, ովքեր չեն կարողանում տպագրել իրենց աշխատությունները միջազգային հեղինակություններ վայելող ամսագրերում, թույլատրվեց վեց հոդվածով գնալ պաշտպանության, որոնք կարող են տպագրված լինել Հայաստանի ԲՈՀ-ի ցուցակում եղած գիտական ամսագրերում»:

Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ նշյալ փոփոխությունների արդյունքում ոչինչ չի փոխվել ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, կենսաբանների համար, որովհետեւ այսպես թե այնպես նրանք միշտ էլ հրատարակվում էին որոշակի հեղինակություն եւ ազդեցության գործակիցներ ունեցող արտասահմանյան ամսագրերում, սակայն այլ պատկեր է մեր հումանիտար եւ սոցիալական գիտությունների պարագայում:

Ասել է թե թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում՝ առանց համահեղինակության` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus խոշորագույն գիտական շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում եւ մեկ հոդված առանց համահեղինակության:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի խոսքով՝ ԲՈՀ-ի վերոնշյալ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան, սակայն խնդիրներ կստեղծեն առավել հասուն գիտնականների համար, որոնց համար օտար լեզվի իմացությունը լրացուցիչ դժվարություն է, բացի դրանից՝ միջազգային պարբերականներում տպագրվելը բավականին երկար գործընթաց է. «ԲՈՀ-ից գոհ եմ ոչ միայն ես: Դժվարացել է նախ ատենախոսությունների պաշտպանությունը, որի առաջին նպատակը գրագողությունների բացառումն է: Միանշանակ սա շատ դրական միտում է»:

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ փոփոխության է ենթարկվել նաեւ դոկտորի աստիճանաշնորհման կարգը. «Նշեմ, որ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը պետք է ընդգրկված լինեն Web of Science կամ Scopus շտեմարաններում առկա գիտական հրատարակություններից որեւէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների պարագայում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում»:

Խոսելով Web of Science եւ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական ամսագրերի մասին՝ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ դրանց միասնական թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 30000-ի, ինչը ընտրության մեծ հնարավորություն է տալիս. «Նշյալ քանակից շուրջ 400-ը հրատարակվում են մեր գիտնականների համար հարազատ միջավայր համարվող Ռուսաստանում: Հայկական ամսագրերից 4-ն են ընդգրկված այդ շտեմարաններում եւ վերաբերում են բնագիտությանը: Իսկ համեմատության համար ասեմ, որ այդ շտեմարաններում ընդգրկված են 3 վրացական եւ 2 ադրբեջանական ամսագրեր: Այսինքն՝ այս առումով Հայաստանը մեկ քայլ առաջ է»:

Հ.Գ.: ԲՈՀ-ը գործակալություն է, որ գործում է ԿԳ նախարարության կազմում: Այն մշակում է գիտական աստիճանավորման քաղաքականությունը, որը հաստատվում է ՀՀ Կառավարության կողմից: Ըստ այդմ՝ սահմանվում են գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանների շնորհման չափանիշները: ԲՈՀ-ը շնորհում է նաեւ դոցենտի եւ պրոֆեսորի գիտական կոչումներ: