Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 03-10-2016
Վահան Արծրունի. «Սեր չունեցող մարդը չի կարող երջանիկ լինել…»
Երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ սուրճի սեղանի շուրջ երկար զրուցեցինք:

Ընտանեկան մթնոլորտը, կնոջ հյուրասիրությունը, երեխաների չարաճճիությունները զրույցի ընթացքում հարց ու պատասխանը ողողում էին անկեղծության լույսով: Զրույցը հետաքրքիր էր լինելու… Չէ՞ որ կետ առ կետ, աստիճան առ աստիճան հասնելու ենք  արվեստագետի երիտասարդ տարիներին` բացահայտելով նրա հաջողության գաղտնիքները, վերելքներն ու վայրէջքները: 
Վահան Արծրունին ինքն իրեն բնութագրում է` մեկ հայացք նետելով անցած ճանապարհին…

- Յուրաքանչյուր արվեստագետ, անցնելով որոշակի ճանապարհ, առաջին հերթին ճշտում է իր անհատականության սահմանները, որովհետեւ արվեստի դաշտն անծայրածիր է: Ինքնաճանաչողական բնույթն արվեստի մեջ շատ կարեւոր է: Հաջողություն կարող է լինել եւ կարող է չլինել: Շատ դեպքեր են լինում, որ արվեստագետի, ստեղծագործողի մասին իմանում են այն ժամանակ, երբ նա արդեն հեռացել է կյանքից: Դա չէ կարեւորը եւ չափանիշ չէ արվեստի մեջ: Գլխավորն այն գեղագիտական նիշն է, որին յուրաքանչյուր արվեստագետ ձգտում է իր կյանքի ընթացքում:

Բժշկի ընտանիքում ծնված, մեծացած Վահան Արծրունին պետք է գնար բժշկության ճանապարհով: Այլ մասնագիտական կողմնորոշումները չէին էլ քննարկվում: Բժշկի ուղին կարծես նախանշված էր նրա համար: Նրա մեջ երաժշտությունը լուռ համբերում էր՝ ավելի հասուն տարիքում ավելի հասուն կերպով դրսեւորվելու համար: Միգուցե 90-ականներին Բժշկական համալսարանը գերազանցությամբ ավարտած բժշկի կարիքը մեր սահմանները պահող զինվորներն ավելի շատ ունեին…

- Բժշկությունը մարմնի մասին է, երաժշտությունը` հոգու ոլորտների: Բժշկական ինստիտուտում եւ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներն այդ երկու բեւեռների շոշափումն էր կատարվում: Իմ կյանքում բժշկի մասնագիտությամբ զբաղվելու փուլը շատ եմ կարեւորում: 9-ը տարի ուսանել եմ բժշկություն եւ երկու տարի որպես բժիշկ ծառայել եմ բանակում: Այդ տարիներն իրենց արդյունքն են  տվել: Գնացել եմ այդ ճանապարհով, որովհետեւ ծնվել եմ Բժշկական ինստիտուտի հիմնադրի ընտանիքում: Փոխել եմ այդ ուղին, որովհետեւ ինչ-որ պահի գիտակցել եմ այն ներքին մղումը, որն ինձ տանում է դեպի երաժշտություն:

Ինչ հարաբերություն կարող են ունենալ բժշկությունն ու երաժշտությունը մեկ մարդու մեջ. լինելով այդքան տարբեր, սակայն նույնքան անհրաժեշտ են մարմնի եւ հոգու բուժման համար: Դա օգնում, թե խանգարում է երաժշտությանը...

- Բժշկությունն օգնում է կյանքում ճիշտ պահին, ճիշտ տեղում կողմնորոշվելու համար: Դժվարին իրավիճակներում խուճապի չես մատնվում: Ես վատ չեմ սովորել Բժշկական ինստիտուտում: Այդ գիտելիքներն առօրյայում շատ են օգնում, մանավանդ որ բալիկներ ունեմ: Բանակից հետո՝ 1997 թ.-ից  սկսած, զբաղվում եմ բացառապես երաժշտությամբ, ստեղծագործելով եւ չեմ էլ ափսոսում: Չեմ կարծում, որ այդ կտրուկ փոփոխությունն իմ կյանքում նոր բովանդակային իմացություններ չի բերել: Ամեն ինչ շատ օրգանական է ստացվել: Անցումը բժշկությունից երաժշտություն շատ հանդարտ է կատարվել: Բժշկականի օրդինատուրան եւ Կոնսերվատորիան միաժամանակ եմ ընդունվել: Երբ ավարտեցի Բժշկական ինստիտուտը, Կոնսերվատորիայում արդեն 3-րդ կուրսում էի սովորում:



Երաժշտական տարբեր ոճերի մեջ է ստեղծագործում, իսկ  ոճային  ընկալումները տարբեր են լսարանի եւ ստեղծագործողի համար:

- Երաժշտությունն ամենահեշտն ընկալելու համար բաժանում են ոճերի, ուղղությունների: Դա արված է նրա համար, որպեսզի հանդիսատեսն ավելի հեշտ կողմնորոշվի, գտնի իր նախասիրություններին հարիր ստեղծագործություն: Ստեղծագործողի համար մի քիչ այլ է, որովհետեւ ժանրային տարատեսակները ծնում է հենց ստեղծագործողը: Ներսում ստեղծագործողի դիտանկյունը շատ տարբեր է. մենք ընկալում ենք երաժշտության ընդհանուր դաշտը՝ որպես հսկայական ռեսուրս: Երբ ներսից ենք ընկալում այս ամենը, էլ ժանրերի չենք բաժանում: Եթե նախընտրում ենք դուդուկը, օգտագործում եմ դուդուկի տեմբրը, հաջորդ տակտում լսում եմ հոբոյ, գալարափող կամ էլեկտրաջութակ, երաժշտության տեմբրը փոխվում է: Սակայն ժանրերի գոյությունը մենք չենք կարող անտեսել, որովհետեւ հանդիսատեսն այլ կերպ չի կարող կողմնորոշվել դաշտում:

Ստեղծագործելիս ինքը չի գտնում երաժշտությանը, այլ որոշակի պահերի, հոգեվիճակի մեջ երաժշտությունն է գտնում ստեղծագործողին:

- Ես չեմ գտնում երաժշտությանը, այլ երաժշտությունն է գտնում ինձ: Ոչ մի արվեստագետ չի կարող նկարագրել ստեղծագործելու պահը, ընթացքն ինչպես է կատարվում: Եթե նկարագրում է, ուրեմն ինչ-որ չափով ստում է:  Ստեղծագործությունները որոշակի պահերի, հոգեվիճակի հետեւանք են: Նույնիսկ հռոմեացիները համոզված էին, որ  ստեղծագործելու այդ շնորհը տրվում է որոշակի իրավիճակում, իսկ այդ իրավիճակն անվանում էին «Iners otium», որեւէ այլ դեպքում մուսաները չէին կարող հայտնվել:

Կյանքի ընթացքում չիրականացված նպատակներ, ցանկություններ, մտահղացումներ չի ունեցել: Նպատակներին ձգտել, հասել է տեղին եւ ժամանակին, ինչն էլ համարում է իր ամենամեծ ձեռքբերումը:

- Չիրականացված մտահղացումներ կամ նախագծեր չունեմ: Իմ ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում ինչ նպատակ, որ դրել եմ, հասել եմ` համերգային ծրագիր, ալբոմ, երաժշտություն կինոյի կամ թատրոնի համար: Չիրականացված, դարակի մեջ պահված ստեղծագործություն, մտահղացում չունեմ, որն էլ համարում եմ կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումը: Միշտ հնար գտել եմ՝ այն ամենը հանդիսատեսին հասցնելու, ինչն ինձ հետաքրքրել է այդ պահին: Վերջերս զբաղված եմ հիմնականում կինոների եւ թատրոնների համար սաունդթրեքներ գրելով: Այս կողմից էլ հաշվի առնելով մարդկանց գնահատականները՝ դժգոհելու տեղ չունեմ:

50 տարեկան Վահան Արծրունին 20-ամյա Վահան Արծրունուն խորհուրդ կտար չկորցնել ժամանակը: 

- Մենք շատ հաճախ մեր ժամանակը տրամադրում ենք մի շարք իրադարձությունների, որոնք պարզապես ժամանակ են խլում: Պետք է ուժ գտնել այդպիսի դեպքերին նույնիսկ մտովի չանդրադառնալու համար: 30 տարի է՝ երաժշտության մեջ եմ, առնվազն 20 տարին ես ծախսել եմ անհասկանալի, հետեւանք չունեցող բաների վրա` լինեն դրանք մարդկային հարաբերություններ, քաղաքացիական, հանրային, սոցիալ-տնտեսական ոլորտներում լինեն, թե արվեստի դաշտում: Հսկայական քանակի մարդկանց հետ չէի առնչվի, շատ իրադարձությունների մասնակից չէի լինի եւ այդ թանկ ժամանակը չէի ծախսի:

Երջանիկ է, քանի որ կարող է զբաղվել երաժշտությամբ, ստեղծագործելով:

- Յուրաքանչյուր մարդ, ով հնարավորություն ունի զբաղվելու ստեղծագործությամբ, պարտավոր է իրեն երջանիկ համարել, հակառակ դեպքում դա կլիներ տիեզերական մասշտաբի անշնորհակալություն:

Իսկ դեպի երջանկություն տանող դուռը բացում է սիրո բանալին: Առանց սիրո իմաստազրկվում է գրեթե ամեն ինչ…

- Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր սիրո ապրումներ չեն ունեցել իրենց կյանքում: Նրանք դժբախտ մարդիկ են: Սերն այն բանալիներից մեկն է, որ բացում է դեպի երջանկություն, խաղաղություն, ներքին ներդաշնակություն տանող դուռը: Սեր չունեցող մարդը չի կարող երջանիկ լինել…