Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-09-2016
Անուշ Մարգարյան. «Երկար ճանապարհ եմ անցել հերոսներիս հետ, 1 տարի խռովել ու հաշտվել ենք»
Անուշը հեքիաթներ սկսել է գրել վաղ տարիքից: Հեքիաթային Անուշը ոգեշնչվում է նույնիսկ ամենաաննշան երեւույթներից ու առարկաներից:

«Գիտե՞ք, անգամ մթերքն եմ շնչավորում: Ա՛յ, վերջերս մի Փշաբեղիկ թխվածքաբլիթ եմ հորինել, որ երկար ժամանակ ապրում էր սառնարանում եւ հազար ու մի ախորժակից փրկվելու համար փշե բեղիկներ էր աճեցնում»,- մեզ հետ զրույցում նշեց Անուշը:

Նա վստահ է, որ լրագրողի մասնագիտությունը ոչ մի օգտակար վիտամին հեքիաթներին չի տալիս, փոխարենն օգնում է աշխատանքային ոլորտում լրագրողական նյութեր պատրաստելիս եւ մի շարք կոմերցիոն, դիմանկարային, հարսանեկան ֆիլմերի սցենարներ գրելիս:

Դե՛ ինչ, պատմում է ինքը՝ Անուշ Մարգարյանը:

- Երբ ձեռքս վերցրի գրիչը, նոր-նոր գրաճանաչ դարձած դեղնակտուց էի: Մեծի ձեռագրով բանաստեղծություններ էի գրում կոտրված սիրո, մայրամուտի, բնության մասին: Ես նրանց պճնազարդում էի իրենց քաշից ծանր որոշիչներով, դարձնում տոնածառ, որոնք բոլորին դուր էին գալիս, եւ չգիտես ոնց՝ հայտնվում դպրոցիս պատերին, իսկ հետո` «Խատուտիկ» թերթում:



Իսկ ահա երբ գրեցի իմ առաջին հեքիաթը, հասկացա, որ գրողի գործը, առավել եւս հեքիաթագրի, առաջին հերթին պճնազարդ որոշիչներից մաքրվելն է, եւ բոլոր ժանրերից առավել իմը հեքիաթն է, որովհետեւ հեքիաթ գրելու համար պետք է ներսից փոքր լինես, որ գոնե ստեղծագործական երեւակայությամբ հավասարվես երեխայի մտքի կատարելությանը, նրան բնորոշ վարպետությամբ երեւակայես եւ բովանդակության ձեւվածքը տաս հենց իր միամիտ լեզվով: Առաջին հեքիաթս գրվել է 2011 թ.-ին եւ տպագրվել «Արեւներ» ամսագրում:

Իմ հեքիաթում չկան շինծու տարրեր, որովհետեւ մանուկներն այն զգում են: Նույնիսկ բառաստեղծման ժամանակ նրա պիտանելիությունը ստուգում եմ փոքրիկների հետ: Ի դեպ, ունեմ իմ անձնական օգտագործման փորձաճագարիկը:

Հեքիաթիս հերոսներն ունեն մի լավ սովորություն` տխրությունը գլխիվայր շուռ տալ: Մի օր Կոճակն ու Օճառը այնքան տխրեցին, անընդմեջ սկսեցին գլուխկոնծի տալ: Կոճակը դարձավ անուշաբույր Կոճառ, իսկ Օճառը` 2 մեծ փչակներով Օճակ, ում աչքերը լվացվելիս այլեւս չէին մրմռում: Իսկ երբ ժամացույցը տխրեց, ես նրան անմիջապես շրջեցի, եւ մարդիկ մեծանալու փոխարեն սկսեցին փոքրանալ:

Երբ ավարտեցի պիեսս, հասկացա, որ հեքիաթների մի փունջ է ստացվել: Երկար ճանապարհ եմ անցել հերոսներիս հետ, 1 տարի խռովել ու հաշտվել ենք: Քաղցրավենիքն անձրեւող Ամպենիկի հետ թափառել է նարնջե մոլորակում, ընկերացել կամակոր թզուկի հետ, արեւի մարգեր խնամել ու կոտրել չար հերոսի վատ կողմերը՝ սիրով ու բարությամբ:



Հիմա նպատակ ունեմ բեմադրիչի հետ այն վերամշակել եւ կյանքի կոչել, իսկ վերջերս էլ ընկերներիս խորհրդով մտածում եմ առանձին գրքով այն հրատարակել: Դրանից բացի՝ կազմել եմ հեքիաթաթերապիայի ուսումնական նախագիծ՝ կիրառելով այնպիսի մեթոդական հնարներ, որ խաղերի, գլուխկոտրուկ վարժությունների միջոցով զարգացնենք նրանց երեւակայական մտածողությունը, վերացնենք վախերը, կամակորությունները, գիշերամիզությունը: Իսկ հետո ծանոթանալով երեխայի բնավորության գծերին ու նախասիրություններին՝ կազմվում է նրա մասին հեքիաթ: Պատկերավոր տպավորություն թողնելու համար էլ գիրքը տպագրվում է նրա լուսանկարների հեքիաթային պատկերազարդմամբ: Բացի դրանից՝ աշխատում եմ նաեւ մի կոմերցիոն մուլտնախագծի սցենարի ուղղությամբ, որը գրվում է դրսի շուկայի համար եւ հաջողության դեպքում շարունակական բնույթ կկրի:

Ամեն անգամ հեքիաթ գրելիս դժվարանում եմ չար կերպարին շնչավորել, որովհետեւ հերոսներիս իմ միջով եմ անցկացնում: Եվ ստիպված մի քանի օր փուչ ընկույզի մեջ եմ ապրում, որ կարողանամ գտնել այն ծույլ ու անբան չարագործին, որ թաքնվում է: Իսկ փուչ ընկույզում ապրելը նման է առանց գնդակ ֆուտբոլի խաղին, երբ չկա գնդակը, բայց դու շոշափուկներով զգում ես: Սա երեւակայական ճամփորդություն է, որի ժամանակ վերջերս հորինեցի իմ հեքիաթների ամենաչար հերոսին` Գորտնուկ-Որդնուկին, ով եսասեր է եւ քթից այն կողմ ոչինչ չի տեսնում քթի մեծ գորտնուկի պատճառով: Դրանից զատ՝ շատ խորամանկ է, բոլորին հիմարեցնում եւ գլխին որդ է գցում:

Բնավորության գծերից հերոսներիս տալիս եմ ամենալուսավորն ու բարին եւ նաեւ հրաշագործի փայտիկ: Եվ չեմ մոռանում նրանց շնորհել այնպիսի հրաշագործություններ, որ 21-րդ դարի փոքրիկների հետ ժամանակակից քայլերով առաջ գնան:

«Հեքիաթներում ապրելուց հետո դժվարանում եմ վերադառնալ կենցաղի երախ, այնտեղ, ուր մարդկային օտարացումն է, մենությունը եւ դատարկությունը: Լինում են նաեւ ըմբոստացման պահեր, երբ ցանկացել եմ պայթեցնել կենցաղի աշխարհը, իսկ այդ ժամանակ վերցնում եմ ներկերս ու դատարկ տիեզերքում նկարում մի գունավոր մոլորակ: Դա էլ իմ հեքիաթն է…