Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-09-2016
Դանիել Դեքերյանը երեւանյան համերգի եւ Արցախում հանդես գալու ցանկության մասին
Դեքերյանը հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է հանդես գալ համերգով:

Նա պաշտում է հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Հայաստանի մասին խոսում է յուրահատուկ ակնածանքով ու հիացմունքով: Մեր երկրի նկատմամբ տածած սերը կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերին ստիպել է փոխել ազգանունը, ստանալ հայկական անձնագիր, դառնալ հայ` ընտրությամբ ու առանց հայկական արմատների: Երգչի երեւանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: 

- Պարո՛ն Դեքերյան, պատմե՛ք հոկտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք Ձեր համերգի մասին: Ի՞նչ կարող ենք ակնկալել երեկոյից:  

- Հոկտեմբերի 10-ի իմ համերգը հայկական երաժշտության հիասքանչ երեկո է լինելու. մենք տոնելու ենք Երեւանի օրը: Գրեթե ամբողջ ծրագրի ընթացքում հայերեն ստեղծագործություններ կերգեմ: Հույս ունեմ՝ կներկայացնեմ հայրենասիրական երեկո, որը կոգեւորի յուրաքանչյուր հայի:

- Պատմե՛ք ծրագրի մասին. ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու երեկոյի ընթացքում:   

- Երեկոն կներառի հայկական երգերի բազմազան ընտրություն, ներառյալ կներկայացվեն «Էրեբունի-Երեւան», «Ով Հայոց սարեր», «Բարի արագիլ», «Հպա՛րտ գնացեք» եւ «Գյումրվա հին ֆայտոն» ստեղծագործությունները: 

- Կհնչե՞ն ստեղծագործություններ Ձեր «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակից: 

- Այո՛, ես նաեւ կկատարեմ ստեղծագործություններ, որոնք ընդգրկված են «Հայ եմ իմ ընտրությամբ» սկավառակում, օրինակ` «Մարտիկի երգը», «Դլե յաման»-ը, «Հայոց աշխարհ»-ը, «Կիլիկիա»-ն, «Մուշ»-ը: 

- Ովքե՞ր են լինելու համերգի հատուկ հյուրերը: 

- Համերգի հատուկ հյուրերը կլինեն Համլետ Գեւորգյանը, Անդրե Սիմոնյանը, Սիբիլը եւ Եվա Եգանյանը: Ես հավանում եմ նրանց երաժշտությունը եւ համարում եմ, որ նրանք իմ մտերիմ ընկերներն են: 

- Պարո՛ն Դեքերյան, Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ լսեցիք հայկական երաժշտություն եւ ինչպես սիրահարվեցիք Հայաստանին: 

- Հայկական երաժշտության հետ իմ առաջին ծանոթությունը տեղի է ունեցել Արա Գեւորգյանի ստեղծագործության միջոցով: Այն ինձ համար Հայաստանը բացահայտելու դարպաս է եղել: Այն, ինչ սկսվեց որպես հետաքրքրասիրություն, վերածվեց հարգանքի, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի նկատմամբ սիրո: Այնքան բան կա, որ սիրում եմ Հայաստանում: Ինձ հիացնում է այն, որ Հայաստանն առաջին քրիստոնյա ազգն է: Ես պաշտում եմ հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Սակայն ամենաշատը ես սիրում եմ հայ ժողովրդին եւ հայկական ոգին: 

- Ինչպե՞ս եք սկսել համագործակցել Արա Գեւորգյանի հետ: 

- Գեւորգյանի «Մուշ» ստեղծագործությունը լսելուց հետո ես կապ հաստատեցի նրա հետ եւ առաջարկեցի համագործակցել: Դա խորը ընկերության սկիզբն էր, որն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ երգեր ստեղծեցինք, ներառյալ «Մուշ», «Ադանա», «Սիրեք զմիմեանս», «The Wonder Of Your Love», «Remember» եւ «Արաքս» ստեղծագործությունները: 

- Մի առիթով ասել եք, որ գրել եք «Ադանա»-ն ոչ միայն որպես միջազգային հանրության ուշադրությունը սարսափելի ողբերգության (Հայոց ցեղասպանության-հեղ.) վրա սևեռելու միջոց, այլև որպես հայ ժողովրդի ապաքինման աղբյուր: Ի՞նչ եք կարծում` երաժշտությունը կարո՞ղ է բուժել վերքերը:

- Անկասկած: Երաժշտությունն ունկնդրի մոտ արթնացնում է հուզական արձագանք: Ճիշտ բառերի հետ միաձուլված երաժշտությունը կարող է կյանքի վրա դրական ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու, երբ ես գրում եմ երաժշտության բառերը, երկար ժամանակ եմ աշխատում` համոզվելու, որ դրանք կարող են թարմ եւ կենսական ձեւով դիպչել սրտերին: 

- Տեղյակ եմ, որ Դուք աշխատել եք օգնություն ցուցաբերող կազմակերպությունների հետ` ամենաաղքատ տարածաշրջաններին, երեխաներին ու ծերերին աջակցելու նպատակով: Մտադի՞ր եք այդպիսի գործունեություն ծավալել նաեւ այստեղ` Հայաստանում:  

- Այո՛, ես խորապես մտահոգվում եմ հայ ժողովրդի համար եւ ցանկանում եմ շարունակել օգնության ուղիներ գտնել կարիքավորների համար:

- Երբ վերջին անգամ Երեւանում էիք, լրագրողներին տեղեկացրիք, որ Ձեր առաջիկա ծրագրերը կապված են Հայաստանի հետ: Կմանրամասնե՞ք` ինչ ծրագրեր ունեք: 

- Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ես կցանկանայի իրագործել: Ես մտադիր եմ շարունակել Հայաստանին առնչվող երաժշտություն եւ բառեր գրել, կցանկանայի ուսումնասիրել եւ ձայնագրել հայկական շարականներ: Նաեւ Ցեղասպանության թեմային առնչվող սցենար գրելու հույս ունեմ: 

- Դուք նաեւ տեղեկացրիք, որ ցանկանում եք Արցախ այցելել եւ այնտեղ հանդես գալ համերգով: Ե՞րբ սպասենք այդ համերգին: 

- Ես շատ կցանկանայի համերգ ունենալ Ղարաբաղում` աջակցելու այնտեղի հիասքանչ հայերին: Եթե գտնեմ հովանավոր, կցանկանամ համերգը կազմակերպել առաջիկա գարնանը: