Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-09-2016
Հայ գիտնականները փոխանակվում են փորձով
Երեկ Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում մեկնարկեց Համահայկական գիտական համաժողովը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Համաժողովի ընթացքում իրենց փորձով ու գիտելիքներով կփոխանակվեն բազմաթիվ հայազգի մեծանուն գիտնականներ, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից եւ մի շարք այլ երկրներից:

Համաժողովի շրջանակում նախատեսված են բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պոստերային ցուցադրման միջոցով կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: 

Նշենք, որ համաժողովը նպատակ ունի համախմբելու Հայաստանի եւ արտերկրի հայ գիտնականներին եւ նախատեսված կլոր սեղան-քննարկումների, դասախոսությունների եւ այլ միջոցառումների ընթացքում ակնկալվող բանավեճերի, մտքերի փոխանակման արդյունքում գտնել ժամանակակից գիտության, տեխնիկայի եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում առկա մի շարք հանգուցային հարցերի պատասխաններ:

Հավելենք, որ Համահայկական գիտական համաժողովը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Մինչ համաժողովի մեկնարկը մասնակից գիտնականները հանդիպել են ՀՀ նախագահի հետ: