Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-09-2016
Հայաստանում ամենապահանջված արտասահմանյան գրողը Էրիխ Մարիա Ռեմարկն է
«Eritasard.am»-ն օրերս հարցում է անցկացրել երեւանյան շուրջ 200 գրքավաճառների, գրախանութների եւ ընթերցասերների շրջանում: Այն հարցին, թե արտասահմանյան որ գրողի ստեղծագործություններն են ամենապահանջվածը, հարցման մասնակիցների 60%-ը նշել է Էրիխ Մարիա Ռեմարկի անունը:

Նրանք միեւնույն ժամանակ փաստել են, որ Ռեմարկի գրքերը հայերենով գտնելը վերջին տարիներին դարձել է դժվարին: Հիմնական խնդիրն այն է, որ Ռեմարկի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ վաճառվում են միայն բուկինիստական գրախանութներում եւ անցումներում, այն էլ՝ բավականին թանկ գնով:

Գերմանացի հանրահայտ գրող, վիպագիր, դրամատուրգ եւ սցենարիստ Էրիխ Մարիա Ռեմարկն ունի մի շարք ուշագրավ ստեղծագործություններ: ԽՍՀՄ տարիներին նրա ստեղծագործություններից հայերենով թարգմանվել են երեքը՝ «Հաղթական կամար», «Ապրելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը» եւ «Երեք ընկեր»: Վերջին 43 տարիների ընթացքում գերմանացի գրողի եւ ոչ մի ստեղծագործություն հայերենով չի թարգմանվել:



Հայաստանում կան մի շարք հրատարակչություններ, որոնք վերջին տարիներին ակտիվորեն սկսել են թարգմանել արտասահմանյան գրականության ոսկե ֆոնդից մի շարք ստեղծագործություններ: Դրանցից թեեւ ոչ բոլորն են վաճառքի տեսանկյունից հաջողություն արձանագրում, այնուամենայնիվ ի տարբերություն այլ գրքերի՝ ինչ-որ առումով վաճառք ունենում են: Պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ Ռեմարկի ստեղծագործությունները հայերենով չեն թարգմանվում, զրուցեցինք «Անտարես» եւ «Զանգակ» գրախանութների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի ու ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ:

Այո՛, նրանք չժխտեցին այն փաստը, որ Ռեմարկի ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ են վայելում: Պարզվում է՝ գերմանացի գրողի ստեղծագործությունների հրատարակելն այնքան էլ հեշտ չէ՝ կապված իրավական եւ որոշ այլ հարցերի հետ: Բացի դրանից՝ կան հրատարակչություններ էլ, որոնք տպագրում են հիմնականում այն գրքերը, որոնք հայերենով երբեւէ չեն թարգմանվել: Փաստորեն, «Պահանջարկն է ծնում առաջարկ» սկզբունքն այս առումով այնքան էլ չի գործում:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ վաղուց է, ինչ իրենք ցանկանում են թարգմանել եւ հրատարակել Ռեմարկի ստեղծագործությունները, սակայն հիմնական խնդիրն առնչվում է հրատարակման իրավունքը ձեռք բերելուն: Բանն այն է, որ գերմանացի եւ շատ այլ գրողների ստեղծագործությունները հրատարակելու համար պետք է գումար վճարել, հաստատող փաստաթուղթ ստանալ եւ սկսել գործընթացը:



«Ռեմարկի ստեղծագործություններից մեկի թարգմանության իրավունք ստանալու համար ամիսներ առաջ պատասխանատուներին դիմում ենք ներկայացրել: Սպասում ենք պատասխանին: Բացի դրանից՝ պետք է նշեմ, որ այդ իրավունքը ձեռք բերելը բավականին թանկ արժե: Մենք շատ ենք մտորել այս հարցի շուրջ, քանի որ չգիտենք, թե ինչ վաճառք կունենա: Գաղտնիք չէ, որ «Անտարես»-ի գրքերը տպագրվում են որոշակի սկզբունքներով (տպագրական թուղթ, բնագրային թարգմանության բարձր որակ, շապիկի ձեւավորում եւ այլն), որոնք լուրջ ֆինանսներ են պահանջում»,-  ասաց Արքմենիկ Նիկողոսյանն ու հավելեց, որ եթե համագործակցությունը ստացվի, ապա այդ ստեղծագործությունը «Օտար գիր» մատենաշարով մոտ ապագայում կդրվի ընթերցողի սեղանին:

Գրականագետ Նիկողոսյանը խնդիր է տեսնում նաեւ ինտերնետ տիրույթում: Բանն այն է, որ Ռեմարկի ստեղծագործություններից մի քանիսը հասանելի են նաեւ առցանց տարբերակով: Ըստ նրա՝ Հայաստանում շատացել են առցանց եղանակով հրապարակումները, որոնք, բնականաբար, չեն սահմանափակվում օրենքի շրջանակում, ինչն էլ իր հերթին նվազեցնում է գրքերի վաճառքը: Ընդ որում՝ հրատարակչությունն ունի սահմանափակ ռեսուրս՝ թարգմանություններ եւ հրատարակություններ կատարելու առումով. «Այդ ռեսուրսները մենք ծախսում ենք հիմնականում նոր հեղինակներ գտնելու, նրանց ստեղծագործություններն առաջին անգամ հայերենով հրատարակելու համար, ինչը մեր քաղաքականության անքակտելի բաղադրիչն է կազմում»:

Ըստ ընթերցասեր Անի Զաքարյանի՝ եթե ցանկանում ես հասկանալ՝ ինչ է պատերազմը, կյանքը, կարող ես պարզապես կարդալ Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունները, որոնցում նկարագրված է պատերազմը՝ իր ամբողջ իրականությամբ ու սարսափելիությամբ. «Նրա ստեղծագործությունների հիմքում մարդն է՝ իր անհատականությամբ եւ զգացմունքներով, որոնցից պատերազմը վերցրել է ամեն ինչ։ Նրանք չունեն ոչինչ, նրանցից խլել են հույսը, նպատակները, զգացմունքները, այն ամենը, ինչը կյանքում ամենակարեւորն է, սակայն չնայած այդ ամենին՝ նրանք շարունակում են սիրել, ժպտալ, ապրել ու փոքրիկ ուրախությունների մեջ գտնել իմաստ ու առաջ շարժվել»։



«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի հարցով պատասխանատու Արթուր Մեսրոպյանն էլ կարծում է, որ վերջին տարիներին լատինաամերիկյան գրականության հանդեպ Հայաստանում հետաքրքրությունը բավականին աճել է, ինչի վկայությունն են վերջին տարիների ընթացքում հրատարակված մի շարք իսպանա-պորտուգալագիր գրականության հայերեն թարգմանությունները. «Ուրախալի է, որ թարգմանվում է նաեւ պոեզիա (Ներուդա եւ այլն), թեպետ դեռ ոչ տպագիր, այլ առցանց հարթակներում տարածվելով: Ռեմարկի խոշոր ստեղծագործությունները դեռ խորհրդային շրջանում արդեն թարգմանվել են, ու կարծում եմ՝ հետագայում էլ հնարավոր է նրան անընդհատ պահել հրատարակչական ծրագրերի շրջանակում` հեղինակի մյուս գործերին անդրադառնալու նպատակով»:

Հարցի շուրջ զրուցեցինք նաեւ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ, ով նշեց, որ Ռեմարկի ստեղծագործությունները միշտ ներառված են եղել պարտադիր հանձնարարվող գրականության ցանկում, սակայն ուսանողները դժվարությամբ են գտնում նրա գրքերը. «Իսկապես, Ռեմարկի ստեղծագործություններն ուշագրավ են, ասելիք պարունակող, բայց մենք շեշտը դնում ենք հիմնականում այն ստեղծագործությունների վրա, որոնք անհրաժեշտ են առաջնային ընթերցանության համար: Այդ ցանկը բավականին մեծ է, իսկ ուսանողները պետք է հասցնեն կարդալ դրանք: Անկախ ամեն ինչից՝ կարդացողը կարդում է, եւ նշանակություն չունի՝ պարտադիր է այն, թե՝ ոչ»։

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ առաջիկայում տպագրելու են «Ուսանողի գրադարան» մատենաշարը, որի առաջին տարբերակը հրատարակչությունը տպագրել է դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Հրատարակչական խորհուրդն ուսումնասիրել է շուկան, ինչպես նաեւ հաշվի առել ուսանողների գնողունակությունը. «Այս հարցը համալսարանում մշտապես քննարկվել է: Բացի դրանից՝ փորձը ցույց է տվել, որ ուսանողները գրքերի համար 1000-1500 դրամից ավելի չեն վճարում: Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ մենք դիմելու ենք բարերարների, որպեսզի ծրագիրը հնարավորինս շուտ կյանքի կոչենք: Բնականաբար, այդ մատենաշարում իր ուրույն տեղը կունենա նաեւ Էրիխ Մարիա Ռեմարկը»:



Այսպիսով՝ հույս ունենք, որ ընթերցասեր հասարակության գրական պահանջները ժամանակին կհասնեն հրատարակիչներին՝ նրանց ստիպելով առաջանցիկ տեմպերով թարգմանել գերմանացի հայտնի գրողի հատկապես այն ստեղծագործությունները, որոնք երկար ժամանակ գրքասերների ուշադրության առանցքում են: